Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ծրագիրը` Հայաստանում փախստականների հետ կապված ճգնաժամին ԵԽ-ի արձագանքի մի մասն է

Մարտ 13,2024 19:40

Ողջունում ենք ԵԽ երեւանյան գրասենյակի ակտիվ գործունեությունը Հայաստանում եւ անչափ կարեւորում ՀՀ-ԵԽ 2023-2026 թվականների գործողությունների ծրագրում ներառված «ՀՀ-ում սոցիալական ոլորտի մարդու իրավունքների ամրապնդում» երկամյա ծրագրի մեկնարկը` ողջունելով ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին խորհրդարանում` ասել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 13-ին, որին մասնակցել են նաեւ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ծրագրերի համակարգող Մարգարիտա Գալստյանը եւ ԵԽ Երեւանի գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու Էմմա Մկրտչյանը:

Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական ներառման եւ բնակապահովման ծրագրերի իրականացման աշխատանքներին ակտիվորեն ներառված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ներկա պահին քննարկվում են արդեն երկարաժամկետ ծրագրերը:

Խոսելով ԵԽ երեւանյան գրասենյակի հետ ակտիվ համագործակցության մասին` Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ համատեղ աշխատանքների արդյունքում «Մարդու իրավունքներն ու կենսաբժշկությունը» կոնվենցիայի ստորագրման եւ վավերացման նախապատրաստական ակտիվ փուլում են: Ընդգծելով կոնվենցիայի կարեւորությունը` հանձնաժողովի նախագահը նշել է, որ այն առողջապահության ոլորտում մարդու իրավունքներին վերաբերելի միակ միջազգային փաստաթուղթն է:

Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին ԵԽ երեւանյան գրասենյակի աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար: Նա նշել է, որ կոնվենցիայի ստորագրումը եւ վավերացումը Հայաստանի համար կլինի կարեւոր զարգացում: ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը ներկայացրել է սոցիալական իրավունքների համար նախատեսված նոր ծրագիրը` նշելով, որ այն Հայաստանում փախստականների հետ կապված ճգնաժամին ԵԽ-ի արձագանքի մի մասն է:

ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը գնահատանքի խոսք է ուղղել Հայաստանի ներպետական բոլոր իրավասու մարմիններին` ճգնաժամին հավուր պատշաճ հակազդելու եւ արձագանքելու համար: «ԵԽ-ն առաջին օրից ուշի-ուշով հետեւում եւ արձագանքում է այս ճգնաժամին` հանդես գալով համապատասխան հայտարարություններով: Դրա հիման վրա գլխավոր քարտուղարը հայտարարեց ծրագրային նոր փաթեթի մասին, որը ներառում է 4 ծրագիր: Նպատակն է համագործակցել եւ աջակցել իշխանությանը, որպեսզի ճգնաժամի հետ կապված միջնաժամկետ եւ երկարաժամկետ կարիքներին հնարավոր լինի արձագանքել»,- ասել է Մաքսիմ Լոնգանգեն:

Ըստ նրա` առաջնահերթություն են համարվել սոցիալական իրավունքների հետ կապված հարցերը, այդ թվում` կացարանների, զբաղվածության ապահովման եւ կրթության իրավունքի իրացման խնդիրները: ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարի դիտարկմամբ ծրագիրն ավելի լայն շրջանակ կընդգրկի եւ կանդրադառնա նաեւ Եվրոպական սոցիալական խարտիայի կատարման խնդիրներին:

Ծրագիրն աշխատելու է երեք ուղղություններով. պաշտոնապես այն մեկնարկել է 2024 թվականի հունվարի 1-ից եւ կտեւի մոտավորապես երկու տարի: Առաջին եւ ամենամեծ բաղադրիչը կլինի օրենսդրության վերանայումը: Երկրորդ բաղադրիչով դիտարկվելու են իրավասու մարմինների կարողությունների զարգացման հնարավորությունները, մասնավորապես` սոցիալական իրավունքների պաշտպանության եւ առաջմղման կարողությունները:

«Սա սոցիալական իրավունքներին նվիրված առաջին ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում»,- նշել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ծրագրերի համակարգող Մարգարիտա Գալստյանը:

Ծրագրի շրջանակում աշխատանքներ են տարվում նաեւ առաջնագծում փախստականներին առաջնային աջակցություն ցուցաբերող քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ` զարգացնելու սոցիալական իրավունքները պաշտպանելու նրանց կարողությունները: Դիտարկվելու է Հայաստանում Եվրոպական սոցիալական խարտիայի կատարման իրավիճակը:

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները ներկայացրել են փախստականների ճգնաժամի հետ կապված իրավիճակի, սոցիալական խարտիայի կատարման վերաբերյալ իրենց դիտարկումները:

Անդրադառնալով առողջապահության մատչելիության խնդրին` Նարեկ Զեյնալյանը նշել է, որ ՀՀ-ն բավականին ակտիվ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Նա խոսել է առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման մասին:

Բազմակողմ եւ բազմաբաղադրիչ ծրագրի իրականացման անհրաժեշտության մասին խոսելով` Բաբկեն Թունյանն ընդգծել է սոցիալական համերաշխության խնդիրը: Նա կարեւորել է այս հարցում եւս եվրոպական գործընկերների աջակցությունը` հավասարակշռությունը պահպանելու համար:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու համար Կառավարության կողմից արդյունավետ իրականացված կարճաժամկետ ծրագրերի համատեքստում Ռուստամ Բաքոյանը նշել է, որ միջնաժամկետ եւ երկարաժամկետ աջակցության ծրագրերի համար Կառավարությունը միջազգային գործընկերների աջակցության կարիքը կունենա տարբեր հարթություններում:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031