Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտում ենք կորեական մշակույթը Հայաստանում

Մարտ 13,2024 13:28

2024 թվականի մարտի 7-ին երկրորդ անգամ Հայաստանում մի խումբ կորեացի կամավորների կողմից կազմակերպվեց «Կորեայի օր» մշակույթային միջոցառումը, որը տեղի ունեցավ Ավ․ Իսահակյանի անվան գրադարանում։

Հանդիպումը իրականացվեց “AMEI” (Mind Education Institute in Armenia– Հայաստանում մտքի կրթության ինստիտուտ) կազմակերպության դասախոս պարոն Կամ Սոն Դե-ի կողմից։ Հատուկ այդ միջոցառման համար Հարավային Կորեայից հրավիրվել էր IMEI-ի (International Mind Education Institute- Մտքի կրթության միջազգային ինստիտուտ) դոկտոր Չո Գյու Յուն։

Միջոցառմանը մասնակցեցին Կորեայի մշակույթով, պատմությամբ հետաքրքրվող կամավորներ, ուսանողներ, դպրոցականներ և նույնիսկ մեծահասակներ։ Միջոցառումը սկսվեց  «Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուզաննա Բարսեղյանի բացման  ելույթով։ Միջոցառման սկիզբն ազդարարեց “Righteous Stars Armenia” պարային խումբը, որը ելույթ ունեցավ “Make It shine” երգի ներքո։ Պարին հաջորդեց կամավորների երաժշտական կատարումը։ Նրանք երգեցին  “Even If I die”  երգը հայտնի «Հվարան» կորեական դրամայից։

Եղավ կորեերենի փոքրիկ դասընթաց, որին ինտերակտիվ մասնակցում էին միջոցառման ներկաները։ Նրանք սովորեցին երգել կորեական երգեր, այդ թվում նաև՝ կորեացի սոլո արտիստ IU-ի և BTS կորեական խմբի անդամ  V-ի “Love wins all” երգը։ Եղավ ասմունքի ժամ, որտեղ կորեերեն ասմունքեցին։

Ներկայացվեց կորեական հանբոկի (կորեական ազգային հագուստ) պատմությունը, նշանակությունը, տեսակները և կիրառելիությունը։

Դոկտոր  Չո Գյու Յուն խոսեց կորեական պատերազմի, տնտեսության, տեխնոլոգիաների, առողջ մտքի և դժվարությունները հեշտ հաղթահարելու մասին։ Դասախոսության ավարտին գրադարանի տնօրենը պարոն Չո Գյո Յունին որպես հուշ  գրադարանի անունից հանձնեց շնորհակալագիր և նվիրեց Մարտիրոս Սարյանի գիրքը։

Michyos խումբը հանդես եկավ պարով, նրանք պարեցին BTS կորեական խմբի “Boy with luv” երգի հնչյունների ներքո։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ վարպետաց դաս։ Մասնակիցները կարողացան իրենց լիովին զգալ Կորեայում։ Նրանք գունավոր թղթերից պատրաստեցին հանբոկներ, կային նաև գեղագրության (կալիգրաֆիայի) և հովհարնների վրա նկարազարդման դասընթացներ։

Մասնակիցներից Նառա Բաղդասարյանը կիսվեց իր կարծիքով․ «Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված։ Անցած տարի նույնպես ես մասնակցել եմ, և շատ լավ էր անցել միջոցառումը։ Սովորեցի պատրաստել թղթից հանբոկ, դա շատ հետաքրքիր գործընթաց էր։ Ես և իմ ընկերները շատ ուրախ կլինենք, որ հայ֊կորեական կապը պահպանվի, այս միջոցառումները, որոնք կազմակերպվում են, լինեն շարունակական»։

Միջոցառման կազմակերպիչ պարոն Կամ Սոն Դեն մեզ հետ զրույցում պատմեց․ «Մեր “IMEI”-ը (Մտքի կրթության միջազգային ինստիտուտ) ներկայումս մասնաճյուղեր ունի ավելի քան 100 երկրներում: Մենք Հայաստանում եղել ենք 2019թ-ին։ Ինչպես Կորեան, այնպես էլ Հայաստանը կառավարվում էր այլ երկրների կողմից և բախվել է բազմաթիվ դժվարությունների, բայց մենք տեսանք մի ազգ, որն իմաստություն ձեռք բերեց և կարողացավ գոյատևել: Ճիշտ այնպես, ինչպես Կորեան, որը չուներ ռեսուրսներ, մարդկային ռեսուրսների օգնությամբ հասավ «Հան գետի հրաշքին»։ Այն ժամանակ մենք տեսանք հայ ժողովրդի ներսում զարգացման ներուժը և որոշեցինք մասնաճյուղ հիմնել Հայաստանում։  Երբ Հայաստանում բացվի Կորեայի դեսպանատուն՝ մենք ակնկալում ենք երկու երկրների միջև ավելի սերտ ու ամուր հարաբերությունների զարգացմանը և հաստատում»։

Լուսինե Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031