Դեռ չկառուցված՝ «Ակադեմիական քաղաքը» շարունակում է իր շուրջ աղմուկ բարձրացնել: Օրերս հայտնի դարձան այն ուղղությունները, որոնցում «հավաքվելու» են կրթական ու գիտական հաստատությունները: Արդյոք սա առաջ չի՞ բերի խառնաշփոթ, չի՞ հանգեցնի մի իրավիճակի, երբ Հայաստանի կրթական համակարգն «անհասկանալի» կդառնա նաև միջազգային գործընկերների համար:
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն անդրադառնում է նախ հնչող այն տեսակետներին, թե այս ամբողջ գործընթացն իրականացնելիս հաշվի է առնվել միջազգային փորձը: «Միջազգային ասպարեզում չկա դրական փորձ, երբ որևէ երկրում պետական կամ ոչ պետական բուհեր փակվել կամ միավորվել են մեկ բուհի շրջանակում: Եղել են նման դեպքեր, բայց բնական ճանապարհով, ասենք, երկու բուհ միավորվել է: Պարտադրական, վարչական-հրամայական մեթոդներով բուհերին ստիպել, որ նրանք միավորվեն, նման փորձ չկա: Սա՝ միջազգային պրակտիկայի մասին:
Հաջորդիվ՝ կա «Ակադեմիական քաղաքի» կամ նման հնարավորություններով կառույցի փորձ տարբեր երկրներում: Հիմնականում դա կիրառելի պրակտիկա է եղել այն պարագայում, երբ բուհերը գտնվել են մայրաքաղաքի ներսում, բայց ուսանողների թիվը ժամանակի ընթացքում ավելացել է, հնարավորությունները թույլ չեն տվել այդտեղ կազմակերպել դասերը, այն է՝ կրթական պրոցեսը, և քաղաքից դուրս ավելացել են նոր մասնաշենքեր: Դրանք եղել են նոր հանգույցներ, հնարավորություն է ստեղծվել տարբեր բուհերի, գիտական կազմակերպությունների համար համատեղ օգտագործել նման տարածքները, գործիքները, սարքերը և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:
Ընդգծում է՝ ներկայում Հայաստանում էապես կրճատվում է ուսանողների թիվը: «Տարածքները բաց են մնում, ցանկանում են այդ տարածքները վերցնել և օգտագործել այլ նպատակների համար: Սա անում են՝ բուհերը միավորելով և տեղափոխելով. ինչպես ասում են, առիթը բաց չեն թողնում: Բայց չկա միջազգային փորձ, երբ նույնն արվել է արտերկրում: Բացի դա, ամենակարևորը՝ չկա որևէ գնահատական, չի արվել որևէ հետազոտություն, թե այս գործընթացի արդյունքում ի՞նչ ենք ունենալու, ո՞րն է սրա նպատակը: Եթե նպատակը կրթության որակի բարձրացումն է, ապա սա բնավ դրան չի նպաստի, եթե նպատակը «բարեփոխումները» շարունակելը և բարձրագույն կրթության և գիտության համակարգը քանդելն է, ապա սա լավագույն տարբերակն է, և կարելի է այսպես առաջ շարժվել»,-նշում է զրուցակիցը:
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում