Լավ, ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ասելիքը:
Եթե այդ երեք ժամ ու մի 20 րոպե տևած ասուլիսը, այսպես ասած, «քամես», տակը կմնա այն, որ Փաշինյանը գործնականում հայտարարեց, թե՝ հա՛, Տավուշի մարզի մի մասը տալիս եմ Ադրբեջանին: Խոսքը 4, այսպես ասած, «անկլավների» մասին է: Իրականում խոսքն ի սկզբանե Հայաստանին պատկանող տարածքի, խորհրդային տարիներին այդ տարածքում մի քանի տարի ադրբեջանական թուրքերով բնակեցված, ապա՝ 1988-92թթ. ընթացքում նրանցից ազատված բնակավայրերի մասին է:
Հավելենք, որ Փաշինյանը այդ «հանձնումը« փաթեթավորում է այնպես, թե դրանք… «ադրբեջանապատկան» տարածքներ են եղել:
Հետո հասավ իր իսկ նշանակած պաշտպանության բազմաթիվ նախարարներից Արշակ Կարապետյանին, թե «սխալ էր զեկուցել, գործից հանեցի…», կամ նման մի բան: Դա էլ դեռ մի կողմ: Պարզվեց՝ ճապաղ ասուլիսը Փաշինյանին քիչ էր թվացել: Կամ էլ՝ այն բանից հետո, երբ Արշակ Կարապետյանը արձագանքեց ու հայտարարեց, որ Փաշինյանը ստում է (ինչպիսի՜ անակնկալ, չէ՞), որ ինքը նրան այդ օրը չէր կարող ոչինչ էլ զեկուցել, քանի որ աշխատանքային գործուղմամբ գտնվում էր Դուբայում, Փաշինյանն, ըստ երևույթին լուրջ ցնցումների մեջ է ընկել: Եվ ահա, կեսգիշերին մոտ բռնեց ու… «Տիկ-տոկ» ցանցի իր էջում հրապարակեց իր ու Արշակ Կարապետյանի՝ նշված օրվա (2021թ. նոյեմբերի 14-ի)՝ «Վոթսափով» ունեցած գրագրությունը:
Կարդացեք նաև
Այսինքն, երկրում վարչապետ է մեկը, որը նախարարների հետ անվտանգային հարցերը քննարկում է… «Վոթսափով»՝ քիչ չէ, դեռ այդ գրագրության բովանդակությունն էլ, որպես «կոմպրոմատ», շրջանառության մեջ է դնում… «Տիկ-տոկ»-ով: Մնացել է, որ կառավարության կամ անվտանգության խորհրդի նիստերն էլ «Օդնոկլասնիկիով» քննարկեն, պրծնի՝ գնա: Մակարդակ եմ ասել, է՜…
Մեսրոպ ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։