«Տարաձայնություն չէ, երկու առաջարկի շուրջ կան իրարամերժ տեսակետներ։ Այդ առաջարկները դրել ենք քվեարկության և իր առաջարկը չի անցել»,- այսօր, «Միասին» շարժման հանրահավաքից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց շարժման համակարգող, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին: Հարցը վերաբերվում էր շարժման ներսում տարաձայնություններին: Դրանց մասին օրերս խոսել էր Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Ըստ Արամ Սարգսյանի՝ Էդգար Ղազարյանն առաջարկել է հենց հիմա ներկայացնել վարչապետի թեկնածուին եւ ապագա կառավարության ողջ կազմը. «Մենք գտանք, որ դա սխալ մոտեցում է, միայն այն պատճառով, որ այսօր մենք չենք կարող մեզ վրա վերցնել այդ մենաշնորհը և ասել՝ մենք ենք ներկայացնում այդ ամենը։ Բացի դրանից, դրա ժամանակը դեռ չի եկել, ժողովրդի հետ պետք է նաև համաձայնեցնել՝ արդյո՞ք հավանություն կտա, թե՞ ոչ։ Մենք մեր շարժման կողմից կարծում ենք, որ ԱԺ-ում, եթե այդ հարցը բարձրացվի, ապա վարչապետի թեկնածու կարող է լինել Հրանտ Բագրատյանը, բայց նաև ասում ենք , որ չի կարելի այս նույն սուպերվարչապետի բաճկոնով ուրիշի բերել, ով էլ լինի։ Կարծում ենք՝ իշխանության թևերը պետք է հավասարակշռված լինի»:
Արամ Սարգսյանի համոզմամբ՝ սխալ է մեկ անձին դնել առաջնորդ և շարժումը ձևավորել այդ անձի շուրջ։ Ըստ նրա՝ պետք է իրականացնել այն ծրագիրը, որի հենքում կլինի ազգային գաղափարախոսությունը։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ