«Վարչապետին լսե՞լ եք, ուրեմն ինչ լսել եք, էն էլ հասկացեք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, երբ հարցրեցին Տավուշի մարզից գյուղեր հանձնելու մասին:
Երեկ վարչապետն ասել էր, որ որոշ գյուղերի ենթակառուցվածքները մեր սահմանից դուրս են, հետեւաբար պետք է դրանք վերակառուցվեն, ինչի հետ կապված մոտ ժամանակներս կգնա Տավուշ ու կզրուցի բնակիչների հետ:
Լրագրողները հարցրեցին՝ դուք վարչապետի խոսքից ի՞նչ հասկացաք: Նա պատասխանեց. «Ասաց, որ էդ 4 գյուղերը մեր քարտեզների վրա չկան: Եթե մեր տարածքի մեջ է, ուրեմն մեր տարածքի մեջ է, եթե մեր տարածքից դուրս է, ուրեմն մերը չի: Էդ գյուղերը, որոնք թվարկել են ադրբեջանցիները, վարչապետը բառացի ասաց՝ այն գյուղերը, որոնք նրանք թվում են, Հայաստանի տարածքի մեջ չեն, եթե մեր տարածքի մեջ չեն, ուրեմն մերը չեն»:
Հարցին՝ ի՞նչ են անելու, պետք է հանձնեն Ադրբեջանի՞ն՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Նայեք, օրինակ, Վերին Ոսկեպարը, ենթակառուցվածքը այնպես է գծված, որ մեր տարածքից մինչեւ մյուս տարածք գնան, ճանապարհի մի հատված մնում է իրենց տարածքի մեջ: Հիմա մենք ունենք տարածք՝ Արծվաշենը, որ մտնում է իրենց տարածքի մեջ: Հիմա քննարկումներ պիտի գնան, թե Արծվաշենը ինչի հետ պիտի փոխվի: Քննարկում է գնում, դուք վռազում եք, թե՝ տվեցի՞նք: Նույնն էլ Տիգրանաշենը, որ էլի նորից իրանց տարածքով է անցնում: Քննարկումը թող գնա, վերջանա: Մի վռազեք»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ Բաքվից ասում են՝ մինչեւ սահմանազատումը պետք է այդ 4 գյուղերը տաք՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Ինքը շատ բան է ասում, ամեն ասած հո չե՞նք անում, քննարկում ենք»:
Հարցին՝ Գորիս-Կապան մայրուղին ինչի՞ տվեցին՝ նա պատասխանեց. «Դա ռուսներն են տվել: Ռուսների հետ էին կանգնած իրենք, ռուսական զորքն էր Շուռնուխով-բանով պահում: Մի օր էլ փակեց, ոնց որ Լաչինի միջանցքը, դա գնացեք հարցրեք ռուսական զորքերի հրամանատարին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ