Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցը ՀՀ-ում հանրային քննարկման առարկա պետք է դառնա. Փաշինյան

Մարտ 14,2024 11:29

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի նախօրեին ընդունած բանաձևին:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

 Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին բանաձևը:

 Բոլոր խմբակցությունների աջակցությունը ստացած այս փաստաթուղթն ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով: Բանաձևը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, նաև աջակցություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին:

 Այս բանաձևով Եվրոպական խորհրդարանն արձանագրել է Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի միջազգային ընկալման համար:

 Բանաձևը մեջբերել է նախորդ տարի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանի ամբիոնից իմ արած հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի՝ արձանագրելով, որ եթե Հայաստանի Հանրապետությունը կցանկանա Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, Եվրամիության ինստիտուտները պետք է աջակցեն:

 

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

 Ողջունելով Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը՝ կարծում եմ, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա: Սա ևս մեկ առիթ է՝ քննարկելու Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը, և հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը:

 Միևնույն ժամանակ, պետք է արտահայտեմ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքը՝ շարունակել աշխատանքները Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացման և զարգացման ուղղությամբ: Շնորհակալություն»:

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031