Երեկ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի էր ունեցել փակ քննարկում ռեկտորի եւ պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ։ Համակոնսերվատորիական ժողովի արդյունքում կայացվել էր որոշում` կազմակերպել ստորագրահավաք` կոնսերվատորիայի` «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելու (այլ բուհերի հետ միավորելու, տեղափոխելու) դեմ։ Ստորագրահավաքի գործընթացը համակարգում է ԵՊԿ Ուսանողական խորհուրդը։ Ստորագրահավաքը սկսվել է այսօր, ժամը 10-ին՝ կոնսերվատորիայի ճեմասրահում։
Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը եւս միացել է ստորագրահավաքին։ Նա ասաց, որ չի կարծում, թե ստորագրահավաքը կարող է կանխել վերեւից կայացրած որոշումների իրագործումը, բայց միեւնույն ժամանակ ինչ-որ փոքր հույս ունի․ «Ես չեմ հիշում մի դեպք, որ ստորագրահավաքը փոփոխություն է մտցրել, ամեն դեպքում սա քայլ է, որ գործողությունների սկիզբ կարող է լինել»։
Դառնալով «Ակադեմիական քաղաք» գաղափարին, Հայկ Պետրոսյանն ասաց, որ լայն իմաստով այն լավ գաղափար է․ «Մի քանի տարի սովորում էի Փարիզում, իմ տեսածը այնտեղ այլ էր, ռազմավարությունը, քայլերի մշակումը, տեխնիկական ու տրամաբանական հարցերը շատ այլ կերպ էին, էստեղի նման շըփ-թըփ անելու չէին․․․
Ի դեպ, երաժշտագետ պարոն Մհեր Նավոյանը ամեն ինչի մասին շատ լավ ձեւակերպել է վերջին ժողովի ժամանակ։ Տպավորիչ էր նրա միտքը, որ վերջին անգամ Հայաստանում համալսարան փակվել է 15-րդ դարում, եւ ահա 6-7 դար անց կանգնած ենք նույն կոտրված տաշտակի առջև: Պատճառները շատ խորքային են։ Երեւի պետք է ազգովի հասկանանք մշակույթի իրական կարևորությունը, տեղն ու դերը մեր կյանքում, մեր պետության պահպանման հարցում»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ