Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես բանակ գնալու համարձակություն չունեմ, բայց կանգնած եմ ընտանիքիս տղամարդկանց թիկունքում»

Մարտ 14,2024 14:00

Ուկրաինացի գրողի հայացքը պատերազմին

ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի գործընկերների կոնսորցիումն իրականացնում է կոմիքսների ժանրի զարգացման «Վիզուալ պատմություններ Հայաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից» նախագիծը։ Մենք ներկայացրել ենք նախագիծը։ Հիշեցնենք, որ այն իրականացնող կոնսորցիումի գործընկերներն են «ԱՐԻ գրականության հիմնադրամը» Հայաստանից, «Վրաստանի գրական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը Վրաստանից եւ «Կոմորա» հրատարակչությունը Ուկրաինայից։

Վիրա Կուրիկոն եւ իր գրքի պատկերապատող Սոֆիա Պոկորչակը։

Նախագծի վերջնական արդյունքը կլինի կոմիքսների գիրք, որում տեղ կգտնեն կին հեղինակների գրաֆիկական պատմություններ ծրագրի մասնակից երկրներից։ Պատմությունները կներկայացնեն կանացի հայացք պատերազմին՝ նրանց դերը ու պատերազմների ազդեցությունն իրենց կյանքի վրա: Վերջերս ներկայացրել էինք վրացի գրող, դասախոս, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպան Էկատերինե Տոգոնիձեի խոսքը։ Նախագծի ուկրաինացի մասնակիցը գրող, լրագրող եւ թղթակից Վիրա Կուրիկոն է, որը մեզ փոխանցեց պատերազմի եւ խաղաղության մեջ ապրող, աշխատող, արարող եւ պայքարող կնոջ մասին իր պատկերացումները.

«Այսօր կանայք մեծ դերակատարություն ունեն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմում։ Կանայք առաջնագծում կռվում են զենքով։ Կանայք ահռելի աշխատանք են կատարում թիկունքում:

Կանայք մեծացնում են երեխաներին, հոգ են տանում ավագ սերնդի մասին, եւ կանայք սպասում են իրենց ամուսիններին: Կանայք անօդաչու թռչող սարքեր են պատրաստում, կանայք խոսում են համաժողովներում, կանայք գրում են պատերազմի մասին, կանայք վկայում են: Եվ այո, կանայք լքում են երկիրը, իսկ ոմանք կարող են նույնիսկ չվերադառնալ։ Եվ այո, կանայք տառապում են:

Երկու տարի է՝ մեջտեղից պատռվում եմ իմ քաղաքի բնակիչ, լրագրող, զինվորականի կին եւ զինվորականի դուստր լինելու միջեւ։ Ես բանակ գնալու համարձակություն չունեմ, բայց կանգնած եմ ընտանիքիս տղամարդկանց թիկունքում։ Եվ ես չեմ ամաչում դրա համար, բայց միեւնույն ժամանակ անհավատալի երախտագիտություն եմ զգում այն կանանց հանդեպ, ովքեր որոշել են զենք վերցնել։ Միեւնույն ժամանակ, ես գիտեմ, որ ուկրաինուհիները կարող են բազմիցս բանակ գնալ, եթե կարիք լինի, թեեւ վախեցած են։

Ես տեսնում եմ կանացի աննախադեպ համերաշխություն. Իմ կողքին ինձ նման հարյուրավոր կանայք են։ Այս բոլոր կանայք պատրաստ են ինձ ձեռք մեկնել։ Ես գիտեմ, որ ես մենակ չեմ եւ ինձ կօգնեն։ Մենք խոսում ենք միմյանց հետ եւ կիսվում մեր փորձով: Ես ու իմ լավագույն ընկերուհին՝ խելացի կին Վիտան, մնացինք քաղաքում, երբ մեր ամուսինները գնացին բանակ։ Մենք չէինք էլ մտածում այն մասին, որ մենք՝ երկու կանայք, չենք կարողանա գործը գլուխ բերել։

Հետո հանդիպեցի մեկ այլ ընկերուհու, ով անձնվիրաբար ոտքի կանգնեցրեց ամուսնուն ծանր վնասվածքից հետո։ Նա բառացիորեն իր գրկում տանում էր նրան անկողնուց դեպի մարզասրահ՝ թույլ չտալով, որ նա հուսահատվի: Այս պատերազմում ես դեռ չեմ հանդիպել պասիվ կնոջ։

Շատ եմ ուզում մտածել, որ կինը պատերազմի զոհ չէ։ Նա ուժեղ կերպար է, ով կարող է պայքարել: Եվ 2022 թ. սկսված լայնածավալ պատերազմից ի վեր, գլխումս այն միտքն է պտտվում, որ ես այնքան նման եմ բոլոր կանանց: Սեւ ցավի միջով ես լսում եմ, որ իմ հետեւում կանգնած են իմ նման հարյուրավոր կանայք՝ ե՛ւ կենդանի, ե՛ւ հանգուցյալ: Նրանք ապրում էին թերեւս ավելի բուռն ժամանակներում, որտեղ կանայք ավելի քիչ հնարավորություններ ունեին, բայց նրանք գոյատեւեցին եւ համառեցին. այդ կանանց շնորհիվ ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Կինը կռվում է:

Միեւնույն ժամանակ, կինը դեռ չի կարող ամբողջությամբ լսելի լինել։ Թեեւ պետք է նշել, որ բանակցային սեղանների շուրջ կան կանայք, եւ նրանք դեռ օգտագործվում են օկուպանտի կողմից որպես գործիք այս պատերազմում։ Բայց ես նաեւ տեսնում եմ, որ կանայք եւ տղամարդիկ ավելի ու ավելի են մեկը մյուսի մեջքին կանգնած այս պատերազմում: Եվ դա արդեն գենդերային հարց չէ, այլ պատերազմում սեփական տեղն իմանալու։

Ասում են՝ եթե կանայք լինեին իշխանության, աշխարհն ավելի լավը կլիներ, բայց կանայք նույնքան լավն են ու վատը, որքան տղամարդիկ։ Աշխարհին հայտնի են Երկրորդ համաշխարհային պատերազմում կանանց նկատմամբ դաժանության դեպքերը։

Ինձ թվում է, որ պատերազմի ընթացքը կախված չէ կանանցից ու ոչ էլ տղամարդկանցից:

Նրանց պարզապես միավորում է ընդհանուր պայքարը»։

Վերջում հակիրճ ներկայացնենք գրողի ստեղծագործական ուղին։ Վիրա Կուրիկոն գրել է պատմվածքների ժողովածու, որում ներառված է «Ներգրավվածների փողոցը. Լուկիանենկոյի գործը Չեռնիգովից» պատմվածքը, ինչպես նաեւ պատմական նոն-ֆիքշն երեխաների համար՝ «Մազեպա. Իրավունքներ Սաբրին» եւ մեկ այլ նոն-ֆիքշըն՝ «Առողջ մարդու վերափոխումը» վերնագրով։ Նա Reporters, The Ukrainians Media, Lokalna Istoria (Տեղական պատմություն), Ukrayinskiy Tyzhden (Ուկրաինական շաբաթ), Ukrainska Pravda ուկրաինական լրատվամիջոցների թղթակից է եւ սյունակագիր: Նրա տեքստերը տպագրվել են նաեւ գերմանական, լեհական եւ չեխական լրատվամիջոցներում։ Վիրան առաջադրվել է BBC-2020 «Տարվա գիրք» գրական մրցանակին, 2020 թ. LitAccent մրցանակի դափնեկիր է, Chest’ Profesiyi 2020 (Մասնագիտության պատիվ) մրցույթի հաղթող «Ռեպորտաժ» անվանակարգում: Նա «Փետրվարի 77 օրը. ապրել եւ մահանալ Ուկրաինայում» լրագրող-հեղինակների համատեղ գիրք-հավաքածուում ներառված մի քանի ռեպորտաժների հեղինակ է: 2022 թ. աշխատել է որպես վավերագրող «Հաշվարկային նախագիծ. Ուկրաինան վկայություն է տալիս՝ Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունների փաստագրման համար» նախագծում: Նա Չեռնիգովի բնակելի թաղամասի առաջին ռմբակոծության մասին ռեպորտաժի հեղինակն է, որը ներառվել է «Իմ կյանքի ամենասարսափելի օրերը» գրքում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031