Լրահոս
Օրվա լրահոսը

«1926թ․-ի քարտեզներում էլ Հայաստանի տարածքը 30 948 քկմ է, վարչապետը չպետք է հենվի հանրագիտարանում գրվածի վրա»․ Ռուբեն Գալեչյան

Մարտ 13,2024 19:50

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալեչյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի տարածքի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Փաշինյանն իր ասուլիսում հայտարարել էր, որ ԽՍՀՄ հանրագիտարաններից մեկի համաձայն՝ ՀՀ տարածքը 29 800 քկմ չէ։ «Տիտղոսին գրած է՝ 29 800, հետո պարզվեց, որ դա կլորացված թիվ է, տեքստի մեջ կա 29 հազար 743 քկմ»,- ասել էր նա։

«1926 թվականի քարտեզներում էլ Հայաստանի տարածքը գրված է 30 948 քկմ։ Դրան ի՞նչ կասեն։ Վարչապետը չպետք է հենվի նրա վրա, թե հանրագիտարանում ինչ է գրված։ Հանրագիտարանում մոտավոր թվեր են»,- մեզ հետ զրույցում ասաց Ռուբեն Գալեչյանը։

Անդրադառնալով Տավուշի մարզի 4 գյուղերը հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ քարտեզագետն ասաց․ «Նախքան այդ գյուղերի մասին խոսելը Ադրբեջանը թող դուրս գա իր բռնազավթած տարածքներից՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից, հետո կնստենք կխոսենք։ Առանց դա անելու ոչ մի բանակցություն չպետք է լինի։ Հայտնի չէ՝ որ գյուղերի մասին է խոսում, չորս գյուղ կա, որոնք անկլավների թվում են, դատարկ են, Բաղանիսն ու Այրումը հայկական գյուղեր են, մերն են, ճանապարհը մտնում Ադրբեջան դուրս է գալիս։ Մենք ոչինչ չպետք է հանձնենք Ադրբեջանին, մինչեւ ինքը դուրս չգա մեր տարածքներից, որտեղ մտել է»։

Ռուբեն Գալեչյանը նաեւ ասաց, որ այսպես կոչված «անկլավների» համար իրավական հիմք գոյություն չունի։ «Ադրբեջանը երկու տարի առաջ ասաց՝ եթե Հայաստանն ասում է՝ ակնկալներն իրեն են, թող փաստաթուղթ ներկայացնի, որ դրանք իրենն են։ Մենք հակառակը պետք է ասենք՝ այդ տարածքները մեր տարածքի մեջ են, եթե ուրիշն ասում է՝ իմն են այդ տարածքները, թող ինքը փաստաթուղթը բերի ներկայացնի, թե ինչպես են իրենց հանձնվել այդ տարածքները։ Իրավական հիմք գոյություն չունի։ Այդ գյուղերը ԽՍՀՄ ժամանակաշրջանում Ադրբեջանին տրվել են ապօրինի ձեւով։ Սովետական շտաբը քարտեզի վրա գծել է, տվել է նրանց՝ առանց մեր հետ խորհրդակցելու»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031