Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյանը՝ կոնսերվատորիային․ «Պարոնայք, որպեսզի այսօր ձեր կողքը կանգնեին եւ օգնեին, դուք վեց տարի պետք է աջակցեիք գոնե ձեր կոլեգաներին»

Մարտ 13,2024 21:33

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով իրենց Երեւանի կենտրոնից մայրաքաղաքի ծայրամասերից մեկում կառուցվելիք Ակադեմիական քաղաք տեղափոխելու՝ կառավարության որոշման առիթով Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմում սկսված դժգոհություններին՝ ասաց․ «Ինչ հիմա տեսնում ենք, դիագնոզ է, որը վերաբերում է ոչ միայն ջութակահարներին, դհոլչիներին, առավել եւս, դաշնակահարներին, այլ, առհասարակ, մեր հասարակությանը։ Եկեք հասկանանք․ 2018 թվականին այս ամբողջ պսեվդոինտելեկտուալ մասսան, որն, ինչպես ինքն է գնահատում, քաղաքականությունից շատ հեռու է, որի համար ջութակը շատ ավելի առաջնային է, քան երկրի գոյությունը կամ անվտանգությունը, շատ հանգիստ մերժում, պահանջում, քայլում էր՝ փայփայելով ինչ-որ հույսեր։ Ամեն մարդ, բնական է, սխալվելու իրավունք ունի, մարդ չկա, որը չի սխալվում։ Բայց դրան հետեւեց պատերազմ, Արցախի կորուստ, հիմա՝ Հայաստանի Հանրապետության կորուստ։ Ու այս մարդիկ ջութակը լարելիս բացարձակապես չէին հետաքրքրվում, թե ինչ է կատարվում երկրի հետ։

Ու հենց խնդիրը եկավ հասավ իրենց դռանը, հանկարծ հիշեցին, որ իրենք արժանապատիվ քաղաքացիներ են։ Նույնը վերաբերում է Կասկադում պիվա խմողներին։ Այսինքն, հենց որոշեն Կասկադը դարձնել փակ գոտի, որտեղ տիկինն է գալու իր ընկերուհիների հետ խլվլա, Կասկադի ժողովուրդը այ այսպես ոտքի կկանգնի ու կպայքարի իր արժեքների եւ իրավունքների համար։

Սա սինդրոմ է։ Ու խնդիրն այստեղ միանշանակ ոչ թե մշակույթի վտանգն է, այլ այն, որ կոնսերվատորիայի այս բողոքող մարդիկ չեն ուզում ամեն առավոտ գնալ Աշտարակ ու հետ գալ։ Երեւանի կենտրոնն ավելի հարմար է ու երեւի 10 րոպեի ոտքի ճանապարհ է։ Եվ ուզում եմ ասել, որ սա շատ լավ պատկերն է, այն բանի, որ երբ դու չես զբաղվում «պալիծիկայով», «պալիծիկան» զբաղվում է քեզանով։ Դուք ինտելիգենցիա չեք, դուք քաղքենիներ եք, որովհետեւ շուրջն ամեն ինչ քանդվում, փլուզվում է, վտանգի եւ ոչնչացման առջեւ է կանգնած, ձեր դարդը մի հատ շենք է։ Վեց տարի երկիրը կործանվում է։ Իսկ ձեր համար աշխարհը փլվեց այն ժամանակ, երբ պարզվեց, որ ձեր աշխատանքի գնալու ժամանակը լինելու է ոչ թե 15 րոպե, այլ 1 ժամ 15 րոպե»։

Տիկին Ադիբեկյանը հիշեցրեց, երբ խլում էին Բրյուսովի անվան ինստիտուտը։ «Այն ժամանակ քանի՞ հոգի գնաց, կանգնեց իր գործընկերների կողքը, ասաց՝ միանում ենք ձեզ, որովհետեւ նույն վտանգը մեզ էլ է սպասվում։ Պարոնայք, որպեսզի այսօր ձեր կողքը կանգնեին եւ օգնեին, դուք վեց տարի պետք է աջակցեիք գոնե ձեր կոլեգաներին։ Չեմ ասում Գեղարքունիքի ձուկ բռնողներին, խոպանչիներին կամ ամեն օր տրանսպորտով երթեւեկող ձեր համաքաղաքացիներին։ Արցախցիների մասին առհասարակ չեմ խոսում։  Գոնե ձեր կոլեգաներին աջակցեիք, որովհետեւ դուք նույն հարթության մեջ եք»,-ասաց Արմինե Ադիբեկյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031