Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի մշակութային ժառանգությունը ջնջվում է Հայաստանում հանցավոր լռությամբ

Մարտ 14,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ինչո՞ւ պետք է Ռուսաստանն աչք չփակի ադրբեջանական վայրագությունների, վանդալիզմի վրա: Չէ՞ որ Մոսկվայում գիտեն, որ ՀՀ իշխանությունը Արցախի թեման «փակել» է, իսկ հայաստանյան «ընդդիմությունը» Կրեմլի «աչքունքին» է նայում` «հանկարծ, մի սխալ բան չասենք…»

Հայաստանում չկա որեւէ քաղաքական ուժ, մշակութային գործիչ, հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, որը վերջին ամիսներին կդիմեր Ռուսաստանի ՊՆ-ին` պահանջելով` աչք չփակել Արցախում Ադրբեջանի իշխանությունների կողմից մշակութային ժառանգության հետեւողական ոչնչացման տոտալ քաղաքականությանը:

Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում մնալ, ու ըստ ամենայնի` առանձնապես զբաղված էլ չեն: Նրանք դատարկված Արցախում փաստորեն հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու գործն էլ ձախողեցին. նրանց աչքի առաջ ամեն օր ավերվում ու ոչնչացվում է հայկական մշակույթը:

Ինչո՞ւ: Պատասխանը շատ պարզ է: Որովհետեւ, մինչեւ հիմա մեր քաղաքական դաշտը, որը «քաղաքական» բառի հետ կապ չունի, զբաղված է միայն ռուսական գծի անվերապահ պաշտպանությամբ: Հենց այս պատճառով է, որ պնդում ենք, որ հայաստանյան դաշտում ռուսական քաղաքական գիծը Հայաստանի ու Արցախի նկատմամբ արդարացնողների պատճառով` մենք ավելի բարդ իրավիճակում ենք հայտնվում:

Ինչո՞ւ պետք է Ռուսաստանն աչք չփակի ադրբեջանական վայրագությունների, վանդալիզմի վրա: Չէ՞ որ Մոսկվայում գիտեն, որ Հայաստանի իշխանությունը վաղուց է Արցախի թեման «փակել», իսկ հայաստանյան «ընդդիմությունն» էլ Կրեմլի «աչքունքին» է նայում` «հանկարծ, մի սխալ բան չասենք, ռուսները մեր վրա էլ զայրանան…»:

Ու այդպես, ընդդիմության միակ թեման սա է` «Նիկոլը պետք է հեռանա», որպեսզի «մենք ռուսների հետ ավելի լավ լինենք», բայց իրենք արդեն մի քանի տարի չգիտեն ինչպես հեռացնել իշխանությանը… Իսկ Փաշինյանը շարունակում է իր քաղաքական գիծն անշեղորեն, ընդդիմությունը մատնացույց է անում «թիվ մեկ պատասխանատու» Փաշինյանին, Փաշինյանը գնում է Ռուսաստան, Պուտինը ջերմորեն նրան ողջագուրվում է, գլխավերեւին անձրեւանոց է պահում, հետո Փաշինյանը վերադառնում է, իսկ ընդդիմությունը հանդարտվում է մի քանի ամիս, «հայրենասիրական» պոռթկումները դադարում են, մինչեւ հաջորդ «հարմար» առիթը` հայ-ռուսական հրապարակային հերթական «փոխհրաձգությունը»:

Արցախի մշակութային ժառանգության ոչնչացմանը ինչ-որ կերպ խոչընդոտելու հարցում Հայաստանն ուներ եւ ունի կարեւոր հիմքեր: Եթե ՌԴ-ն բացարձակ անգործություն է ցուցաբերել այդ հարցում, ապա Եվրախորհրդարանը «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձեւ է ընդունել` դեռ մինչեւ արցախցիների բռնի տեղահանումը:

2022թ. մարտին Եվրախորհրդարանը լիագումար նիստի օրակարգում ընդգրկվեց՝ «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձեւը: Պաշտոնական Բաքուն հետեւողական շարունակում էր Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային հուշարձանների վերացումը: Ադրբեջանական լայնածավալ լոբբիստական ջանքերի պայմաններում, որով տարիներ շարունակ Բաքուն գործել եւ գործում էր ընդդեմ Հայաստանի, Արցախի, Եվրախորհրդարանի լիագումար նիստի օրակարգում այս նախագծի ընդգրկվելն արդեն իսկ լուրջ հաջողություն էր: Այդ գործում հսկայական աշխատանք էր տարել Դավիթ Շահնազարյանը:

Բանաձեւն ընդունվեց 2022թ. մարտի 10-ին:Հիշեցնենք մի քանի կարեւոր հոդվածներ այդ բանաձեւից: Եվրոպական խորհրդարանը՝ հաշվի էր առնում, որ՝ «2020թ. նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 1456 հուշարձան, հիմնականում հայկական, մինչդեռ 2020թ. պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից դիտավորյալ մեծ վնաս է հասցվել հայկական մշակութային ժառանգությանը, մասնավորապես՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ/Ղազանչեցոց տաճարը գնդակոծվել է, ինչպես նաեւ ավերման, գործառույթի փոփոխության ժամանակ։ Հակամարտության ընթացքում եւ դրանից հետո այլ եկեղեցիներ եւ գերեզմանատներ վնասվել են, ինչպիսիք են՝ Մեխակավան քաղաքի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղի Սուրբ Եղիշեն: Նկատի է առնվում, որ նախագահ Ալիեւը Ծակուռիի 12-րդ դարի հայկական եկեղեցի կատարած այցի ժամանակ խոստացել է հեռացնել հայերեն արձանագրությունները»: Հաշվի է առնվում, որ՝ «2021թ. դեկտեմբերի 7-ին ԱՄԴ-ն (Արդարադատության միջազգային դատարան) իր սահմանմամբ նշել է, որ Ադրբեջանը՝ «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի եւ պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով եւ պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանոցներով եւ արտեֆակտերով»:

Շեշտվել էր, որ՝ «մշակութային ապրանքները մեծ մշակութային, գեղարվեստական, պատմական եւ գիտական նշանակություն ունեն եւ պետք է պաշտպանված լինեն ապօրինի յուրացումից, ոչնչացումից: Եվ որ հայկական եկեղեցիներն ու վանքերը աշխարհի հնագույն քրիստոնեական ժառանգության եւ մարդկության համընդհանուր ժառանգության մաս են կազմում»: Այնուհետեւ, ընդգծվում էր, որ՝ «ԱՄԴ-ի գործով լուրջ մեղադրանքներ են հնչել Լեռնային Ղարաբաղում գերեզմանատների, եկեղեցիների եւ պատմական հուշարձանների ավերման հարցում Ադրբեջանի իշխանությունների մասնակցության վերաբերյալ» եւ հաշվի է առնվում, որ՝ «երկարատեւ հակամարտությունը աղետալի ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի եւ տարածաշրջանի մշակութային ժառանգության վրա»: Նկատի է առնվում, որ՝ «վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական եւ մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցիներ, 20 000 գերեզմաններ եւ ավելի քան 5 000 տապանաքարեր»: Նաեւ նշվում էր, որ՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը տեղի է ունենում ոչ միայն դրա ոչնչացման եւ վնասման, այլեւ՝ պատմության կեղծման եւ այսպես կոչված՝ «կովկասյան ալբանացի» ներկայացնելու փորձերի միջոցով»:

Առանձին կետով Եվրոպական խորհրդարանը արձանագրել էր, որ «Խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու եւ ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում եւ շրջակայքում՝ խախտելով միջազգային իրավունքը եւ Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը» եւ որ ընդունեց, որ՝ «հայկական մշակութային ժառանգության վերացումը հանդիսանում է հայատյացության, պատմական ռեւիզիոնիզմի եւ հայերի նկատմամբ ատելության համակարգային, պետական մակարդակով քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, որը խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ներառյալ հակահումանիզմի, բռնության հերոսացման եւ տարածքային պահանջների դրսեւորմամբ, որոնք սպառնալիք են հանդիսանում Հայաստանի Հանրապետությանն ու Հարավային Կովկասի խաղաղությանը եւ անվտանգությանը»:

Այսինքն, փաստացի, դեռ 2022թ. մարտին Եվրախորհրդարանն արձանագրեց պաշտոնական Բաքվի հայատյաց քարոզչությունը՝ որպես պետական քաղաքականություն: Եվրախորհրդարանը նաեւ՝ «կոչ էր արել Ադրբեջանին ամբողջությամբ կատարել ԱՄԴ-ի ժամանակավոր որոշումը, մասնավորապես՝ «ձեռնպահ մնալ հայոց լեզուն ճնշելուց, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց, կամ, այլ կերպ վերացնելուց հայկական պատմական մշակութային ներկայությունը, կամ արգելելուց հայերի մուտքն այդ վայրեր եւ դրանցից օգտվելը» եւ «վերականգնել կամ վերադարձնել հայկական մշակութային եւ կրոնական որեւէ շինություն եւ վայր, արտեֆակտ կամ առարկա», շեշտել էր, որ, եթե կան մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման նոր դեպքեր, դրանք պետք է անհապաղ լուծվեն միջազգային հանրության կողմից»: Այնուհետեւ Եվրախորհրդարանը «կոչ է անում Հանձնաժողովին օգտագործել բոլոր առկա լծակները Լեռնային Ղարաբաղում վանդալիզմի, մշակութային ժառանգության ոչնչացման կամ փոփոխման գործողությունները կանխելու համար»:

Ինչո՞վ են զբաղված եղել Հայաստանի «քաղաքական» դաշտը, մշակութային-հասարակական գործիչները: ՀՀ Ազգային ժողովն անգամ այս բանաձեւի ընդունման հարցում իր գործիքակազմով «մատը մատին չէր էլ տվել», բայց նման բանաձեւն այնուամենայնիվ ընդունվել էր` Ադրբեջանի ակտիվ ու լայնածավալ, ըստ Շահնազարյանի դեռ այն ժամանակվա գնահատականով՝ «կատաղի լոբբինգի» պայմաններում։

Այսպիսի հիմքեր ունենալով` Ադրբեջանի համար դրանից բխող բոլոր հնարավոր հետեւանքների հարցով ի՞նչ արեց ՀՀ իշխանությունը 2022թ.-ից հետո… Ոչինչ:

Նույն վիճակն է այսօր… Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ որեւէ կոչ, պահանջ գոյություն ունի՞ ուղղված Ռուսաստանի ՊՆ-ին, իրենց` անգործության մատնված խաղաղապահներից պահանջելու համարժեք արձագանք, որպեսզի Բաքուն չոչնչացնի Արցախի հայկական մշակույթը:

Ինչպե՞ս կարելի է Եվրախորհրդարանում, պաշտոնական Բաքվի ջանքերի շարունակական տապալմանը զուգահեռ ունենալ` «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձեւ, որում ամրագրած է, որ հայատյացությունը, պատմական ռեւիզիոնիզմը եւ հայերի նկատմամբ ատելությունը համակարգային, Ադրբեջանի պետական մակարդակով քաղաքականությունն է, ու ոչինչ չանել:

Հաջորդը: 2022թ. հոկտեմբերին Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն առաջարկեց դատապարտել Ադրբեջանի ագրեսիան ու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը: «Մշակույթի նոր եվրոպական օրակարգի իրականացում եւ Միջազգային մշակութային հարաբերությունների ԵՄ ռազմավարությունը» զեկույցի նախագծում լրացվեց հոդված, որում, ինչպես «Առավոտ»-ին այն ժամանակ հայտնել էր Դավիթ Շահնազարյանը, ներառվել էին «խիստ կարեւոր հայանպաստ ձեւակերպումներ»: Ըստ այդ լրացման, որի հեղինակը ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն էր, Եվրախորհրդարանը «Դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու եւ ժխտելու՝ Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը, որը խախտում է միջազգային իրավունքը, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերսկսման որոշումը, որն էլ ավելի է վտանգի ենթարկում հայկական մշակութային ժառանգությունը»: Այնուհետեւ, «Կոչ է արվում ԵՄ-ին՝ ակտիվորեն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու ռազմական գործողությունները եւ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգությունը պաշտպանելու ջանքերին, մասնավորապես, մշակելով մեխանիզմ՝ նպաստելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը»:

Իսկ 2022թ. նոյեմբերի 30-ին Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվեց «ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության իրականացումը-2022թ. հաշվետվության» նախագիծը, որով Եվրախորհրդարանը խստորեն դատապարտել էր Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ազդեցություն ունեցած 2022թ. սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան, վերահաստատել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին հարգվի: Մեկ այլ կետով՝ Եվրախորհրդարանն աջակցել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությանը` «նախաձեռնելու եւ միջնորդելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպումները Բրյուսելում եւ խրախուսում է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի գործունությունը. հավատում է, որ ԵՄ-ն կարող է խաղալ «անաչառ միջնորդի» դեր՝ կանխելու հետագա էսկալացիան եւ հասնելու կայուն խաղաղության. կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին ամբողջությամբ ներգրավվել համապարփակ խաղաղության պայմանագրի մշակման գործում. կրկնում է, որ նման պայմանագիրը պետք է անդրադառնա հակամարտության բոլոր հիմնական պատճառներին, ներառյալ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, տեղահանվածների եւ փախստականների վերադարձը իրենց տները՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո, միջկրոնական երկխոսությունը, մշակութային, կրոնական եւ պատմական ժառանգության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունն ու պահպանությունը»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 13.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031