«Դար» տարածաշրջանային զարգացման եւ մրցունակության հիմնադրամի «Գագարին» նախագիծն ուղղված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների եւ Սևան համայնքի Գագարին բնակավայրն ընդգրկող տարածքների համալիր զարգացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Այն նպատակ ունի ձեւավորելու կայուն զարգացող եւ նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ, որոնք կնպաստեն բնակիչների բարեկեցությանը, ստեղծագործականության բարձրացմանը։
Մարտի 13-ին, Ծաղկունքի միջնակարգ դպրոցի դահլիճում կայացել է «Գագարին» նախագծի երաժշտական ծրագրի եւ Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչների համատեղ համերգ-հանգանակությունը:
Aravot.am-ի հետ զրույցում «Գագարին» նախագծի երաժշտական ծրագրի ղեկավար Լիլիթ Բալաբեկյանն ասաց, որ ծրագրի շրջանակում իրականացնում են ջութակի թավջութակի դաշնամուրի մասնագիտական դասընթացներ: «Այս տարվանից սկսած իրականացնում ենք փոքրիկ համերգաշարեր, որին մասնակցություն են ունենում եւ ուսուցիչները, եւ տարբեր արվեստագետներ ու երաժշտախմբեր: Հունվարի 13-ին կայացել էր մեր առաջին համերգը՝ երեխաների առաջին բեմելը, այսօր էլ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչների եւ «Գագարին» նախագծի երաժշտական ծրագրի ուսուցիչների համատեղ համերգն էր Ծաղկունքի միջնակարգ դպրոցի դահլիճում: Մեզ համար կարեւորվում է այն փաստը, որ երեխաները բեմում տեսնում են հենց իրենց ուսուցիչներին, ինչը մոտիվացնում է նրանց»,-ասաց երաժշտական ծրագրի ղեկավարը:
Նա հավելեց, որ իրենց ծրագրի մասին տեղեկություն կա նաեւ reArmenia դրամահայթայթման հարթակում, որտեղ ցանկացած մարդ կարող է 500 դրամից սկսած նվիրատվություն կատարել: «Մեր դպրոցում այս պահին սովորում է 50 երեխա, եւ մենք ցանկություն ունենք սեպտեմբերին ընդլայնել այդ թիվը, նույն նպատակով տարբեր դրամաշնորհների միջոցներ են օգտագործում…Գյուղական միջավայրում ապրող երեխաների համար շատ կարեւոր է, որ ոչ թե իրենք գան Երեւան ինչ-որ բան տեսնելու, այլ այդ ամենը կատարվի իրենց միջավայրում, փոխվի հենց իրենց միջավայրը»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Արմենպրեսից»
Դրվագ «Գագարին» նախագծի երաժշտական ծրագրի տարեվերջյան համերգից