Նախագծերի փաթեթի հիմնական նպատակն է շրջիկ առեւտրի պահանջարկի բարելավումը, շրջիկ առեւտրի կետերի շրջանառության բարձրացումը, համապատասխանաբար նաեւ համայնքներում տեղական տուրքերի մուտքերի ավելացումը, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացմանը նպաստելը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 13-ի նիստում:
Վաչե Տերտերյանի խոսքով դեռեւս մեկուկես տարի առաջ ընդունվել է Երեւան քաղաքում շրջիկ առեւտրի կանոնակարգմանը վերաբերող օրենսդրական փաթեթը: «Եվ որոշում է կայացվել Երեւանում կիրարկելուց հետո՝ աշխատունակ լինելու դեպքում, այն տարածել նաեւ մյուս համայնքների վրա»,- մանրամասնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը:
Քննարկված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է Երեւանում գործող շրջիկ առեւտրին վերաբերող իրավակարգավորումները կիրառելի դարձնել նաեւ մյուս համայնքներում:
Կարդացեք նաև
Վաչե Տերտերյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ներկայացրել է պարզաբանումներ շրջիկ առեւտրով զբաղվող անձանցից առգրավված ապրանքների ճակատագրի, փողոցային առեւտրի վերաբերյալ: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենքի ճիշտ կիրարկման եւ պատշաճ վարչարարության պարագայում փողոցային առեւտրի ծավալներն էապես կնվազեն: Նրա դիտարկմամբ նկատվում է փողոցային առեւտրի ծավալների նվազման միտում:
Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը կիրականացնի արտագնա նիստեր:
ՀՀ ԱԺ