Ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռազմատեխնիկական տեսանկյունից մենք, իհարկե, պատրաստ ենք։ Դրանք (միջուկային հրթիռները) մշտապես մարտական պատրաստության վիճակում են: Սա՝ առաջին, և երկրորդ, և սա նույնպես ընդհանուր առմամբ ճանաչված բան է, մեր եռյակը, միջուկային եռյակը, ավելի ժամանակակից է, քան ցանկացած այլ եռյակ: Իսկ այդպիսի եռյակներ միայն այստեղ են՝ մեր ու ամերիկացիների մոտ, փաստորեն։ Եվ մենք այստեղ շատ ավելի առաջընթաց ունենք։ Մերն ավելի ժամանակակից է՝ ամբողջ միջուկային բաղադրիչը։
Նրանք (ԱՄՆ-ն) հիմա խնդիր են դնում մեծացնել արդիականությունը, ունեն համապատասխան ծրագիր։ Նրանք զարգացնում են իրենց բոլոր բաղադրիչները: Մենք նույնպես: Բայց դա չի նշանակում, իմ կարծիքով, որ նրանք վաղը պատրաստ են միջուկային պատերազմ սկսել։ Մենք պատրաստ ենք»,- ասել է Պուտինը՝ ի պատասխան հարցի, թե Ռուսաստանն իսկապե՞ս պատրաստ է միջուկային պատերազմին։
Խոսելով մարտավարական միջուկային զենքի մասին՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում երբեք նման զենք կիրառելու անհրաժեշտություն չի եղել։
Կարդացեք նաև
Հարցին, թե նման միտք երբեք չի՞ եղել իր գլխում, Պուտինը պատասխանել է. «Ոչ: Սակայն ինչո՞ւ. մենք ունենք մեր սկզբունքները՝ պատրաստ ենք օգտագործել ցանկացած զենք, այդ թվում՝ ձեր նշածը, եթե խոսում ենք ռուսական պետության գոյության և մեր ինքնիշխանությանն ու անկախությանը սպառնացող վտանգների մասին։
Ամեն ինչ գրված է մեր ռազմավարության մեջ. մենք այն չենք փոխել»։