Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավական գնահատական տալու փոխարեն, ավելի շատ քաղաքական գնահատական էիք տալիս»․ ԱԺ-ում պատգամավորը նախատեց փորձագետին

Մարտ 13,2024 16:02

Ազգային ժողովում տնտեսական հարցերի հանձնաժողովում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկման ժամանակ խորհրդարանի փորձագիտական վարչության անդամին ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը նախատեց, որ փորձագետը նախագծի վերաբերյալ մասնագիտական գնահատական չի տալիս, այլ՝ քաղաքական։

Նախագծով առաջարկվում է Քաղավիացիայի կոմիտեի կողմից մատուցվող մի շարք ծառայությունների համար սահմանել պետական տուրք, որն, ըստ հիմնավորման, միտված է ավիացիայի զարգացմանը եւ ավիացիայի բնագավառի մրցունակության գործող մակարդակի բարձրացմանը։

Պարոն Թամազյանը, որն ԱԺ փորձագիտական եզրակացությունը ներկայացրեց, ասաց՝ ակնհայտ հակասություն կա նախագծի եւ հիմնավորման մեջ։ Ըստ Թամազյանի, նախագծով առաջարկվում է 156 ծառայության համար նոր պետական տուրք սահմանել, որոնցից որոշների դեպքում տուրքը հասնում է մինչեւ 50 միլիոն դրամի։

Ավելի ուշ հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հստակեցրեց, որ վրիպակ է տեղի ունեցել, առաջարկվում է ոչ թե 50 միլիոն, այլ՝ 5 միլիոն դրամ տուրք սահմանել։

Թամազյանի խոսքով՝ եթե խնդիր է դրվում ավիացիայի մրցունակության բարձրացումը, ապա այսքան տուրքի սահմանումը ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենալու․ «Որպեսզի մրցունակությունը բարձրանա, առնվազն պետք է ապահովեր մրցակիցների համար հավասար պայմաններ, առնվազն հնարավորինս ցածր ինքնարժեք, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց ազատ միջոցները ուղղեն նոր մշակումներին, նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչի արդյունքում մրցունակությունը կբարձրանա։ Մեր բյուջետային հատկացումները կատարվում են միասնական դրամարկղի սկզբունքի վրա։ Այսինքն, որեւէ անմիջականորեն իրար միացված եկամուտ ու ծախս չկա, եթե դրանք առանձին ծրագրեր չեն։ Այստեղ այսպիսի ծրագիր չկա, սա զուտ ֆիսկալ նպատակ հետապնդող նախագիծ է, որը պետք է ավելացնի պետբյուջեի եկամուտները։ Բայց եթե ուզում ենք ունենալ երաշխիք, որ այդ գումարը պետք է ծառայի այս բնագավառի զարգացմանը, դրա համար պետք է ունենալ մշակված ծախսային ծրագիր, որը պետք է մտնի պետական բյուջե եւ այդ գումարը հատկացվի ոլորտին, ապա հետեւել, որ պետբյուջեից այդ գումարն ուղղվել է այս ոլորտին, այն զարգացա՞վ, թե՞ ոչ»։

Նախագիծը զեկուցող Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասաց, որ գուցե հիմնավորումը լավ չէ ձեւակերպած, բայց խնդիրն այն է, որ ավիացիոն ոլորտը բավականին մրցունակ է, եւ լուրջ տեխնիկական վերահսկողություն է պահանջվում այդ ոլորտի նկատմամբ, հակառակ դեպքու՝մ ընկերությունները կարող են խնդիրներ ունենալ միջազգային ուղղություններով չվերթներ իրականացնելիս․ «Այդ առումով այդ խնդիրը լուծելու համար այն մարմինը, որը դրանով զբաղվում է, պետք է որակավորված մասնագետներ ունենա բարձր աշխատավարձով եւ կարողություններով։ Իսկ այդ մասնագետները չեն գալիս պետական համակարգ, քանի որ մասնավորի մոտ ավելի բարձր են վարձատրվում»։

Սիմոնյանն ասաց, որ այս նախագծով ուզում են նաեւ աշխատավարձի խնդիրը լուծել։ «Կարեւորագույն խնդիրը տեսուչների խնդիրն է, դա լուծելու համար անհրաժեշտ է ֆինանսական միջոցներ աշխատավարձերի համար, եւ տարբեր ծրագրեր իրականացնելու համար»,-ասաց Սիմոնյանը։ Նա հավելեց, որ նախագծով առաջարկվող տուրքեր կան բազմաթիվ զարգացող եւ զարգացած երկրներում, որտեղ այդ գումարներով իրականացվում են համապատասխան ծրագրեր։

«Իմ ասածը ձեր ասածի հետ կապ չունի։ Ձեր ասածն այլ խնդիր է՝ վարձատրության։ Հիմնավորման մեջ գրում եք, որ ուզում ենք մրցունակությունը բարձրացնել, բայց անում եք քայլ, որը հակասում է մրցունակության բարձրացմանը ու տնտեսագիտական կոնցեպցիային։ Հիմա էլ են այդ ծառայությունները մատուցվում։ Եթե ինչ-որ ծառայության լիցենզավորման համար տրվելու է թուղթ, այդ թուղթը նույն ձեւով տրվելու է, դրանից որակը չի բարձրանալու։ Ես պետական տուրքերի ցանկում չեմ տեսել մի տուրք, որը կստիպի աշխատանքի, ծառայության որակ բարձրացնել։ Ո՞րն է երաշխիքը, որ այդ գումարը գնալու է այդ մարդկանց աշխատավարձի բարձրացմանը։ Գուցե ԱԺ-ում իմ աշխատավարձը բարձրանա, ինչ գիտեք»։

Սիմոնյանին ակնհայտորեն դուր չեկան Թամազյանի ասածները ․«Ձեր ասած՝ հակամրցակցային է․․․ լրացուցիչ հիմնավորման կարիք ունի»։

Թամազյանը արձագանքեց․ «Ես չասացի հակամրցակցային, ասացի․․․»։

Սիմոնյանը փորձագետին հորդորեց իրեն չընդհատել, ու շարունակեց․ «Ասացիք ազդեցություն է ունենալու, եթե ազդեցություն է ունենալու, դուք պետք է «կակ մինիմում» (նվազագույնը.-խմբ.) գնահատականը ներկայացնեք, թե ինչպես է մրցակցության վրա ազդեցություն ունենալու։ Խոսքը լիցենզիայի տրման մասին չէ, այլ՝ տրված լիցենզիայի նկատմամբ հետագա բարձր որակի վերահսկողության, որի համար պետք են բարձր որակի մասնագետներ»։

Հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ դիմեց Թամազյանին․ «Դուք իրավական գնահատական տալու փոխարեն, խոսում էիք նախագծի նպատակահարմարությունից ու ավելի շատ քաղաքական գնահատական էիք տալիս։ Դա ավելի շատ պատգամավորների գործառույթն է։ Ո՞րն է ձեր մասնագիտական գնահատականը, ոչ թե բովանդակության մասին, այլ՝ ձեր իրավասության սահմաններում»։

Ի պատասխան Վարդանյանի, Թամազյանն ասաց՝ մենք քաղաքական գնահատական չենք տալիս, ասացի՝ կա հակասություն, ես ասում եմ՝ եթե ֆինանսական բեռ եք դնում, ապա մրցունակությունն իջնում է, սա է մասնագիտական գնահատականը։

Վարդանյանը պնդեց, թե փորձագետն ավելի շատ նախագծի բովանդակության վերաբերյալ է կարծիք հայտնում, քան վարչության լիազորության սահմաններում տրվող գնահատական։

Բաբկեն Թունյանը միջամտեց, հիշեցրեց, որ ԱԺ փորձագիտական վարչությունը երեք տիպի գնահատական է տալիս՝ սոցիալական, իրավական եւ ֆինանսատնտեսական․ «Ֆինանսատնտեսականը պիտի հենց այդ հարցերին պատասխանի, թե որքանով օրենքն իր նպատակին կծառայի»։

Թունյանը թեեւ համաձայն էր փորձագետի կարծիքի հետ, բայց նշեց՝ քանի որ պետք տուրքը մինչեւ 5 միլիոն դրամ է սահմանվում, այլ ոչ թե 50 միլիոն, ինչպես նախագծի հիման վրա նշում էր փորձագետը, ապա նրա շեշտադրումը ահագին թուլանում է։

«Կարող է հիմնավորման մեջ պատճառահետեւանքային կապը լավ չի երեւում։ Եթե ասում եք, որ մրցունակության բարձրացման նպատակով է, գուցե դրա վրա աշխատենք, հստակեցնենք»,-ասաց Թունյանը։

Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց նախագծին, առաջարկվեց հիմնավորման մեջ հստակություններ մտցնել եւ շտկել վրիպակները։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031