Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև որ կետն է այս քանդարարությունը հանդուրժվելու. «Փաստ»

Մարտ 14,2024 12:15

Այն բանից հետո, երբ Երևանի պետական կոնսերվատորիայում վերջապես սկսեցին հասկանալ, որ նաև Հայաստանի ազգային երաժշտանոցի գլխին են փաշինյանական չարաղետ ամպեր կուտակվում, անհանգստության նշաններ ցույց տվեց նաև Գեղարվեստի պետական ակադեմիան: Մինչ կոնսերվատորիայում «փակ հանդիպում» էր, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ արտահայտեց բուհի դիրքորոշումը՝ նշելով, որ ակադեմիայում չկա մեկը, որ կողմ լինի առաջարկվող «օպտիմալացմանը»:

Հարցը, նկատենք, միայն հիշատակված բուհերին չի վերաբերում: Խնդիրն ընդգրկուն է. Փաշինյանի իշխանության գլխում «հանճարեղ» միտք է ծագել, թե՝ եկեք բոլոր բուհերն ու գիտական հաստատությունները հավաքենք մի տարածքում, անունը դնենք՝ «Ակադեմիական քաղաք», իսկ ազատված ճոխ շենք-շինություններն էլ վարձակալությամբ տանք, փող շինենք: Ըստ որում, այսպես ասած՝ «Ակադեմիական քաղաքն» էլ ցանկանում են կառուցել և շահագործել… գիտական հաստատությունների, բուհերի եղած շենքերի վաճառք/վարձակալությունից ստացված հասույթով:

Այն, ինչ հրապարակվել է՝ որպես օպտիմալացվող գիտական հաստատությունների ցանկ, ակնհայտորեն «ոտքի վրա» բստրած մի բան է: Ակնհայտ է, որ իշխանության ինչ-որ կաբինետներում մի քանի «տիկ-տոկեր»-պաշտոնյաներով նստել ու քիչ թե շատ անվանումով իրար մոտիկ ինչ նկատել են, որոշել են «միաձուլել» զմիմյանս:

Ասել ենք, կրկնենք. «Ակադեմիական քաղաք» իշխանական նախագիծը արկածախնդրության տպավորություն է թողնում, չմտածված է, տակուգլուխ (այնքան չմտածված, որ նույնիսկ դրա համար տեղ ընտրելիս երևաց, նախ՝ Աշտարակում էր իբր թե լինելու, հետո «մեծահոգաբար» Երևանի ծայրամասը որոշեցին «հարմարեցնել»): Դա ավելի շուտ «համակենտրոնացման ճամբարի» տպավորություն է թողնում: Տարօրինակ է նաև, որ «Ակադեմիական քաղաքի» դեռ անգամ հիմքը չգցած, այսօրվանից արդեն բուհերի արհեստական միավորման, օպտիմալացման աղմուկ է բարձրացվում:

Հարցերի հարցն այլ է. ով է դա թույլ տալու: Թեպետ, մեր դեպքում ավելի տեղին է հարցը, թե մինչև որ կետն է այս քանդարարությունը հանդուրժվելու:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031