Հայաստանում մարտի 20-ին հերթական անգամ կտոնվի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, որն այս տարի կնվիրվի հայ նշանավոր դիվանագետ Քրիստիան Տեր–Ստեփանյանի հիշատակին:
«Ֆրանկոֆոնիայի օրեր 2024»-ի շրջանակում երկու ամիս շարունակ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գավառում կանցկացվեն ավելի քան 30 միջոցառումներ: Ծրագիրը բազմաժանր է՝ կինո, երաժշտություն, թատրոն, ժամանակակից արվեստ։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանն այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել են երկամսյակի հագեցած ծրագրի մանրամասները: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցը, ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և համագործակցության զարգացման վարչության պետ Դավիթ Կնյազյանը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն:
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա գլխավոր միջոցառումը՝ մարտի 20-ին
Կարդացեք նաև
ԿԳՄՍ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին՝ համերաշխությանը, հանդուրժողականությանը, մասնակցայնությանը և խաղաղ համակեցությանը:
«Այս տարի 325 կրթական ու մշակութային հաստատություններ տոնելու են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպելով շուրջ 1000 միջոցառումներ: Գլխավոր միջոցառումը, իհարկե, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգն է, որը կազմակերպում ենք ԱԳ նախարարության և Հայաստանում ֆրանկոֆոն դեսպանների համակարգող խմբի ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ»,- ներկայացրել է Արթուր Մարտիրոսյանը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ին, կկայանա Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մասնակցությամբ: Ծրագրում ընդգրկված կլինեն Կլոդ Դեբյուսի, Մորիս Ռավելի, Պլիվիե Մեսսիանի և այլ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Հայաստանում ֆրանսերեն է սովորում 62 հազար աշակերտ
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ ՀՀ-ում ֆրանսերեն սովորող աշակերտների թիվն արդեն հասել է 62 հազարի: Այս պահին ՀՀ-ում գործող շուրջ 250 դպրոցում դասավանդվում է ֆրանսերեն, իսկ ուսուցիչների թիվը 364 է:
«Սա ցույց է տալիս մեր հանրության շրջանում ֆրանսերենի հանդեպ մեծացող հետաքրքրությունը, որն իրականություն է դառնում նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանսիական ինստիտուտի գործուն աջակցությամբ: Անցյալ տարի ֆրանսերենի խորացված ուսուցում և առանձին ֆրանկոֆոն ծրագիր իրականացնող դպրոցների թվին ավելացավ ևս մեկը՝ Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցը: Այս դպրոցները հանդես կգան որպես ռեսուրս-կենտրոններ՝ այլ դպրոցների ուսուցիչների վերապատրաստման համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ֆրանկոֆոնիայի միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանը մասնակցում է նաև տարբեր ձևաչափերով հանդիպումներին:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Ֆրանսիայի դեսպանատան հետ նոր նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա Հայաստանում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստողների կայուն խումբ ունենալ՝ շարունակաբար աշխատելով ուսումնական նյութերի զարգացման ուղղությամբ:
Հայաստանը 2027 թ. կընդունի ֆրանկոֆոն խաղերը
Արթուր Մարտիրոսյանը հիշեցրել է՝ մեր երկիրը 2027 թվականին պատրաստվում է ընդունել Ֆրանկֆոնիայի միջազգային խաղերը. «Ավելի քան 50 երկրներից ակնկալում ենք շուրջ 4000 մասնակիցների: Վստահ ենք՝ շատ հետաքրքիր ծրագիր է սպասվում սպորտային և մշակութային առումով: Ընդ որում՝ Հայաստանը, իր ազգային առանձնահատկություններից ելնելով, 3 նոր մրցաձև է առաջարկել, օրինակ՝ շախմատը: Ֆրանսերենի զարգացման առումով ևս շատ անելիքներ ունենք մինչև 2027 թվականը, որպեսզի կարողանանք հավուր պատշաճի հյուրընկալել այդ մեծամասշտաբ միջոցառումը»:
«Հայաստանը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության սիրված անդամ է»
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ողջունել է ներկաներին և ընդգծել Հայաստանի ակտիվ մասնակցությունը. «Հայաստանը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ, շատ ազդեցիկ և սիրված անդամ երկիր է: Հայաստանի համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ լինելը ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլև մշակութային մեծ բաղադրիչ է պարունակում»:
Դեսպանը հիշեցրել է՝ հոկտեմբերի 4-ին Ֆրանսիայում տեղի է ունենալու կազմակերպության հերթական գագաթաժողովը, որին մասնակցելու է նաև Հայաստանը։
30 միջոցառում՝ Երևանում, Գյումրիում, Գավառում և Վանաձորում
«Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում տեղի կունենան ավելի քան 30 միջոցառումներ՝ կինոյի, թատրոնի, ժամանակակից արվեստի, երաժշտության ժանրերում։ Կարևոր է, որ միջոցառումները տեղի են ունենալու ոչ միայն մայրաքաղաքում, այլև Գյումրիում, Գավառում և Վանաձորում։ Ֆրանկոֆոնիան միայն մայրաքաղաքի և էլիտայի համար չէ. այն Հայաստանում ուղղված է բոլորին՝ անկախ նրանց գտնվելու վայրից»,- ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը:
Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և, մասնավորապես, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումների անցկացման գործում ցուցաբերած ահռելի ջանքերի և պատրաստակամության համար:
Ֆրանկոֆոնիան նաև արժեքների տարածում է
Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցի խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը զարգացնում է անդամ պետությունների միջև մշակութային, կրթական և տնտեսական համագործակցությունը:
«Ֆրանկոֆոնիան նաև արժեքների տարածում է՝ համերաշխություն, բազմազանություն, փորձի փոխանակում, հանձնառություն: Հենց դրանք մեծ կարևորություն ունեն այն պառակտված և տարաձայնություններով լի աշխարհում, որտեղ ապրում ենք: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հիմնական նպատակն է անդամ երկրների միջև կիսել բոլոր արժեքները, զարգացնել քաղաքական, մշակութային և տնտեսական գործակցությունը: Յուրաքանչյուր երկիր իր ավանդն է ներդնում։ Հայաստանն այն երկրներից է, որի ավանդը հատկապես հատկանշական է՝ հաշվի առնելով երկրի չափն ու լեզվակիրների թիվը։ Հայաստանի փորձը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ստեղծել համամարդկային արժեքներ»,- ասել է դեսպանը:
Հայաստան կայցելի ֆրանսիացի գրող Սիլվեն Թեսոնը
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Երևան կայցելի հայտնի ֆրանսիացի գրող Սիլվեն Թեսոնը։ Մարտի 18-ին Ազգային գրադարանում տեղի կունենա նրա ստեղծագործության մոտիվներով նկարահանված «Սև ճանապարհին» ֆիլմի ցուցադրությունը։ Այնուհետև կկազմակերպվի քննարկում Թեսոնի մասնակցությամբ։ Միջոցառումների ամբողջական ցանկը կհրապարակվի առաջիկա օրերին:
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագիրն այս տարի յուրահատուկ է. նշվում է բոլոր ժամանակների ամենահայտնի ֆրանկոֆոն երգիչներից մեկի՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակը։ Այս կարևոր հոբելյանը Ֆրանսիայի և Հայաստանի համատեղ առաջարկով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ֆրանկոֆոն պետությունների խմբի միաձայն աջակցությամբ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների տարելիցների 2024-2025 թվականների օրացույցում։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ