Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով այսօրվա դատական նիստը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արուսյակ Ալեքսանյանին դատարան տեղափոխելու հետ կապված տեխնիկական խնդրի պատճառով սկսվեց մոտ երկու ժամ ուշացումով:
Այսօրվա նիստում հարցաքննվեց գործով դատակոչված վկա Արմեն Շիրոյանը, որից հետո նախագահող դատավորը հայտարարեց, որ քանի որ մոտենում է Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքի ժամկետը, այսօր պետք է նաեւ քննարկվի այն երկարացնելու հարցը:
Հանրային մեղադրողը առաջարկեց 1,5 տարի անազատության մեջ գտնվող Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքի ռեժիմը չփոխել, պաշտպանական կողմը պնդեց հակառակը՝ միջնորդելով, որպեսզի մեղադրյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրվի տնային կալանքը:
Կարդացեք նաև
Լսելով կողմերի դիրքորոշումը՝ դատավոր Վահե Դոլմազյանը հրապարակեց դատարանի որոշումը, որով Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխվեց այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 8-ին, ժամը 16:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ