Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Նա քիչ առաջ ֆեյսբուքյան գրառում էր կատարելով՝ նշելով․ «Նոր քրեական գործ, նոր հոդվածներ…
Հերթական անգամ մեղադրյալի կարգավիճակում հայտնվեցի, այս անգամ ֆեյսբուքյան գրառման համար:
Կեցցե, ոչ բռնի, թավշյա օկուպացիան, որը մեզ բերեց լուրջ ժողովրդավարություն»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում ընդդիմադիր գործիչն ասաց, որ ինքն այսօր Գյումրիում չէր, զանգահարել են իրեն քննչականից ու մեղադրյալի կարգավիճակում հրավիրել հարցաքննության։
«Դեռ մանրամասներին ծանոթ չեմ, թե իմ որ գրառումն է առիթ տվել մեղադրանք առաջադրելու, միայն փոխանցել են, որ ֆեյսբուքով բռնության կոչ եմ արել, ես անկեղծ ասած՝ չեմ հիշում նման բան։
Տեղեկացրեցին, որ իմ գրառումներին հետևել են, հանցակազմ պարունակող գրառում հայտնաբերել ու միանգամից որոշել են ինձ մեղադրանք առաջադրել։
Կգնամ վաղը, հասկանամ, թե այդ ինչ հանցանք եմ կատարել, որ մեղադրյալի կարգավիճակում եմ հայտնվել», -ասաց Կարապետ Պողոսյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ