«Այն, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, արձանագրել է նաեւ Եվրոպայի ամենամեծ վերազգային կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, որի անդամ է հիմա ցանկանում դառնալ ՔՊ-ն եւ այդ ճանապարհին ՔՊ-ի կոկորդին կանգնած են քաղբանտարկյալները եւ առաջին հերթին Արմեն Աշոտյանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա մեջբերեց EIU-ի կողմից իրականացված գնահատականները, ըստ որոնց՝ Հայաստանի դիրքերն իջել էին հիբրիդային ժողովրդավարության ինդեքսում. «Բռնվեք, չընկնեք՝ այսօր ժողովրդավարության ինդեքսի ցուցիչով Հայաստանից ավելի ժողովրդավար են Զամբիան, Մալին, Բուրկինա Դասոն, Պապուա Նոր Գվինեա: Այն Պապուա Նոր Գվինեան, որտեղ ուրու ցեղախմբերը դեռեւս մինչեւ հիմա մարդ են ուտում, այսինքն՝ զբաղվում են հանիբալիզմով: Իհարկե, Հայաստանի իշխանությունները դեռ մարդ չեն ուտում, բայց մարդակերության փոխարեն ամեն ինչ անում են, որ դատարանում Արմեն Գրիգորյանը մահանա, 9 ամիս պահում են Աշոտյանին, որ Աշոտյանն այստեղ մահանա: Հիմա ո՞րն է լավ՝ միանգամից ուտե՞լ մարդուն, թե՞ մարդկանց սպանել քաղաքական հալածանքներով»:
Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց նաեւ Freedom House-ի գնահատականները, ըստ որոնց՝ դատական ատյանները ախտահարված են կոռուպցիայով եւ քաղաքական ազդեցությունը դատական գործեի վրա ակնհայտ է: Դրա վկայությունն է Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի դատական գործերի ֆարսը:
Նաիրա Զոհրաբյանը հորդորեց ամեն ինչ անել Բաքվի բանտից Արցախի ղեկավարներին, մեր ռազմագերիներին ազատելու համար. «Բանտում մեռնում է Արցախի քաղաքական էլիտան, ամեն ինչ արեք՝ այդ մարդկանց ազատելու համար, ոչ թե ձեր լռությամբ խնդիրը հասցրեք այնտեղ, որ բարոյական, ֆիզիկական, անմարդկային ճնշումների տակ կորզեն նվաստացուցիչ հարցազրույցներ»:
Կարդացեք նաև
Զոհրաբյանն ասաց, որ մայիսին Բաքվում Արցախի նախագահների, Ռուբեն Վարդանյանի դատավարությունն է լինելու. «Ես շատ վատ կանխատեսում ունեմ նրանց հետագա ճակատագրի մասով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ