Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Հայաստանի պատմության թանգարանում արժեքավոր նմուշներ են վնասվել՝ ջեռուցման համակարգի փորձարկման աշխատանքների իրականացման ժամանակ առաջացած ջրի արտահոսքի հետևանքով։
Aravot.am-ը փորձեց թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանից մեկնաբանություն խնդրել կատարվածի վերաբերյալ, սակայն նա հեռախոսազանգերի չէր պատասխանում։ Նաեւ ընդունարանից փոխանցեցին, որ հեռախոսով հարցազրույցներ չի տալիս։
ԿԳՄՍ նախարարությունից էլ ասացին, որ խնդիրը թանգարանի տիրույթում է, ուստի մեկնաբանություն պետք է հենց թանգարանից ստանանք։
Ավելի ուշ Հայաստանի Պատմության թանգարանի հանրային կապերի բաժնից Aravot.am-ին հետեւյալը փոխանցեցին․ «Հավաստիացնում ենք, որ ջեռուցման համակարգի փորձարկման աշխատանքների իրականացման ժամանակ թանգարանային որևէ առարկայի անդառնալի կորուստ տեղի չի ունեցել և, իհարկե, չէր կարող տեղի ունենալ, քանի որ ողջ գործընթացը թանգարանի վերահսկողության ներքո է։
Կարդացեք նաև
Պահպանության հետ կապված, այո, որոշակի խնդիրներ առաջացել են, սակայն ճիշտ ժամանակին բոլոր ընթացակարգերով իրականացվել են համապատասխան միջոցառումներ և խնդիրն իր տրամաբանական լուծման գործընթացում է։ Կարող ենք նշել նաև, որ համակարգի որոշակի հատված արդեն լիարժեք փորձարկված է։
Եվս մեկ անգամ ուզում ենք նշել, որ թանգարանում պահվող որևէ մշակութային արժեքի անդառնալի կորուստ կամ, առհասարակ, որևէ կորուստ չկա և չի արձանագրվել»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Վիքիպեդիայից