Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը ստում է, եթե եղել են արտաքին ինչ-որ ուժեր, երկրի ղեկավարին հարիր չէ առանց փաստի խոսել»․ Մետաքսե Հակոբյան

Մարտ 13,2024 16:50

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

-Տիկին Հակոբյան, Արցախի դեմ նախորդ տարվա սեպտեմբերի 19-ի հարձակման օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր,  որ «Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական անձանց համար ուղղակի սպառնալիք չկա»։ Իր ասուլիսում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է նման հայտարարություն արեց, Նիկոլ Փաշինյանն ասաց«Ես տեսնում էի, որ այդ թվում՝ օտար ուժեր, արտաքին ուժեր կան, ովքեր նաեւ դրդում են էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին եւ աջակցում են նրան, որ ԼՂ հայերը րոպե առաջ դուրս գան։ Ինչի՞ համար։ Որովհետև նրանք հայտարարել էին Հայաստանում իշխանափոխության մեկնարկը, եւ տեսնում էին, որ ՀՀ-ում իրենց ռեսուրսները չեն հերիքում հեղափոխություն անելու համար։ Եվ նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել ՀՀ, որպեսզի ՀՀ-ում իշխանափոխություն տեղի ունենար»։ Ինչի՞ մասին է խոսում Փաշինյանը։

– Ես ամեն անգամ փորձում եմ չզարմանալ դեղին մամուլի աստղի հայտարարություններից, որն այդպես էլ չդարձավ ոչ պետական, ոչ քաղաքական գործիչ։ Այն, ինչ ինքն ասում է, սուտ է։ Եթե եղել են արտաքին ինչ-որ ուժեր, ես կարծում եմ՝ երկրի ղեկավարին հարիր չէ ըստ օդում կախված լուրերի կամ առանց փաստի խոսել, ժողովրդին կասկածի ու խառնաշփոթի մեջ գցել։ Եթե արտաքին ուժեր եղել են, որոնց մասին խոսում է ինքը եւ որոնց մասին մենք տեղյակ չենք, ես կարծում եմ՝ դրանում մասնակցություն ունեն հենց իրենք՝ Հայաստանի իշխանությունները։ Այն բոլոր գործընթացները, որոնք տեղի էին ունենում, այն պրոյեկտները, որոնք ստեղծվել էի Արցախում Հայաստանում տեղի ունեցած 2018 թվականի իշխանափոխությունից հետո եւ ժամանակ առ ժամանակ ակտիվանում էին, եթե որեւէ բան կա, ապա իրենց մասնակցությամբ է դա եղել։

Դուք բազմիցս տեսել եք, թե այդ ընթացքում ինչպես էին թիրախավորվում ռուս խաղաղապահները, իբրեւ թե Արցախի ժողովրդի կողմից, բայց ընդամենը մի քանի հոգի էին լինում։ Դրանք այն պրոյեկտներն էին, որոնք ամեն ինչ արեցին, որ այսօրվա իր հնչեցրած ձեւակերպումն իրական թվա։

Սկսած 2020 թվականից՝ մենք որեւէ վայրկյան անվտանգ չենք եղել։ Պատերազմից հետո կարճ ժամանակահատվածում եղել ենք անվտանգ, քանի դեռ չէին թիրախավորվել ռուս խաղաղապահները Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների կողմից։

Մեր խաղաղությունն ամբողջությամբ ավարտվեց 2022 թվականի 12-ին, երբ սկսվեց Արցախի շրջափակումը, եւ մենք կարճ ժամանակ անց հասկացանք, որ որեւէ մեկը մատը մատին չի տալու, որպեսզի տեղի ունենա ապաշրջափակում։ ՔՊ-ական պատգամավորներն այդ շրջանում հայտարարություններ էին անում, որ՝ ոչինչ 150 հազար արցախցիներին զոհենք, որպեսզի փրկենք 3 միլիոնին։ Նման հայտարարություններով էին իրենք հանդես գալիս ու ավելի սրում վտանգը, արագացնում այդ պրոցեսը, որը պետք է տեղի ունենար։ Ի՞նչ իշխանափոխության մասին է խոսում, ես չեմ կարող ասել, դրա մասնագետն ինքն է, ավելի լավ գիտի կամ լավ տեղյակ է այդ ուժերի մասին։ Արցախում տեղի էր ունեցել նախագահի հրաժարական, եւ կարճ ժամանակ հետո ընտրվել էր նոր նախագահ։ Ես կարծում եմ, որ դա եւս սցենար էր, որպեսզի մինչեւ սեպտեմբերի 19-ը Արցախի Հանրապետությունը գլխատվեր, Արցախն իշխանություն չունենար։ Իրենց սցենարում, ես կարծում եմ, Արցախի իշխանություն չպետք է լիներ, որը չկատարվեց։ Եվ սա իրենք հիմա փաթեթավորում ու ներկայացնում են իրենց ձեւով։

Փաշինյանն ասում է՝ նման հայտարարություն է արել, որպեսզի ԼՂ-ում հայերի մնալու համար հնարավորություն ստեղծվեր։ Այդ պայմաններում հնարավո՞ր էր ապրել Արցախում։

-Ինչպե՞ս եք պատկերացնում, ադրբեջանցի զինվորը զինված կանգնած է քո տան կողքին, եթե կա տարբերակ այդ պարագայում խաղաղ ապրելու, ես առաջարկում եմ, որ իրենք փորձեն այդ տարբերակը։ Մենք բազմիցս ասել ենք, որ արդեն սեպտեմբերի 19-ին ադրբեջանցի զինվորները Ստեփանակերտ քաղաքում էին, մասնավորապես, Կրկժան թաղամասի տների մոտ։ Եվ բնական է, որ հնարավոր չէր լինելու այդ պայմաններում մնալ Արցախում։

-Սեպտեմբերի 19-ի հարձակման օրերին Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում մեծ թվով զոհեր եղան, այդ թվում՝ երեխաներ, մարդիկ գերեվարվեցին, կտտանքների ենթարկվեցին։ Մի՞թե հնարավոր էր այս պայմաններում հայտարարել, որ քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում։

-Այո, հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 19-ին Սղնախ գյուղի գյուղապետ երկու տղաները զոհվեցին, զոհվեց նաեւ հայրը։ Այսինքն՝ հենց սկզբից թիրախը քաղաքացիական բնակչություն էր, հենց սկզբից սկսվեց այն, ինչն իրենց սցենարով պետք է ունենար հենց այս ավարտը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031