Հերացու եւ Աբովյան փողոցների հանգույցից ձգվող եւ Գայի պողոտայի սկիզբը հասնող Ավանի նախկին խճուղին ներկայիս Մյասնիկյան պողոտան է: Այն Մ-4 միջպետական ավտոճանապարհի մի մասն է։ Երկու կողմից շրջապատված է լանջերով, որոնց վրա ակտիվ շինարարություն է ընթանում, երեք տասնյակ շենքեր են կառուցվել, կառուցում: Պողոտայի տարբեր կողմերում են գտնվում Երեւանի կենդանաբանական այգին, «Ջրաշխարհը», հյուրանոցային մի քանի համալիրներ, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտը:
Կենդանաբանական այգու դիմաց կա մի հուշաղբյուր: Քչերը գիտեն, որ այն նվիրված է Մայիսյան ապստամբության հերոսներին, եւ որ ըստ էության, նրանց գնդակահարման տեղում է տեղադրվել (Հայ պատմագրությունը հիշեցնում է, որ 1920 թվականի մայիսի 5-ին, երբ հրաժարական տվեց Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը, ապստամբության տասնյակ մասնակից ակտիվիստներ բանտարկվեցին։ Կասեցվեց Հայաստանի կոմունիստական (բոլշեւիկյան) կուսակցության գործունեությունը։ Բոլշեւիկների մի մասն անցավ ընդհատակ։ Գնդակահարվեցին ապստամբության ղեկավարներ Ստեփան Ալավերդյանը, Սարգիս Մուսայելյանը, Բագրատ Ղարիբջանյանը, Հովհաննես Սարուխանյանը, Եգոր Սեւյանը, Ք. Մկրտչյանը, Ե. Մկրտումյանը, Բ. Բատիկյանը, Բ. Հարությունյանը եւ ուրիշներ)։
Հուշաղբյուրի ճարտարապետն է Ռ. Իսրայելյանը:
Հուշաղբյուրը Նոր Նորք վարչական շրջանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում է ընդգրկված:
Կարդացեք նաև
Մի քանի օր է՝ այդ փողոցում դիտահորի ասֆալտապատման, ջրահեռացման վիճակի հետ կապված աշխատանքներ են ընթանում, բնականաբար, հենց հուշարձանի մոտ որոշակի ժամանակով քաղաքային տրանսպորտն էր կանգնում:
Դա հնարավորություն տվեց ուշադրություն դարձնել մոռացված հուշաղբյուրին, որից մի քանի քայլ հեռու բենզալցակայանն է, իսկ հուշարձանը գտնվում է անմխիթար վիճակում:
Անգամ ներկոտված է:
Մենք հաճախ ենք ընդվզում, երբ թշնամին կամ օտարը անգամ այլ երկրներում պղծում, վանդալիզմի է ենթարկում հայկական խաչքարերը, հուշարձանները, հուշաղբյուրները, քանդակները, գերեզմանատեղիները, իսկ երբ ամենը մեր աչքի առաջ է, ասես չենք նկատում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.03.2024
«Մայիսյան ապստամբության հերոսներին»՝ հերո՞ս։ Հայաստանի այն ժամանակվա օրինական կառավարության դեմ ապստամբած օտար երկրի գործակալները՝ հերո՞ս։ Զուտտ որովհետև Իսրայելյանի գործն է, արժե ուրիշ անվան տակ պահել, բայց հայաստանի դեմ ապստամբած գործակալների հիշողություն չպիտի լինի։