Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի արցախյան առաքելությունը. Հանձնառություններ եւ իրականություն

Մարտ 14,2024 00:25

Ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման համատեքստում հաճախ է խոսվում այն մասին, թե Ռուսաստանի Դաշնությունը, որպես «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին» 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմ, արդյո՞ք կատարել է նշված փաստաթղթով ստանձնած պարտավորությունները, թե՝ ոչ:

Փորձենք պատասխանել հիշյալ հարցին՝ հիմնվելով խնդրին վերաբերելի փաստերի ու փաստաթղթերի վրա:

Եվ այսպես, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից ութ օր անց՝ 2020թ. նոյեմբերի 17-ին, ՌԴ նախագահը ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմի, հետպատերազմյան իրավիճակի և հարակից հարցերի վերաբերյալ հանդես է եկել հարցազրույցով: Պատասխանելով պատերազմի ժամանակ իրենց տները լքած, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո հետ վերադարձող արցախահայության անվտանգության ապահովման մասին հարցին՝ ՌԴ նախագահը, մասնավորապես, ասել է. «Դա շատ կարևոր հարց է, դա շատ զգայուն հարց է։ Հենց այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար էլ տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ …մենք պետք է մտածենք մարդկանց իրական անվտանգության մասին, այդ թվում՝ փախստականների, ովքեր վերադարձել են, ի դեպ, երկու կողմից։ Եվ այդ առաքելությունը վստահված է ռուս խաղաղապահներին։»:

Արցախահայության անվտանգությունն ապահովելու ռուսական խաղաղապահ զորակազմի հանձնառության վերաբերյալ «Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական կազմավորումների օգտագործման մասին» ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի 2020թ. նոյեմբերի 18-ի որոշման 1-ին կետում, մասնավորաբար, արձանագրված է. «Տալ համաձայնություն Ռուսաստանի Դաշնության նախագահին 2020 թվականի նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղ ուղարկելու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական կազմավորում անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով՝ համապատասխան Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության, կրակի և ադրբեջանական ու հայկական կողմերից այլ թշնամական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություններին հետևելու նպատակներով՝ խուսափելու համար Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային մահերից և քաղաքացիական օբյեկտներին էական վնասներ պատճառելուց:»:

ՌԴ նախագահի մեջբերված խոսքից և նշված որոշման մեջբերված հատվածից պարզվում է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման նպատակը եղել է արցախահայության անվտանգության իրական ապահովումն Ադրբեջանի հնարավոր ագրեսիայից:

Խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, ըստ որի «2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:»` ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումները 2020թ. դեկտեմբերի 12-ին վերսկսելով հարձակողական գործողությունները օկուպացրել են նաև Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը:

Երկրորդ անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մասնավորապես՝ հայտարարության 1-ին կետը՝ ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումները 2022թ. մարտի 24-ին վերսկսելով հարձակողական գործողությունները օկուպացրել են նաև Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, հարակից Քարագլուխ բարձունքը:

Հիշյալ փաստերով պայմանավորված առաջանում են, մասնավորաբար, հետևյալ հարցերը՝

  • Ձեռնարկե՞լ է արդյոք միջոցներ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը նախականխելու, կանխելու կամ դադարեցնելու ադրբեջանական հարձակումը:
  • Եթե ռուսական խաղաղապահ զորախումբը ձեռնարկել է միջոցներ, ապա ինչո՞ւ ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումները չեն վերադարձել ելման դիրքեր:

Երրորդ անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մասնավորապես՝ հայտարարության 6-րդ կետը, ըստ որի «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:» ադրբեջանական կողմը 2022թ. դեկտեմբերի 12-ին ապօրինաբար արգելափակել է Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Շուշի – Քարին տակ ճանապարհահատվածը:

Չորրորդ անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ադրբեջանական կողմը 2023թ. ապրիլի 23-ին ապօրինի հսկիչ-անցագրային կետ է տեղադրել Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով անցնող ճանապարհահատվածում՝ Հակարիի կամրջի հարևանությամբ՝ այդպիսով պաշարման մեջ վերցնելով Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ սովահարության մատնելով նրանց:

Նշվածի առնչությամբ հարկ է նշել, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:»:

Հիշյալ փաստերով պայմանավորված առաջանում են, մասնավորաբար, հետևյալ հարցերը՝

  • Ձեռնարկե՞լ է արդյոք միջոցներ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը նախականխելու, կանխելու Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու արգելափակումը և հսկիչ-անցագրային կետի տեղադրումը:
  • Եթե ռուսական խաղաղապահ զորախումբը ձեռնարկել է միջոցներ, ապա ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի ապամոնտաժել ապօրինի հսկիչ-անցագրային կետը:

2023թ. սեպտեմբերի 12-ին՝ արևելյան տնտեսական ֆորումի ութերորդ լիագումար նիստի ժամանակ, խոսելով ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմի և այդ համատեքստում Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի մանդատի մասին՝ ՌԴ նախագահը, մասնավորաբար, հայտարարել է. «Մանդատը դեռ ուժի մեջ է։ …մարդասիրական բնույթի հարցերը, այնտեղ ցանկացած տեսակի էթնիկ զտումներ թույլ չտալը, իհարկե, չեն վերացել, ես լիովին համաձայն եմ սրա հետ։ Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես մեզ միշտ ասել է և մինչ օրս ասում է, շահագրգռված չէ որևէ տեսակի էթնիկ զտումներով։ Ավելին, ընդհակառակը, շահագրգռված է, որպեսզի այդ գործընթացը փափուկ տեղի ունենա։»:

Մեջբերումից պարզ է դառնում, որ ՌԴ նախագահը վերահաստատել է արցախահայության անվտանգությունն ապահովելու, Ադրբեջանի կողմից Արցախում հնարավոր էթնիկ զտումներ իրականացնելու հնարավորությունը կանելու ռուսական խաղաղապահ առաքելության հանձնառությունը:

Ինը ամիսներ շարունակ արցախահայությանը սովահար անելուց հետո, Ադրբեջանը, հինգերորդ անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, 2023թ. սեպտեմբերի 19-ին չորրորդ անգամ դիմելով ագրեսիայի, երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը` ցեղասպանության ենթարկելով Արցախի հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ:

Հիշյալ փաստով պայմանավորված առաջանում են հետևյալ հարցերը.

  • Ձեռնարկե՞լ է արդյոք միջոցներ Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը նախականխելու, կանխելու կամ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան:
  • Եթե ռուսական խաղաղապահ զորախումբը ձեռնարկել է միջոցներ, ապա ինչո՞ւ ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումները չեն դադարեցրել ագրեսիան և վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանի՝ 2023թ. սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո՝ 2023թ. հոկտեմբերի 5-ին՝ «Վալդայ» միջազգային ակումբի 20-րդ հոբելյանական լիագումար նիստի ժամանակ, խոսելով Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի իրավական կարգավիճակի մասին, ՌԴ նախագահը, մասնավորապես, հայտարարել է. «Խաղաղապահների իրավունքները եզրափակվում էին մեկ բանում. հետևել հրադադարի պահպանման ռեժիմին։ Վերջ, մեր խաղաղապահներն այնտեղ այլ իրավունքներ չունեին և չունեն։ Միայն հետևել կրակի դադարեցման ռեժիմին. վերջ:»։

Ինչպես ակնհայտորեն երևում է մեջբերումից, ՌԴ նախագահը հրաժարվել է իր՝ թե՛ 2020թ. նոյեմբերի 17-ին և թե՛ 2023թ. սեպտեմբերի 12-ին հնչեցրած հրապարակային հայտարարություններից: Բացի այդ, նա, փաստացի, դեմ է արտահայտվել նաև «Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական կազմավորումների օգտագործման մասին» ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի 2020թ. նոյեմբերի 18-ի որոշման 1-ին կետում ամրագրված դրույթներին:

Այսպիսով, հիմնվելով վերոնշյալ փաստերի ու փաստաթղթերի վրա կառուցված վերլուծության վրա՝ կարող ենք պնդել, որ Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի, հրաժարվել է Արցախում իրականացվելիք թե՛ բանավոր և թե՛ գրավոր կերպով իր իսկ ստանձնած պարտավորությունների կատարումից:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031