Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ թուղթ ուզում ես ստորագրի, թույլին չեն խնայելու: Պետք է բացատրել, կռիվ տալ, առեւտուր անել. Հենրիկ Քոչինյան. «Հրապարակ»

Մարտ 13,2024 10:40

Տրանսպորտի նախկին նախարար, Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը տարակուսած է իշխանությունների` հող հանձնելու պատրաստակամությունից, ասում է՝ թվարկված չորս գյուղերից երկուսի հանձնումը գուցե մեզ «ցավ չի տալու, մերը չեն եղել», սակայն Բաղանիս Այրումն ու Ներքին Ոսկեպարը, որոնք ինչ-որ փուլում հանձնվել են ադրբեջանցիներին, այնտեղ հայկական պատմամշակութային կոթողներն ապացուցում են դրանց հայկականությունը, եւ չի կարելի հանձնել, մանավանդ որ կոմունիկացիոն եւ անվտանգային խնդիրներ են առաջանալու։

«Ներքին Ոսկեպարով անցնող ճանապարհը՝ շուրջ 4 կիլոմետր, Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհի կողպեքն է, որը նաեւ Վրաստանին կապող միջպետական ճանապարհներից մեկն է։ Մյուսն անցնում է Ալավերդիով, բայց սա որակապես ավելի լավն է, այսինքն՝ հանձնելով դա, ըստ էության, փակվելու է միջպետական ճանապարհը։ Ճիշտ է՝ ժամանակին շրջանցող ճանապարհ էլ ենք սարքել, որ դիրքերից, կրակից հեռու լինի, բայց գիտե՞ք ինչ` երբ շրջանցող ճանապարհ ենք սարքում, թիկունք ենք, չէ՞, հետ քաշվում, կնշանակի՝ տարածք ենք կորցնում։ Մարդիկ, ի վերջո, որտե՞ղ են ապրում` որտեղ կան հաղորդակցություններ, եթե մենք ճանապարհը հեռացնում ենք, բնականաբար, մարդիկ էլ պիտի հեռանան-մոտենան ճանապարհին, իսկ այդ դեպքում ադրբեջանցիները սովորություն ունեն, քայլ-քայլ առաջ կգան։ Խորհրդային տարիներին էլ էր այդպես, մի ադրբեջանցի եթե գնում էր, հայկական գյուղում հովիվ էր աշխատում, մեկ էլ 2 տարի հետո տեսնում էինք մի ընտանիքը տասնապատկվել է։ Այսինքն՝ մոտ մի գյուղի տարածքի չափով առնվազն հետ ենք քաշվում, բացի դա` տեխնիկական անհարմարություններ են առաջ գալու, սարուձոր, բարձրադիր ճանապարհի ձմեռային պահպանությունն է դժվարանալու, տեղ կա՝ իջնում ես անտառով, դա էլ խոնավ է, ու դժվար է լինելու պահպանությունը, իսկ գործողը համեմատաբար հարթ տեղանքով գնացող ճանապարհ է»,- ասում է Քոչինյանը: Իսկ միջպետական ճանապարհի Վերին Ոսկեպարով անցնող հատվածը կառուցվել է 70-ականների վերջերին։

«Խորհրդային տարիներին գուցե Բաղանիս Այրումը, Ոսկեպարը հանձնվել են իրենց, բայց եկեք ավելի հետ գնանք՝ Ոսկեպարի հայկական եկեղեցին կառուցվել է միջնադարում, ինչ է՝ ադրբեջանցի՞ք են հայկական եկեղեցի կառուցել, կամ Քյարքին՝ Տիգրանաշենը, երբ տարածքային բաժանում է եղել, դա Նախիջեւանի մեջ չի եղել, հետո՝ խորհրդային տարիներին, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, տվել են նրանց, գուցե մերոնք չեն դիմակայել, որովհետեւ այդ տարիներին այն մթնոլորտն էր, որ եղբայրներ ենք, բոլորս միասին ապրում ենք։ Ես հիշում եմ՝ այդ տարիներին ադրբեջանցիներն իրենց անասուններին բերում՝ մեր սարերում էին արածեցնում, ու ոչ մեկը չէր ասում՝ ինչի է բերել»։

Ի դեպ, Տիգրանաշենի հանձնման մասին խոսակցությունները նույնպես ակտուալ են, սակայն Արարատի մարզի այդ գյուղն Ադրբեջանին տալը, Քոչինյանի խոսքով, նշանակում է, բառի բուն իմաստով, Սյունիքը կտրել․ «Հա, կա այլընտրանքային ճանապարհ՝ Վեդիով, բայց հիշում եմ՝ 91 թվականին, երբ կրակում էին Երասխի հատվածում, Վեդիով գնացի Սյունիք, դժվարանցանելի մի ճանապարհ, թվում է՝ Արարատի մարզ, լավ կլիմա, բարենպաստ եղանակ, բայց տեղեր կան, որ մարտ ամսին էլ կարող է կես մետր ձյուն նստած լինի, հետո ստիպված Երասխով դեպի Տիգրանաշեն գնացող ճանապարհի եզրով պատնեշ կառուցել։ Տիգրանաշեն տալը․․․ չէ, էլի, եկեք պատերազմ անենք, բայց Տիգրանաշենը չտանք։ Ի վերջո, ուզում ես խաղաղություն, պիտի պատրաստ լինես պատերազմի, ինչ թուղթ ուզում ես ստորագրի, թույլին չեն խնայելու։ Մի պահ ընդունենք, որ Տիգրանաշենն իսկապես ադրբեջանական է եղել, բայց պետք է բանակցել, ասել, միջազգային հանրությանն ապացուցել, որ սա իմ երկրի համար կենսական նշանակություն ունի, ինչպե՞ս են առեւտուր անում շուկայում, գուցե առաջարկեն՝ դրա փոխարեն մի քանի անգամ ավել տարածք տալ այլ տեղից, հիմա Տիգրանաշենը տալիս ենք նրանց ու այնտեղ գնացող ջրի ճանապարհը փակում ենք, ի՞նչ են անում, կասե՞ք, Նախիջեւանի՞ց են դույլերով ջուր բերելու։ Պետք է բացատրել, կռիվ տալ, առեւտուր անել․ սա է իմ պատկերացումը»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031