«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», «Ազատության» հրապարակում, «Միասին» շարժման հանրահավաքը մեկնարկեց մեծն բանաստեղծ Չարենցին ուղղված ծափերով եւ նրա խոսքի բարձրաձայնմամբ: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը հայտարարեց՝ «Միասին» շարժումը հասնելու է Չարենցի պատգամի իրականացմանը եւ հանուն պետության պահպանման հասնելու է ազգի միասնականացման: Նա նաեւ ներկայացրեց շարժման մարզային այցելություններից ընդհանուր եզրահանգումը՝ «հեռացնել ազգադավ իշխանությանը, ունենալ ազգային իշխանություն»:
4-օրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանի կոչը երիտասարդներին էր ուղղված. «Ժամանակ չկա. խնդրում եմ միավորվեք, որովհետեւ հարցի լուծումը միայն լինելու է՝ հեռացնելով դավաճանին: Կոնսերվատորիան են փակում. ստորագրահավաք, ցույցեր…տարբեր պայքարներ են եղել այս տարիների ընթացքում, որեւիցե հարց չի լուծվել: Չենք կարողանալու, ի՞նչ ուզում եք՝ փորձեք, ձեր հարցերը լուծվելու են միմիայն ազատվելով այն դավաճանից, ով 44-օրյա պատերազմին մեզ ծախեց հողի մեջ, ծախես՝ բառիս ուղիղ իմաստով: Դավադրաբար հայտարարեց ամբիոնից՝ պատրաստ է զոհվելու հանուն հայրենիքի, ինչո՞ւ չզոհվեց: Ով հայտարարում է, որ պատրաստ է զոհվելու հանուն հայրենիքի, դա նշանակում է, որ Արցախը պետք է լիներ կամ չլիներ՝ իր զոհվելուց հետո: Բայց նա համարձակություն չունեցավ անգամ Ստեփանակերտ գալու»:
Նա հորդորեց՝ ոստիկաններին, դատավորներին ու դատախազներին, աշխարհասփյուռ հայերին, սթափվել, դուրս գալ եւ միանալ հրապարակային պայքարին, քանի որ Նիկոլ Փաշինյանն այժմ էլ Տավուշն է հանձնում, ՀՀ քարտեզն է օր-օրի փոքրացնում:
Արցախյան պատերազմների հերոս, գնդապետ Վահան Բադասյանն էլ իր խոսքում հիշեցրեց դեռ 1992-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը՝ «Կոմսոմոլսկայա պրավդային», որտեղ նա հայտարարում էր, թե հայկական կողմը պատրաստ է ընդունել Արցախը՝ Ադրբեջանի կազմում՝ լայն ինքնավարությամբ եւ դա խայտառակություն անվանեց:
Կարդացեք նաև
Ապա խոսեց Արցախի հարցի կարգավորման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկի մասին՝ Արցախի հարցի լուծում՝ ինքնորոշման սկզբունքով՝ նկատելով, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունների շրջանում հարցի լուծման այդ տարբերակը պահպանվում էր, բայց ներքին կյանքում բարքերն այն աստիճան էին այլասերվել, որ հեղափոխության անվան տակ իշխանություն սպրդեցին քաղաքականությունից, տնտեսությունից, բանակի մարտական գործողությունների կառավարումից, դիվանագիտությունից և պետական կառավարման այլ կարևոր ոլորտներից բոլորովին անտեղյակ դիլետանտներ, երկիրը գլորեցին անդունդի եզրին՝ կանգնեցնելով այս դաժան իրականության առջև:
«Ամեն օր այս ապազգային կառավարությունը մի նոր հակահայ որոշում է ընդունում՝ մեր աչքը, միտքը կաթիլ առ կաթիլ լցնելով սովորեցնում համակերպվելը պարտության, զիջման, խեղճության, կորուստների համակերպման հետ։ Հեղափոխությունը, որն իրականում տեղափոխություն էր, համակերպվեցինք, երկիրը գիտակցաբար պարտության տանելուն համակերպվեցինք, թշնամի երկրի՝ ՀՀ տարածք ներխուժելը համակերպվեցինք, Արցախի հանձնմանը համակերպվեցինք։ Համակերպվեցինք անհամար ապազգային գործողությունների, որոնք շարունակվում են մինչ օրս: Արդեն «վայչապետ» կոչվածը հայտարարեց՝ ՀՀ տարածքը պարզվում է ոչ թե 29 հազար 800 քառ․ կմ է, այլ ավելի փոքր՝ մեզ պատրաստելով կանխատեսելի հերթական աղետների»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ իշխանության վարքագիծը թշնամի իշխանության վարքագիծ է, նրանք դավաճաններն են:
«Հայաստանն անդունդի եզրին է, սրանից ավելի հնարավոր չէ գլորվել։ Այս իշխանությունն արդեն դավաճանից վերածվել է թշնամու»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա թիվ մեկ հարցը պետք է լինի՝ հեռացնել այս ազգադավ իշխանությանը, իսկ դա հնարավոր է միայն միավորվելով եւ վարչապետին իմպիչմենտ հայտարարելով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ