Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդ անգամ իրար հետ շփվեք «օդնոկլասնիկի»-ով

Մարտ 14,2024 10:00

Փաշինյանի եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի «առանձնահատկություններից» մեկն այն է, որ հասարակական, քաղաքական հարցերի քննարկումը նրանք իջեցնում են անձնական «կոմպրոմատների» մակարդակի՝ մակարդակ, որն այնքան հոգեհարազատ է «դեղին մամուլի» եւ հայհոյախոս «բլոգերի» արտադրանքը սպառողների սրտին:

Օրինակ, ընդդիմադիր պատգամավորների քննադատությանն ի պատասխան, կարող են հնչել «տեղեկություններ» այն մասին, թե համալսարանի ինչ-որ ֆակուլտետում չարաշահումներ են տեղի ունենում կամ իշխանական թիմի նախկին անդամը Սերժ Սարգսյանին է փոխանցել թիմի ներսում տեղի ունեցած խոսակցությունը: Անդրադարձ է կատարվում ոչ թե քննադատության բովանդակությանը, այլ քննադատությունը հնչեցնող անձին՝ ընդ որում, դա արվում է հատուկ բանսարկու ոճով:

Առավել հետաքրքիր է, երբ այդ հնարքը կիրառվում է այն նախկին պաշտոնյաների նկատմամբ, որոնց ինքը՝ վարչապետն է նշանակել կամ որոնք ընտրվել են ՔՊ-ի աջակցությամբ: «Դասական» օրինակն այդ առումով Հայկ Մարությանն էր, որը, երբ սկսեց ինքնուրույնություն դրսեւորել, միանգամից դասվեց «սեւերի» շարքին՝ մասնավորապես, այն պատճառով, որ հանդիպել էր Սեյրան Օհանյանի հետ: Այսինքն՝ ոչ թե վատ էր աշխատում, այլ «սխալ շփումներ» է ունեցել:

Նույն մոտեցումն է կիրառվում Արթուր Վանեցյանի, Արշակ Կարապետյանի, Էդմոն Մարուքյանի պարագայում: Երբ մարդիկ այլեւս իշխանական թիմում չեն, ոչ թե նրանց մտքերն են «սխալ» դառնում, այլ «պարզվում է», որ նրանք անձնապես չափազանց անարժան, անպիտան, բազմաթիվ մեղքեր շալակած մարդիկ են, որոշ դեպքերում էլ նաեւ՝ գրեթե «օտարերկրյա գործակալներ»: Մնում է զարմանալ, թե ով էր այն միամիտ եւ դյուրահավատ ղեկավարը, որը նրանց նշանակել է այդ պաշտոններին:

Այս ամբողջ դիցաբանության ֆոնին արտառոց է պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի դեպքը: Սխեման նույնն է, սակայն խիստ յուրահատուկ են շփման խողովակները: Պարզվում է՝ երկրի վարչապետը եւ պաշտպանության նախարարն իրար հետ շփվում էին whatsapp հավելվածով (ինչո՞ւ ոչ «օդնոկլասնիկի»-ով), իսկ «կոմպրոմատի» բացահայտումը Փաշինյանն արել է TikTok-ով: Չեմ զարմանա, որ նմանատիպ հարթակներում կհայտնվեն, ասենք, ՀԱՊԿ-ին կամ ԵՄ-ին վերաբերող փաստաթղթերը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Եռոտանու մի ոտը կարող է ինքնաբացարկ հայտարարի, շատերս կուրախանանք, բայց եթե նույն պահին պատրաստի փոխարինող ոտ չունենանք, մեր եռոտանին կփռվի գետնին, ինչը տեղի ունեցավ գորբաչով երեւույթի հեռացման ժամանակ եւ սովետը փլվեց: Ինքնաբացարկի կամ հեռացման մեխանիզմը՝ դա պետության թավշյա փլուզման մեխանիզմ է: Երբ մեր քաղաքական ուժերը գան ռազմավարական գոյաբանական համաձայնության եւ ունենան հեռացող վարչապետին փոխարինող պատրաստի վարչապետ, մեր պետությունը կփրկվի: Նրանք կարող են հավաքվել մի սենյակում ու, ինչպես կաթոլիկ բարձրաստիճան հոգեւորականներն իրենց ղեկավար ընտրում, միչեւ իրենց ղեկավար չեն ընտրում, սենյակից դուրս չեն գալիս, կարծեմ նույն կերպ էլ ամերիկան իր սահմանադրությունն էր հաստատում, մերոնք էլ նմանապես ընտրում են ժամանակավոր վարչապետ: Եթե մեծ ու միջին տարիքի քաղաքական գործիչներն ի վիճակի չլինեն նման համաձայնության գալու, ջահելություն ջան, ապագան ձերն է, դուք ձեր միջից ընտրեք վարչապետ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031