Լրահոս
Օրվա լրահոսը

21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է․ ՔԿ-ն՝ Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողի սպանության մասին

Մարտ 13,2024 12:18

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ նախօրեին «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 12:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի 17-ամյա բնակիչ՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ, այդ թվում՝ կտրած ծակած, արյունահոսող վնասվածքներով: Բուժաշխատողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել, և նույն օրը՝ ժամը 13:00-ին, արձանագրվել է երիտասարդի մահը:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, որի արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նշված քոլեջի հարևանությամբ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 52/3 հասցեի մոտ:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման նյութի հետքեր, դեպքի վայրը տեսանկարահանող սարքի տեսագրությունները և ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք ականատեսներ, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Քննությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է սպանության շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 2003թ.:

Նախնական տվյալներով՝ տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցի շուրջ տևական ժամանակ անհամաձայնություն և անբարյացկամ հարաբերություններ են ձևավորվել, ինչի կապակցությամբ երիտասարդների միջև մի քանի վիճաբանություն է տեղի ունեցել, որոնցից մեկի ժամանակ 21-ամյա երիտասարդը կամ նրա մտերիմները վնասել են տուժողի կողմից վարած, վերջինիս հորը պատկանող ավտոմեքենան:

Դեպքից մի քանի օր առաջ կրկին վիճաբանություն է տեղի ունեցել երիտասարդների միջև, որի ժամանակ 17-ամյա երիտասարդը հայհոյել է 21-ամյա երիտասարդին, ով, ի պատասխան, վերջինիս սպառնացել է հաշվեհարդար տեսնել:

2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։ Երիտասարդների միջև կրկին վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները գետնին ընկած վիճակում շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան: Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված էական փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել է սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթին:

21-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նույն օրը որոշում է կայացվել վերջինիս, դատարան ներկայացնելու հիմքով, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031