Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք եւ Ադրբեջանը բալթյան երկրներ չենք, ու եթե դու անգամ համաձայն ես Ադրբեջանի հետ այս մոդելով ապրել, Բաքուն համաձայն չէ. Երվանդ Բոզոյան. «Հրապարակ»

Մարտ 13,2024 11:33

Փետրվարի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերից, եթե Ադրբեջանն էլ հրաժարվի իր հայցերից՝ ընդդեմ Հայաստանի։ Մինչդեռ տեղեկություններ կան, որ այդ հրաժարումը կարող է միակողմանի լինել՝ միայն Հայաստանի կողմից։

Հայաստանը Եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ 4 միջպետական հայց ունի, եւս մեկ գանգատ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում: Գանգատները վերաբերում են 44-օրյա պատերազմին եւ դրանից անմիջապես հետո եղած խախտումներին, գերեվարվածների դատավարություններին եւ ապօրինի բանտարկության հարցերին, մեր սուվերեն տարածքում ադրբեջանական ԶՈՒ ներկայությանը, արցախցիների բռնի տեղահանմանը եւ այլն։ Հարցը դիտարկեցինք իրավական, ազգային եւ քաղաքական տեսանկյունից։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը վստահ է, որ Հայաստանը չի կարող չգնալ միակողմանի զիջումների, որովհետեւ այս իշխանությունն օբյեկտիվորեն գտնվում է պատանդի կարգավիճակում ու հետդարձի ճանապարհ չունի, իսկ միջազգային դատարաններ ներկայացրած գանգատներից հրաժարվելն արեւմտյան ծագման գաղափար է։ «Կարծում եմ՝ իրենց դրսից խորհուրդ են տվել, որ մենք մեր հարաբերությունները հնարավորինս հարթենք, որպեսզի մենք՝ բոլորս, իրար հետ միասին՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, դուրս գանք ՌԴ ազդեցության դաշտից։ Արեւմուտքն ասում է՝ եթե դուք կարողանաք բալթյան երկրների նման իրար հետ միասնական հաշտության գաք, մենք ձեզ կաջակցենք, դուք կազատվեք ռուսների ազդեցությունից եւ հաշտ ու խաղաղ կապրեք։ Հիմա իշխանության են եկել մարդիկ, որոնք գուցե անկեղծորեն հավատում էին այս գաղափարին, բայց հանգամանքների բերումով իրենք էլ են սկսել հասկանալ, որ սա խաբկանք է, մենք եւ Ադրբեջանը բալթյան երկրներ չենք, ու եթե դու անգամ համաձայն ես Ադրբեջանի հետ այս մոդելով ապրել, Ադրբեջանը համաձայն չէ քեզ հետ ապրել, քանի որ քեզ չի դիտարկում որպես հավասար գործընկեր, իսկ Արեւմուտքը չունի Ադրբեջանի ախորժակը զսպելու լծակները»։ Ըստ Երվանդ Բոզոյանի՝ մենք Ադրբեջանի հետ հավասար չենք նաեւ խախտված իրավունքի առումով, եւ հավասարության նշան դնել մեր ու նրանց պահանջների միջեւ՝ չի կարելի։ «Մենք շատ ավելի տուժած վիճակում ենք, քան նրանք։ Մենք ունենք գերիներ, նրանք չունեն, մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտարկված է»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031