Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ OCCRP-ի՝  ՔՊ-ի 2022 թ. նվիրատվությունների հարցով պետք է կատարվի ամբողջական հետաքննություն

Մարտ 13,2024 11:41

«Ամերիկայի ձայն». Մարտի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձել է օրերս մամուլում մեծ հնչեղություն ստացած Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) և վերջինիս հայաստանյան գործընկեր «ՍիվիլՆեթի» հետաքննությանը, որը վերաբերում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022 թ-ի նվիրատվություններում ի հայտ եկած տարօրինակ փոխանցումներին։

Հիշեցնենք, որ հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ կուսակցության 2022-ի ֆինանսական հաշվետվությունում առկա են նվիրատվություններ, որոնք հարցեր են առաջացնում կուսակցության ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ: Ըստ OCCRP-ի և «ՍիվիլՆեթի»՝ «Հայաստանի տասը առանձին քաղաքներում ավագանու առնվազն տասը թեկնածու նույն օրը փոխանցել է ճիշտ նույնքան գումար: 26-ի դեպքում նվիրատվությունները կազմել են նվիրատուների տարեկան եկամտի և ընդհանուր խնայողությունների առնվազն կեսը՝ ելնելով նրանց ունեցվածքի հայտարարագրերից։ Չորս նվիրատվություն գերազանցել է մեկ անձի համար անհատական նվիրատվությունների օրենքով սահմանված առավելագույն շեմը՝ 2,5 մլն դրամը։» Բացի այդ, ՔՊ կուսակցության 31 նվիրատուներից 15-ը հերքել են նվիրատվություն տրամադրելու փաստը, իսկ մյուսները խուսափել պատասխանից:

Անդրադառնալով խնդրին՝ Նիկոլ Փաշինյանն, իր խոսքում, ընդգծել է, որ բարեփոխված օրենսդրությունն այսօր հնարավորություն է տալիս ապահովել թափանցիկության բարձրաստիճան: Նա գտնում է, որ նվիրատուները տեղյակ չեն եղել բարեփոխված օրենսդրության մասին, որն էլ հանգեցրել է, ըստ նրա, նման խնդրի:

«Եթե լիներ չարամիտ կազմակերպված մի բան, ապա այն կազմակերպվեր այնպես, որ այս հարցերը չէին ծագի:»

Վարչապետ Փաշինյանը ընդունել է խնդրի առկայությունը՝ այն, սակայն, որակելով քաղաքական, այլ ոչ թե քրեական բնույթի:

«Մենք ինքներս էլ հետաքննություն անում ենք, իրավապահներն էլ արել են։ Կա՞ այդտեղ պրոբլեմ՝ այո, այդտեղ կա պրոբլեմ։ Այդ պրոբլեմն այնպիսի՞ն է, որ հատել է Քրեական օրենսգրքի գիծը։ Ակնհայտորեն՝ ոչ, որովհետև նախաքննության մարմինները հետաքննել ու հանցակազմ չեն գտել»։

OCCRP-ի Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի հարցերով խմբագիր Ռոբերտ Դենիսը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում, սակայն, տարակուսում է՝ հրապարակման մեջ առկա են տարրեր, որոնք արժանի են իրավապահ մարմինների լուրջ հետաքննությանը:

«Ես չգիտեմ, թե ինչպես կարող է այս ամենը սխալ լինել: Կա հստակ սխեմա: Չեմ կարծում, որ այս մարդիկ սխալմամբ նվիրատվություններ են արել և հետո մոռացել դրա մասին։ Ամեն դեպքում, պետք է կատարվի ամբողջական հետաքննություն, որպեսզի պարզվի, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել»,- ասում է Դենիսը:

«OCCRP-ի» և «Սիվիլնեթի» հրապարակումը մեջբերում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանի տեսակետը, որը ևս համակարծիք է՝ հայտնաբերված փաստերը պետք է ուսումնասիրվեն պատկան մարմինների կողմից:

«Հայտնաբերված փաստերը նշանակալից են և լրացուցիչ մշակման, բացատրության և պատկան մարմինների կողմից գործողությունների կարիք ունեն»,- ասում է Այվազյանը:

Ռոբերտ Դենիսի պնդմամբ՝ ստացված նվիրատվությունների ծագումը մնում է անհայտ։

«Հիմնական խնդիրն այն է, որ կուսակցության ֆինանսական հաշվետվության մեջ որպես դոնոր թվարկված անձինք հերքում են իրենց դոնոր լինելը, կամ գոնե նրանցից մի քանիսը: Իսկ դա նշանակում է, որ գումարի ծագումը պարզ չէ։»

Հետաքննությունը պարզել է նաև, որ որոշ դեպքերում նվիրատուները կուսակցությանն են նվիրաբերել իրենց եկամուտների կեսից ավելին, իսկ որոշ դեպքերում ամբողջ եկամուտն ու խնայողությունները:

«Նրանք հայտարարագրել էին իրենց ունեցվածքը։ Դա մեզ թույլ տվեց պարզել, որ իրականում այդ մարդկանցից շատերը, ըստ կուսակցության ֆինանսական հաշվետվության, որոշ դեպքերում տվել են իրենց եկամտի 50%-ից ավելին՝ գումարած իրենց խնայողությունները, կամ էլ որոշ դեպքերում՝ իրենց ամբողջ եկամուտը՝ գումարած խնայողությունները:»,- ասում է Դենիսը:

Ռոբերտ Դենիսը տեղեկացրեց, որ OCCRP-ի գործընկեր «Սիվիլնետը» ուսումնասիրել է այլ կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները: Մենք այնտեղ չենք հայտնաբերել ֆինանսական նման սխեմաներ, ասում է նա:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031