Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ամեն կողմից՝ փակուղի

Մարտ 13,2024 10:00

1967 թվականի հունիսին, երբ Իսրայելը միաժամանակ (եւ, ի դեպ, հաջող) պատերազմ էր վարում Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի եւ այլ երկրների հետ, բրիտանացի մի լրագրող դիմել էր իր երկրի նախկին վարչապետ Հարոլդ Մաքմիլանին՝ հարցնելով, թե ի՞նչ է նա մտածում Միջին Արեւելքի խնդրի մասին: «Միջին Արեւելքի խնդիր գոյություն չունի», – պատասխանել էր քաղաքական վետերանը: «Ինչպե՞ս թե՝ չունի», – զարմացել էր լրագրողը: Մաքմիլանը բացատրել էր. «Երբ մենք ասում ենք՝ «խնդիր», նկատի ունենք մի բան, որը լուծում ունի: Այն, ինչի մասին դուք հարցնում եք, որեւէ լուծում չունի»:

Այդ դեպքը հիշեցի վարչապետի երեկվա ասուլիսի հետ կապված: Այն իրավիճակը, որը նա է ներկայացնում, կատարելապես փակուղային է: Նույն անգլիացիներն օգտագործում են deadlock բառը, որտեղ կան ե՛ւ «մահվան» ե՛ւ «փականի» բաղադրիչները:

«Արտաքին ուժեր կային, ովքեր դրդում էին էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին, աջակցում, որ ԼՂ հայերը րոպե առաջ դուրս գան, որովհետեւ նրանք (այսինքն՝ արտաքին ուժերը – Ա.Ա.) հայտարարել էին ՀՀ-ում իշխանափոխության մեկնարկ»:

Դա նշանակում է.

1/ Հայ ժողովրդի ողբերգությանը Փաշինյանը նայում է իր աթոռի պրիզմայով:

2/ «Արտաքին ուժերը», այսինքն, ըստ ամենայնի, ՌԴ քաղաքական ղեկավարությունը եւ հատուկ ծառայությունները, կատարելապես ապուշ են, քանի որ չեն տեսնում, որ Հայաստանում իշխանափոխության լուրջ ներքին խթաններ չկան:

3/ Այդ «արտաքին ուժերը» (Պեսկո՞վը, Զախարովա՞ն) հայտարարել էին, որ Հայաստանում իշխանափոխություն է մեկնարկում: Դրանից հետո ի՞նչ կարելի է քննարկել այդ «ուժերի» հետ:

Բայց այստեղ կա եւս մի փակուղի: «Էթնիկ զտումներ կազմակերպող հիմնական ուժը» հաստատ Ադրբեջանն է: Բայց Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը միջազգային դատարանից Ադրբեջանի դեմ բողոքը հետ կվերցնի, եւ խաղաղության միֆական պայմանագիրը ստորագրելու դեպքում դա նույնիսկ տրամաբանական է համարում: Այսինքն՝ այժմ մենք համարում ենք, որ Ադրբեջանը լուրջ միջազգային հանցագործություն է կատարել (էթնիկ զտումներ), բայց իրավիճակի որոշակի փոփոխության դեպքում այլեւս այդպես չենք կարծի: Եթե նախօրոք ասում ես, որ հրաժարվելու ես քո խոսքերից, կարո՞ղ ես ակնկալել, որ այդ խոսքերին լուրջ են վերաբերվելու:

Գերիների հարցում նույնպես կատարյալ փակուղի է: Ադրբեջանցի գերու վերադարձը, պարզվում է, խոսում է «ՀՀ ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ժողովրդավարական էության մասին»: Առաջին անգամ եմ լսում, որ գերուն վերադարձնելը եւ դրա տեղը ոչ մի բան չստանալը ժողովրդավարության նշան է: Ինձ թվում է, դա լրիվ ուրիշ բանի նշան է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Անհնարին բան չկա։ Անհրաժեշտ է միայն ցանկություն, հնարավորություն և խելք: Բայց ոչ հանրապետության տարածքում։ Հանրապետության կառավարիչները ստեղծվել են միայն անձնական հարստացման համար:
    Զարմանալի է, որ Քոչարյանը, կատարելով իր «ինտերնացիոնալ պարտքը», Գայանայի «զարգացման» համար ստեղծեց դիվանագիտական հարաբերություններ ։
    Սերժ Սարգսյանը որոշեց գնալ դեպի արևելք և, կատարելով իր «ինտերնացիոնալ պարտքը», դիվանագիտական հարաբերությունների մեջ մտավ Պալաույի ու Տուվալույի հետ, ինչը հաջողությամբ օգտագործում է նաև ներկայիս «վարորդը» (ղեկը վարողը)։
    Դե, «ստեղծողի և հիմնադրի» մասին խոսելու կարիք չկա (Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտ, Բրունեյ Դարուսսալամ, Անտիգուա եւ Բարբուդա, Բենին, Բոտսվանա, Բուտան…):
    Հանրապետությունը չունի սեփական անվտանգության ծառայություն և երբեք չի ունեցել:
    Ադրբեջանի անվտանգության ծառայությունը (ԱԱծ) թափառում է տարածքում: Կա՞ մեկը, ով պետք է և կարող է խոչընդոտի: Անհավանական է:

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Կա մի շատ կարճ պատասխան – երբ գողը տնից է լինում, եզը երդիկից են հանում։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031