Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորայի Գյումրու մասնաճյուղի ուսխորհրդի նախաձեռնությամբ վաղը բուհի ճեմասրահում կսկսվի ստորագրահավաք։
Ուսխորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «ԵՊԿ ԳՄ հարգելի դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ, բոլոր տարիների շրջանավարտներ,
Համակոնսերվատորիական ժողովի արդյունքում կայացվել է որոշում` կազմակերպել ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` Կոնսերվատորիայի` «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելու (այլ բուհերի հետ միավորելու, տեղափոխելու) դեմ, որին միանում է նաև ԵՊԿ ԳՄ-ն:
Ստորագրահավաքի գործընթացը Գյումրիում կհամակարգի ԵՊԿ ԳՄ Ուսանողական խորհուրդը։
Ստորագրահավաքի մեկնարկը` մարտի 14-ին, ժամը 10:30-ին, կոնսերվատորիայի ճեմասրահում։ Ստորագրահավաքի ավարտը` ուրբաթ` մարտի 15-ին, ժամը 13:00-ին»։
Ուսխորհրդի նախագահ Հեղինե Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Խելքին մոտ ծրագիր չէ կոնսերվատորիան «Ակադեմիական քաղաք» տեղափոխելը, այն էլ չգիտես ինչ կարգավիճակով։ Կոնսերվատորիան Երևանի սրտում է գտնվում․ մի կողմում Օպերայի և բալետի ազգային թատրոնն է, մյուս կողմում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, այն արմատներից կտրել, տանել-հասցնել չգիտեմ ուր, անտրամաբանական է։
Եթե չկա մայր բուհ, չի լինի նաև Գյումրու մասնաճյուղը, և ասել, թե տարածվող շշուկներն իրականությանը չեն համապատասխանում․ կոնսերվատորիայի շենքը հյուրանոցի չեն վերածում, բացարձակ համոզիչ չէ։ Եթե շենքը դատարկում են, հո հենց այդպես դատարկ չի՞ մնալու։ Չմոռանանք, որ կոնսերվատորիա հիմնելը Կոմիտասի երազանքն է եղել, ինչպես կարելի է հեշտ-հանգիստ խաղալ բուհի ճակատագրի հետ։
Ինձ ասում են՝ դու կավարտես, քո դիպլոմը կստանաս, մի մտահոգվիր, լավ, ես կավարտեմ, իսկ նոր սերունդը որտե՞ղ պիտի սովորի․ Գյումրիից Աշտարակ հասնելը հե՞շտ է․ հոյակապ գիտեն, որ դժվար թե կարողանան հասնել, ինչո՞ւ են խաղում ճակատագրերի հետ։
Կոնսերվատորիայի փակմանը դեմ է ցանկացած երաժիշտ, չի լինելու նման բան, մենք չենք համաձայնելու»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ