ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ելույթը ՄԱԿ ԵՏՀ կայուն զարգացման տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածի ընթացքում
Մարտի 13-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ ԵՏՀ կայուն զարգացման տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածին: Վահան Կոստանյանը իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Ինձ համար մեծ պատիվ է այս համաժողովի բարձրաստիճան հատվածի շրջանակներում հանդես գալ ազգային ելույթով։
Գտնվելով 2030թ. օրակարգի իրականացման գործողությունների տասնամյակի կեսին՝ այս ֆորումը ևս մեկ հնարավորություն է ընձեռում անդրադառնալ ձեռքբերումներին և առկա խնդիրներին:
Կարդացեք նաև
Գլխավոր քարտուղարի վերջին զեկույցը հստակ վկայում է, որ աշխարհը զգալիորեն հետ է ընկել 2030 թվականի օրակարգի իրականացումից՝ հետևում թողնելով աշխարհի կեսից ավելիին: Կայուն զարգացման նպատակների իրականացումը բախվում է աննախադեպ մարտահրավերների՝ սկսած կլիմայի փոփոխությունից և աղքատությունից, մինչև հակամարտություններ և մարդու իրավունքների կոպիտ խախտումներ:
Կարևոր է վերանայել ռազմավարությունները, խթանել գլոբալ գործընկերությունը ու գործողությունները՝ արագացնելու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) առաջընթացը: Հետևաբար, Հայաստանն աջակցում է Գլխավոր քարտուղարի «Մեր ընդհանուր օրակարգին» և նրա փոխակերպող գործողությունները, որոնք ուղղված են ապահովելու ՄԱԿ-ի համակարգի՝ խաղաղության, կայուն զարգացման և բոլոր ժողովուրդների համար մարդու իրավունքների պաշտպանության մանդատի իրագործումը:
Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված կայուն զարգացման նպատակներին և դրանց ազգայնացմանը, խարսխված է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար բարենպաստ միջավայր ստեղծելու մեր վճռականության վրա:
Մենք զգալի ջանքեր ենք գործադրել՝ ներառական և որակյալ կրթություն, հասանելի առողջապահական համակարգ և հուսալի սոցիալական պաշտպանության ծառայություններ ապահովելու, ինչպես նաև գենդերային հավասարության հասնելու և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման համար: Արդյունավետ կառավարման և թափանցիկության խթանումը, հաշվետու պետական ինստիտուտների կառուցումը և կոռուպցիայի նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության քաղաքականությունը մեր Կառավարության առաջնահերթություններից են:
Այս բարեփոխումների շնորհիվ վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը պահպանել է երկնիշ աճի տեմպերը՝ բարձրացնելով տասնյակ հազարավոր մարդկանց աղքատության շեմից և պահպանելով ֆինանսական կայունություն ու տնտեսական ամուր հեռանկարներ: Այս բարեփոխումների շնորհիվ մենք կարողացել ենք հասցեագրել անցյալ տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 108.000 հայերի կարճաժամկետ կարիքները:
Հայաստանը հավատացած է, որ խաղաղությունն ու անվտանգությունը կայուն զարգացման կարևոր նախադրյալներ են: Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը գիտակցում է ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների, համապարփակ գործող ճանապարհների և տրանսպորտային ենթակառուցվածքների կենսական կարևորությունը:
Առաջնորդվելով տարածաշրջանային կապուղիների համակողմանիության, ներառականության, ոչ խտրական օգտագործման և տարածաշրջանում բոլորի համար բարգավաճում ապահովելու տեսլականով՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Այն նպատակ ունի կապել արևելքը արևմուտքին և հյուսիսը հարավին՝ պայմաններ ստեղծելով մեր տարածաշրջանի զգալի ներուժի իրացման համար։
Եզրափակելով խոսքս՝ թույլ տվեք վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ իր ներդրումն ունենալ 2030թ. օրակարգի արդյունավետ իրականացման գործում՝ ներկա և ապագա սերունդների համար ավելի ապահով, անվտանգ և լավ աշխարհ ունենալու համար:
Շնորհակալություն»:
ՀՀ ԱԳՆ