Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի նիկոլապաշտներ՝ հալածում են, ճնշում են, թե ի՞նչ գործ ունեք, ի՞նչ միտինգ». Հրանտ Բագրատյան

Մարտ 13,2024 22:03

«Երևանում «Կորեայի ձոր» հատված կա. ասացին, որ մի քանի նիկոլապաշտներ՝ հալածում են, ճնշում են, թե ի՞նչ գործ ունեք, ի՞նչ միտինգ, սպառնում են։ Ես ուզում եմ դրանց ասել՝ ձեզ կհասնենք, ձեզ կարգին պահեք: Ձեր արածն այնքան ծանր է Նիկոլ եւ նիկոլապաշտներ, ձեր արածը՝ դավաճանություն է»,- «Միասին» շարժման հանրահավաքում, իր ելույթն այսպես սկսեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հիշեցնելով այդ դավաճանության արդյունքը՝ ՀՀ 45 հազար 900 քառ․կմ-ից այսօր հայերի տրամադրության տակ մնացել է 28 հազար 400 քառ․ կմ. «17 հազար քառակուսի կմ հանձնված է թշնամուն։ Կիսել եք՝ ինչ-որ ստացել եք. բա որ չեն էլ ասում՝ կերել եք, կոռուպցիա էր։ Օրերս հրապարակվեց Freedom house-ի զեկույցը, որտեղ ասվում է, որ երկիրն իր քաղաքական ազատությամբ նահանջել է և ավելի լավ դիրքում չէ, քան՝ նախկինում, իսկ կոռուպցիան, հատկապես դատական համակարգում, աննախադեպ է։ Ի՞նչն է խանգարում՝ ընդունել մի կարճ օրենք՝ եթե դատավորը կայացնում է սխալ որոշում և գործը գնում է Եվրադատարան, իսկ վերջինս որոշումը կայացնում է հայցորդի օգտին, այդ փողը գանձեն դատավորից։ Սաղ կյանքը պարտքի տակ մնա, որ հասկանա։ Դատավոր կա գործը քննում է, հետո վեր է կենում մեզ ասում՝ ապեր հո չնեղացար, ես հոգու խորքում գիտեմ, որ ճիշտը դուք եք. էս է համակարգը»,- ասաց Բագրատյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկ տեղի ունեցած ասուլիսին, Հրանտ Բագրատյանն ասաց․ «Ինքը չի ասում, որ հողերը հանձնելու է, ասում է՝ իսկ ով ասաց, որ այդ գյուղերը մերն են եղել։ Արծվաշենի մասին ասում է՝ տեսնենք։ Էպիզոդ առ էպիզոդ Ալիևը պոկում է, էս Հայաստանը գոռում-գոչում է՝ ասում է՝ ինձ տիրություն արեք, այ ժողովուրդ։ Նախ պետք է հստակեցվի, որ թվականի քարտեզով են ՀՀ սահմանը գծում»։

Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ ՌԴ-ի կողմից առաջարկ եղել՝ 1926 թվականի քարտեզներով սահմանազատում-սահմանագծում իրականացնելու, որտեղ ՀՀ-ն 31 կմ քառակուսուց ավել է, ինչը ՀՀ իշխանության կողմից անտարբերության մատնվեց:

Անդրադառնալով իշխանության՝ ԲՈՒՀ-երը միավորելու եւ ակադեմիական քաղաք կառուցելու տեսլականին, նախկին վարչապետն ասաց՝ «Այստեղ միայն փողի մոլուցքն է»:

Հրանտ Բագրատյանն ուրախ է, որ այսօրվա հանրահավաքի մասնակիցները հարյուրներով ավել էին, քան նախորդինը եւ վստահություն հայտնեց, որ այս հրապարակում ի մի են բերելու հաղթանակը՝ իշխանության հեռացմամբ, Հայաստանը պահպանելու եւ Արցախը վերադարձնելու գործին լծվելով:

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ հայտարարեց՝ հրապարակի այսօրվա քանակությունը լրջորեն անհանգստացրել է իշխանությանը: Նա երկու հարցի պատասխանեց՝ ինչպե՞ս են հեռացնելու այս իշխանությանը եւ ինչպիսի՞ Հայաստան են ուզում տեսնել:

Առաջին հարցի պատասխանն է՝ եթե այս հրապարակը 2-3 անգամ ավելի լիքը լինի, իրենք պատրաստ են այն գործողությանը, որով հասնելու են վերջնական նպատակին: Իսկ մինչ այդ, բաց են համագործակցության բոլոր այն ուժերի հետ, որոնք երեք գաղափար են ընդունում՝ պետականության պահպանում, զարգացում, Արցախի վերադարձ:

Երկրորդ հարցի պատասխանն էլ սա է. «Առանց Նիկոլ եւ առանց ՔՊ-ականների Հայաստան»: Հայաստանի դաշնակիցները շարժման անդամների համար ՌԴ-ն եւ ԻԻՀ-ն են:

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսից, Արամ Սարգսյանի տպավորությունը հետեւյալն է. «Ժողովուրդ, արագացրեք, եկեք ինձ հեռացրեք. ո՞նց ասաց՝ ի՞նչ անեմ, ռադ լինե՞մ: Մենք պետք է իրեն օգնենք, վերադարձնենք իր թերթ, որտեղ իր աքսիոմներն ու թեորեմները կլուծի»:

Արամ Սարգսյանը նաեւ զգուշացնում է՝ ներկա իշխանությունը պատասխան է տալու՝ քաղաքական, իրավական եւ բարոյական առումներով:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031