Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԿՀ-ները և «Բաքվի քաղաքագետների ակումբը» պիտի որոշե՞ն, թե որ գիրքը, ինչ շրջանակում պետք է ներկայացվի Գերմանիայում. Հենրիկ Բրոդեր. «Ազգ»

Մարտ 14,2024 10:57

Գերմանիայում ճանաչված հրապարակախոս, ծագումով հրեա Հենրիկ Մ. Բրոդերը (Henryk M. Broder), որ երբեք անտարբեր չի մնում հայ ժողովրդի դեմ թուրք- ադրբեջանական ոտնձգություններին, ինչի մասին բազմիցս գրել ենք «Ազգում», մարտի 7-ին անդրադարձավ Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ միջոցառման կազմակերպիչների եւ մասնակիցների հանդեպ Ադրբեջանի 20 հասարակական կազմակերպությունների բաց նամակին, որով սպառնում էին «հայկական քարոզչական միջոցառումը չեղարկել»: Բրոդերի քննադատությունն ուղղված էր նաեւ գերմանական երկու հաստատություններին՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամին եւ Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերակցությանը, որ իրադրությունը չսրելու համար նախընտրել էին չեղարկել սրահում հյուրերի եւ մասնակից բանախոսների ներկայությունը՝ այն փոխադրելով միայն առցանց տիրույթ:

Ադրբեջանցիների «բաց նամակում հզոր Հայաստանը ներկայացվում է որպես ագրեսոր, որ սպառնում է փոքր Ադրբեջանին եւ նրա մշակութային ժառանգությանը: Այժմ գիտենք, թե վերջին խոսքն ով է ասում՝ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների անդամները եւ «Բաքվի քաղաքագետների ակումբը» պիտի որոշեն, թե ո՞ր գիրքը, ի՞նչ շրջանակում պետք է ներկայացվի Գերմանիայում», գրեց Բրոդերը Achgut.com կայքում:

telepolis.de հարթակում մարտի 12-ին Հարալդ Նոյբերը, անդրադառնալով Գերմանիայում գիտական աշխատանքի վրա Ադրբեջանի հսկողությանը՝ Արցախի ժառանգության մասին գրքի հեղինակների բողոքին, ներկայացրեց նրանցից Քիիլի համալսարանի աստվածաբան Անդրեաս Մյուլլերի հետ զրույցը: Գերմանացի գիտնականը բացատրում է, որ գիտական հետազոտությունը հրապարակային պիտի ներկայացվի, քննարկվի, նույնիսկ երբ կարծիք կա, թե միակողմանի է: Լրագրողի այն հարցին, թե «նման խոչընդոտող դեպքեր էլի եղե՞լ են», Մյուլերը պատասխանում է, որ Հայաստանին առնչվողի պարագայում՝ այո, օրինակ բերելով թուրքերի՝ Հայոց ցեղասպանության թեմայով միջոցառումներին անընդհատ խանգարելու փորձերը: Հաջորդ՝ Բեռլինում Ադրբեջանի դեսպանության դերակատարման մասին հարցին պատասխանելով՝ Մյուլլերը վստահ է, որ ողջ համակարգված աշխատանքը հենց այդ կառույցն է կատարել: Գլխավոր փաստարկն էլ պարտադրել է՝ պիտի խոսել նաեւ հայերի՝ Ադրբեջանի մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Մյուլլերը քննադատում է ԳԴՀ ԱԳՆ-ին, ԵԽ-ին, որոնց համար տնտեսական կապերն առավել կարեւոր են, քան Արցախի բնակիչներն ու մշակութային ժառանգության պաշտպանությունը: «Արցախը գազի եւ նավթի եվրոպական պահանջի զոհ դարձավ», նկատել է տալիս Մյուլլերը՝ հիշեցնելով գերմանացի, եվրոպացի քաղաքական գործիչների Ադրբեջանից կաշառառության բազմաթիվ փաստերը: Մյուլլերը սակայն նշում է, թե պիտի շարունակեն իրենց գործը՝ Արցախի մշակութային ժառանգության մասին գիրքն այլ վայրերում ներկայացնել, ինչպես նաեւ բողոքի նամակներ տարբեր կառույցների ուղարկելը, քանի որ «Արցախում արդեն գերեզմաններն են բուլդոզերներով քանդում»: Մյուլլերը շարադրում է, որ Բաքվի նպատակը հայկական հետքը Արցախում իսպառ վերացնելն է եւ կոչ է ուղղում միջազգային հանրությանը՝ հայացքը Հայաստանին հառել, քանի որ Ադրբեջանի հետագա հարձակումներից ՀՀ-ն պաշտպանված չէ:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարը՝ Թեսա Հոֆմանի ֆբ էջից. Մարտի 6-ին բողոքի հանրահավաք չարեցին ադրբեջանցիները, փոխարենը Բեռլինում Արցախի եւ Հայաստանի դրոշները «խոսեցին»:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031