ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը գործարկել է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում») եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) ակադեմիական հարթակը։ Այն աշխարհին է ներկայացնում Արցախի մշակութային ժառանգությունը, հետևում դրա արդի վիճակին, արձագանքում ադրբեջանական վանդալիզմի դեպքերին։ Տվյալների հավաքմամբ և մշակմամբ զբաղվում է ինստիտուտում ստեղծված «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» խումբը և «Մոնումենտ վոթչ» թիմը։
Հարթակի հիմնական նպատակն Ադրբեջանին անցած Արցախի անշարժ մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային օջախների քարտեզագրումը և գույքագրումն է՝ վիճակը մինչև պատերազմը, ընթացիկ վիճակին հետևելը և փոփոխությունների վավերացումը (ավերում, ձևափոխում, վերօգտագործում, քանդակների, պատկերների, արձանագրությունների ջնջում ու փոփոխում, նոր սիմվոլների կիրառում և այլն), և այդ ամենը միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը ներկայացնելը:
«Հարթակը հատուկ ձևաչափով մշակված գիտական հոդվածների տեսքով ներկայացնում է Արցախի մշակութային ժառանգությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը՝ հնավայրերը, հուշարձանները, կոթողները, քաղաքացիական կառույցները, թանգարանները, հավաքածուները, առանձին մանրամասները։ Ահազանգերի բաժնի հոդվածները ներկայացնում են Ադրբեջանի բռնայուրացման քաղաքականությունը և կոնկրետ դեպքերը, գնահատում դրանք միջազգային մշակութապահպան կոնվենցիաների լույսի ներքո», – ասաց գիտական խմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։
Նա նշեց, որ բացի հարթակից «Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրություն» խմբի և «Մոնումենտ վոթչ» թիմի հետազոտությունները տպագրվել են միջազգային ճանաչում գտած հանդեսներում և ձեռնարկներում (Electrum, Patrimoines, Gruyter, Brill):
«Մշակութային ժառանգության հետազոտության, ահազանգման և պահպանության ասպարեզում թիմի հետազոտական աշխատանքը հիմնվում է միջազգային կոնվենցիաների, տեսական ու մեթոդաբանական մոտեցումների և պրակտիկաների վրա: Դրանք հայաստանյան իրականության մեջ նորարարական են, հավասարակշռված և անկողմնակալ, ինչն էլ պայմանավորում է արդյունքների օգտագործելիության բարձր մակարդակը: Թիմը համապատասխան տեսական, գործնական և տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ՀՀ անվտանգության խորհրդին, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ՀՀ Առաքելական եկեղեցուն», – ասաց պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ միջազգային և հայաստանյան մշակութապահպան կառույցները, լրատվամիջոցները հաճախ են օգտագործում «Մոնումենտ վոթչի» նյութերը որպես չեզոք գիտական արդյունք և իրավիճակների անկողմնակալ փաստագրում: «Արդյունքները ներկայացվել են Եվրախորհուրդ, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն: Թիմը համագործակցում է ասպարեզի մի շարք կազմակերպությունների և խմբերի՝ Caucasus Heritage Watch-ի, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Save Armenian Monuments-ի հետ», – ասաց պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:
Հարթակի ստեղծմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Ֆորդի հիմնադրամը, Գյուլբենկյան հիմնադրամը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, անհատ հովանավորներ:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին