Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց ենք անելու, որ սրա արդյունքում ստանանք հատիկաընդեղեն, եւ ոչ թե քրեական գործեր։ Եթե ոչ մի բան չանենք, մեկա՝ էլի ոչ մի բան չի լինի, նույնիսկ՝ քրեական գործ»․ Փաշինյան

Մարտ 14,2024 13:53

Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց բուսաբուծության աջակցության ծրագիրը, ըստ որի՝ առաջարկվում է այս տարի փոխհատուցել մինչեւ 100 հեկտար մակերեսով հողատարածքում հացահատիկային՝ գարնանացան ցորեն, գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկաընդեղային՝ ոլոռ, լոբի, սիսեռ, բազմամյա խոտաբույսեր՝ առվույտ, կորնգան մշակելու համար՝ 1 հեկտարի հաշվարկով սերմի արժեքի եւ հիմնական աշխատանքների ծախսերի 50%-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց՝ եթե 1 հեկտար ցորեն է, սուբսիդավորվում է 70 հազար դրամով, եգիպտացորենի դեպքում՝ 85 հազար դրամով, հատիկաընդեղենի դեպքում՝ 100 հազար դրամով, եթե բազմամյա կերաբույսեր են ՝ 110 հազար դրամով։

«Հիմա հաջորդ հարցը՝ ո՞նց ենք անելու, որ սրա արդյունքում ստանանք հատիկաընդեղեն, եւ ոչ թե քրեական գործեր»,-կեսկատակ հարցրեց Փաշինյանը։

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը մանրամասնեց գործընթացը՝ հայտատուն պետք է դիմի համայնքի ղեկավարին, նշի, թե ինչ է ուզում մշակել, ներկայացնի փաստաթղթեր հողի սեփականության մասին, ապա կկնքվի պայմանագիր համայնքի հետ, պարտադիր պայման է, որ ցանքսը արվի հավաստագրված սերմերով։

«Անկեղծ ասած, հիմա մտածում եմ, որ ակնհայտ է, որ քրեական գործեր ստանալու ենք։ Բայց հույս ունեմ, որ լոբի էլ կստանանք, մենակ քրեական գործեր չենք ստանա»,-ասաց Փաշինյանը։

Նա զարմանքով հարցրեց՝ Հայաստանում հավաստագրված սերմեր կա՞ն։

Ի պատասխան՝ Պապոյանն ասաց՝ այո, իհարկե, բոլոր նշված մշակաբույսերի հավաստագրված սերմերը կան եւ կան կազմակերպություններ, որոնք իրավունք ունեն հավաստագրված սերմեր վաճառել։

Փաշինյանն ասաց՝ ի հեճուկս մտահոգությունների, սա պատճառ չէ, որ այս որոշումը չկայացնենք․ «Որովհետեւ եթե ոչ մի բան չանենք, մեկա՝ էլի ոչ մի բան չի լինի, նույնիսկ՝ քրեական գործ։ Դրա համար արժե անել։ Պիտի աշխատենք, պարոնայք, մարզպետներ, տեղերում պիտի նայեք, թե ոնց անենք, որ չարաշահումների տեղը դարձնենք մինիմալ»։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ հավելեց, նախորդ անգամ աշնանացանի սուբսիդավորման ծրագրով Արարատի ու Արմավիրի մարզերը չեն ընդգրկել, քանի որ որոշել են, որ չարժե խրախուսել, որպեսզի Արարատյան դաշտավայրում ցորեն կամ գարի ցանեն, որպեսզի այդտեղ ավելի բարձրարժեք մշակաբույսեր ցանեն, նաեւ առաջարկվել է Աշտարակի տարածաշրջանն էլ մտցնել այդ ծրագրում։

Այսօրվա որոշումը, ինչպես ասաց էկոնոմիկայի նախարարը, բոլոր մարզերին է վերաբերում։

Սանոսյանը հստակեցրեց՝ պետք է խթանել, որպեսզի Արարատյան դաշտավայրում, Աշտարակի տարածաշրջանում ավելի բարձրարժեք մշակաբույսեր ցանեն, նշված տեղերում պետությունը չսուբիսդավորի, որպեսզի ցորեն կա գարի աճեցնեն։

Վարչապետն էլ նշեց՝ մյուս կողմից էլ անասնակերի դեֆիցիտ է լինում։

Թեմային միջամտեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը․ «Կներեք, որ միջամտում եմ, բայց իմ պատկերացմամբ՝ մշակողի շահագրգռվածությունն էլ է, եթե լավ հող ունի եւ ջրվող է, ծնեբեկ եւ ելակ կցանի, ինչո՞ւ պետք է ցորեն ցանի»։

Այս թեման մոտ հիսուն րոպե քննարկվեց։ Սանոսյանը հիշեցրեց, որ ոռոգման խնդիր է լինում, Արարատյան դաշտավայրում հինգ անգամ պետք է ջրել ցորենը, որպեսզի նորմալ բերք ստանան, իսկ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզում՝ շատ ոռոգելու կարիք չկա։

Պապոյանը Սանոսյանի հետ չհամաձայնեց, ասաց՝ Արարատյան դաշտում ցորենը 2 անգամ են ջրում, դա բավարար է, իսկ ահա Միրզոյանի հետ Պապոյանը համաձայնեց, ասաց՝ այս ծրագրերից սովորաբար օգտվում են այն մարդիկ, ովքեր չէին մշակում իրենց հողերը։

Հիշեցնենք, որ ինտենսիվ այգիների պետական աջակցության ծրագրի դեպքում քրեական գործեր են հարուցվել։ Նիստերից մեկում գյուղատնտեսության աջակցության ծրագրերից մեկի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, երբ քրգործ էր հարուցվել իր տեղակալի նկատմամբ, ասել էր՝ «Խոսք է գնում ոչ թե գողության մասին, այլ՝ շահառուների խարդախության։ Դրա համար, մեր կարծիքով, եթե պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել, կամ ապացուցված չէ, որ գողացել են, ստացվում է, որ մենք պարալիզացնում ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը։ Եթե մարդուն գողություն անելիս չեն բռնել, մեր գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ մենք ինչպե՞ս շարունակենք աշխատել, որ վստահ լինենք, որ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031