Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի կավարտվի Վեդիի ջրամբարի շինարարությունը

Մարտ 13,2024 23:40

Մարզային այցերի ընթացքում համայնքների բնակիչները բարձրաձայնում են, մասնավորապես, ոռոգման ջրին եւ ջրաչափերին առնչվող հարցերը, այդ առնչությամբ հայտնում իրենց մտահոգությունները. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ոռոգման ջրի հիմնախնդիրներին, գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերին, ոռոգման ջրի չափման հարցերին եւ օրենսդրական բարեփոխումներին ուղղված աշխատանքային քննարկման ընթացքում: Քննարկումը կայացել է մարտի 13-ին:

Ռուստամ Բաքոյանը նշել է, որ բարձրացվող խնդիրները նոր չեն, ժամանակի ընթացքում տրվել են տարբեր լուծումներ, մասնավորապես, իրականացվել է ջրամբարաշինություն, կաթիլային ոռոգում, անձրեւացում: Սակայն դրանց արդյունավետության գնահատումը ոչ միանշանակ է ընկալվել ոլորտի մասնագետների, գյուղացիական տնտեսությունների կողմից: Պատգամավորը փաստում է, որ ոռոգման ջրի մասով գյուղացիական տնտեսությունների առջեւ ծառացած խնդիրները շարունակում են մնալ չլուծված: Դեռեւս լուծված չէ ոռոգման ջրի չափման հարցը, չեն գործում 2007 թվականին հաստատված կարգավորումները:

Քննարկմանը հրավիրված ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գեւորգյանի խոսքով խնդիրների լուծման նպատակով ամենօրյա աշխատանք է տարվում, համագործակցում են ոչ միայն պետական, այլ նաեւ տարբեր միջազգային կառույցների հետ:

Վահագն Գեւորգյանը տեղեկացրել է, որ ջրամբարաշինության ուղղությամբ իրականացվում են 15+4 ջրամբարների նախագծման եւ շինարարական ծրագրեր: Ընթանում են երկու ջրամբարի շինաշխատանքները: Կոմիտեի նախագահը նշել է, որ այս տարի կավարտվի Վեդիի ջրամբարի շինարարությունը, մեկնարկել է Կապսի ջրամբարի շինարարությունը, 15 ջրամբարներից 6-ի նախագծման, նախահաշվարկային աշխատանքներն ավարտված են. կմեկնարկեն երեք ջրամբարի շինարարության համար հայտարարված մրցույթները:

Համայնքների ներկայացուցիչները խոսել են գյուղատնտեսական աշխատանքների իրականացման հետ կապված առկա խնդիրների մասին, ընդգծել ջրամատակարարման համակարգերի բարելավման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ներկայացրել են առաջարկներ: Նշվել է, որ խնդիրների լուծման համար անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական կարգավորումներ:

Քննարկման մասնակիցները կարեւորել են խնդիրները համատեղ քննարկելու եւ լուծումներ գտնելու հարցը եւ հույս հայտնել, որ բարձրացված խնդիրները կստանան իրենց լուծումները:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031