Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդրահարույց բնակարանների նկատմամբ քրեական գործով որեւէ արգելանք չդնելը եղել է կանխամտածված գործողություն». տուժողների ներկայացուցիչ

Մարտ 14,2024 13:30

Հրատապ դիմումով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին է դիմել թիվ 61203219 քրեական գործով տուժողներ Սոս Ավետիսյանի, Նաիրա Բալայանի, Նունե Օվանեսյանի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը: «Առավոտը» ներկայացնում է ներկայացուցչի դիմումից մի հատված:

Թիվ 61203219 քրեական վարույթով հանդիսանում եմ տուժողներ Սոս Ավետիսյանի, Նաիրա Բալայանի, Նունե Օվանեսյանի ներկայացուցիչը։ Նշյալ քրեական վարույթով տուժողներն իրականում ավելի շատ են, նրանք բոլորն էլ տուժել են Երեւան քաղաքի Սարյան փողոց 19-21 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի (ներկայիս՝ Երեւան, Պուշկինի փողոց, 51/1 շենք) իրենց բնակարաններից զրկվելու (ունեզրկվելու) հետեւանքով։ Քրեական վարույթի մասին քաջատեղյակ են ՀՀ գլխավոր դատախազության բազմաթիվ պաշտոնյաներ (դատախազներ), եւ նրանց հայտարարության համաձայն՝ տուժողների (քրեական վարույթի) մասին զեկուցել են նաեւ Ձեզ։ Քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետի տեղակալ Գ. Հայրապետյանը 2021 թվականի դեկտեմբերի 6-ին կայացրել է որոշում՝ «Քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին»։

Այս որոշման դեմ տուժողների ներկայացրած բողոքները մերժվել են դատախազության կողմից։ Չնայած այդ հանգամանքին, քրեական գործի քննության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Շ. Գրիգորյանը ՀՀ Հակակոռուպցիոն դատարան ներկայացրել է գրավոր դիրքորոշում այն մասին, որ 2021 թվականի դեկտեմբերի 6-ի քննիչի կայացրած որոշման դեմ տուժողների ներկայացված բողոքը պետք է բավարարել, քանի որ թիվ 61203219 քրեական վարույթով նախնական քննությունը կատարվել է թերի, ոչ օբյեկտիվ եւ թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ։ Վստահորդներս (տուժողները) շուրջ մեկ եւ կես տասնամյակ է՝ գործի դնելով իրավական հնարավոր բոլոր միջոցները, փորձում են վերականգնել իրենց խախտված իրավունքները։ Եվ մինչ նրանք (ներկա պահին հատկապես՝ Սոս Ավետիսյանը) պայքարում են խնդրի լուծման համար, իրավախախտները տարբեր միջոցներով, իրենց կապերի ու այլ՝ օրենքից դուրս հնարավորությունների միջոցով արագացված տեմպերով ավարտին են հասցրել մի շարք գործընթացներ։ Այսպես, քաղաքացիական վարույթով ստացել են իրենց համար ցանկալի ակտեր, այդ թվում՝ վտարման մասին դատական ակտ, եւ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Սոս Ավետիսյանն իր ընտանիքով պետք է վտարվի բնակարանից, իսկ մյուս տուժողներն իրենց բնակարաններին նայում են հեռվից (դրանցից շատերը գրանցված են Ա. Խալոյանի անվամբ եւ նրա կողմից տրված են վարձակալությամբ կամ օտարված են)։ Գտնում եմ, որ Երեւան քաղաքի Սարյան փողոց 19-21 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի (ներկայիս՝ Երեւան, Պուշկինի փողոց, 51/1 շենք) խնդրահարույց բնակարանների նկատմամբ քրեական գործով որեւէ արգելանք չդնելը եղել է կանխամտածված գործողություն, ինչը պետք է առավել դյուրին դարձներ խաբեբա(ներ)ի ու հանցագործ(ներ)ի կողմից բնակարաններին տիրանալու գործընթացը, ինչը եւ ներկա պահին կատարվում է։ Չնայած այդ ամենին, ներկայումս էլ գործնականում հնարավոր է միջոցներ ձեռնարկել եւ կանխել Սոս Ավետիսյանի ընտանիքի վտարումն իրենց բնակարանից, ինչպես նաեւ կանխել մյուս տուժողների բնակարանների նկատմամբ որեւէ նոր գործարքի կատարումը մինչեւ քրեական վարույթով վերջնական ակտի կայացումը, եւ այդ հնարավորությունը ունի ՀՀ գլխավոր դատախազությունը։

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի՝ «1. Քրեական վարույթի ընթացքում իր լիազորություններն իրականացնելիս վարույթի հանրային մասնակիցը գործում է ինքնուրույն՝ հիմնվելով օրենքի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ իրավասու անձի հանձնարարությունների վրա: Վարույթի հանրային մասնակիցը պատասխանատու է ներքին համոզմունքի վրա հիմնված իր վարութային ակտերի համար։ 2. Դատախազը պատասխանատու է (…) մինչդատական վարույթի օրինականության, վարույթի հանրային մասնակիցների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության, (…) իրավաչափության համար:

(…) 4. Քննիչը պատասխանատու է նախաքննության համակողմանիության, դրա բնականոն ընթացքի, քննչական գործողություններն օրենքով սահմանված կարգով ու ժամանակին կատարելու, ինչպես նաեւ իր կիրառած հարկադրանքի միջոցների իրավաչափության համար։ (…)»։ Ըստ 36-րդ հոդվածի՝ «1. Վերադաս դատախազն իրավասու է հանձնարարություն տալու հսկող դատախազին՝ նրա իրավասության ներքո գտնվող ցանկացած հարցի կապակցությամբ։ 2. Իր իրավասության սահմաններում վերադաս դատախազի տված հանձնարարությունը պարտադիր է հսկող դատախազի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հսկող դատախազը գտնում է, որ նման հանձնարարությունն անօրինական է կամ անհիմն։ (…) 3. Հսկող դատախազն իրավասու է հանձնարարություն տալու՝ (…) 2) քննչական մարմնի ղեկավարին, քննիչին կամ հետաքննության մարմնի պետին՝ նրանց անօրինական որոշումը վերացնելու դեպքում դրա հետեւանքները չեզոքացնելու կապակցությամբ. 3) քննիչին՝ քրեական հետապնդման հարուցման կամ դադարեցման հարցը լուծելու, հարկադրանքի միջոցներ կիրառելու, դատարանում հանրային մեղադրանքը պաշտպանելու կամ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար նշանակություն ունեցող որոշակի հանգամանքներ պարզելու կապակցությամբ: 4. Իր իրավասության սահմաններում հսկող դատախազի տված հանձնարարությունը պարտադիր է քննչական մարմնի ղեկավարի, քննիչի եւ հետաքննության մարմնի պետի համար, սակայն վերջիններս իրավասու են իրենց հասցեագրված հանձնարարության վերաբերյալ առարկություն ներկայացնելու վերադաս դատախազին»:

…Վերոնշյալ նորմերի վերլուծությունը վկայում է, որ թիվ 61203219 քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետի տեղակալ Գ. Հայրապետյանի 2021 թ. դեկտեմբերի 6-ի կայացրած «Քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թեեւ ոչ իրավաչափ է ճանաչվել ՀԿԴ/0096/11/23 (61203219) գործով 2024 թ. հունվարի 18-ի ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի որոշման հիման վրա, սակայն, մինչ դատական վարույթով կայացրած ակտի օրինական ուժի մեջ մտնելը (որոշման վերացումը), դատախազն իրավասություն ունի վերացնելու 2021 թվականի դեկտեմբերի 6-ի որոշումը, ինչը հնարավոր է կատարել շատ ավելի վաղ եւ արագ, քան ուժի մեջ կմտնի սույն քրեական գործով որոշումը։ Միաժամանակ, դատախազն իրավասու է հանձնարարություն տալու քննիչին գույքն արգելադրելու, հետեւապես, այս հանգամանքը եւս շատ ավելի արագ լուծվող հարց է, քան՝ սպասել թիվ ՀԿԴ/0096/11/23 (61203219) գործով որոշման օրինական ուժի մեջ մտնելուն։ Վերը ներկայացվածը վկայում է, որ դատախազի գործողությունները կարող են լինել արագ, օրինական եւ հստակ/կոնկրետ, ինչը կկանխի Սոս Ավետիսյանի եւ նրա ընտանիքի վտարումն ու մյուս տուժողների բնակարանների նկատմամբ որեւէ նոր գործողության (գործարքի) կատարումը։

Հավաստիացնում եմ, որ հրատապ միջոցների չձեռնարկելը կարող է հանգեցնել չափազանց ծանր հետեւանքների:

Օրինակ, Սոս Ավետիսյանն ակամայից, առանց իր կամքի կարող է դառնալ վարչական կամ քրեական իրավախախտման սուբյեկտ, եթե փորձի խոչընդոտել վտարումը, այն է՝ պաշտպանելով իր եւ իր ընտանիքի անդամների սահմանադրական իրավունքները, ինքը կդառնա իրավախախտ։ Նույնը վերաբերում է մյուս բոլոր տուժողներին, որոնց համար ուշացած արդարադատությունը կվերածվի անարժեք երեւույթի։

Թիվ 61203219 քրեական վարույթով տուժողներն արդարության կարիք ունեն. նրանք ուրիշինը չեն ուզում, նրանք չեն խնդրում օրենք կամ կարգ շրջանցել, նրանք պահանջում են արդարադատություն։ Ներկա պայմաններում, այսօր, այս պահին ոչ ոք իրավունք չունի նրանց մերժելու արդարադատություն մատուցել, ոչ ոք, այդ թվում՝ դատախազը, քննիչը, փաստաբանը կամ այլ իրավասու անձ չի կարող թաքնվել ձեւական հոդվածի հետեւում եւ մերժել նրանց օրինական ու արդարացի պահանջի կատարումը։ Դիմելով Ձեզ՝ խնդրում եմ որոշմամբ վերացնել թիվ 61203219 քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետի տեղակալ Գ. Հայրապետյանի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի կայացրած «Քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը, ինչպես նաեւ հանձնարարել վարույթն իրականացնող մարմնին անհապաղ կատարելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված գործողությունները։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031