Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի «օմբուդսմենությունն» անող «ընդդիմադիրներն» այսպե՞ս են ցավում Արցախի համար

Մարտ 13,2024 12:00

Հայաստանյան ընդդիմադիրների համար հայկական պետական, ազգային օրակարգ, փաստորեն, գոյություն չունի

Հիշո՞ւմ եք քաղաքացի Սամվել Շիրինյանի կողմից Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ տեղադրված ծաղկեպսակները տեղաշարժվելու գործողությունն ինչպես որակվեց` ոտնձգություն ու անմիջապես դրան հետեւեց ՌԴ-ից Հայաստանին ուղղված հայտարարությունների, պահանջների մի ամբողջ տարափ:

Հիշեցնենք, նշյալ քաղաքացին այդ քայլով իր դժգոհությունն էր արտահայտել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունների առիթով, որն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ պնդումներին, ոչ ավել, ոչ պակաս ասել էր. «Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտումների մեղադրանքներին, մենք ցանկանում ենք, որպեսզի փաստեր ներկայացվեն։ Եթե կա որեւէ փաստաթուղթ ինչ-որ միջազգային կազմակերպություններից, որոնց Երեւանում հեղինակավոր են համարում՝ օրինակ, ՄԱԿ կամ այլ կազմակերպություն։ Եթե կա թեկուզ ինչ-որ փաստաթուղթ կամ հայտարարություն, որը վկայում է, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում եմ, բարի եղեք մեզ հղումներ տրամադրեք»։

Լենինգրադի երեխաների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ տեղադրված ծաղկեպսակներին «դիպչելու» դեպքից հետո Ռուսաստանը խստորեն դատապարտեց տեղի ունեցածը, Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն անմիջապես դիմեց ՀՀ գլխավոր դատախազին՝ քաղաքացի Սամվել Շիրինյանի գործողությունները ստուգելու խնդրանքով: «Սա Ռուսաստանի եւ Հայաստանի համար ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ», դեպքից հետո նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դեռ մինչեւ արցախցիների բռնի տեղահանումը Արցախից, տարբեր առիթներով անդրադառնում էինք փաստին, թե ինչպե՞ս են ռուս խաղաղապահների աչքի առաջ կատարվել այս կամ այն գործողությունները պաշտոնական Բաքվի կողմից, քաղաքացիական անձանց սպանությունից, տարբեր ագրեսիվ գործողություններից մինչեւ արցախցիների շրջափակումն ու տեղահանումը:

Ռուս խաղաղապահները չեն հեռացել Լեռնային Ղարաբաղից: ՌԴ ՊՆ-ն դեռ ամիսներ առաջ նրանց «բուռն» գործունեությունը հաստատող ինչ-որ կադրեր էր հրապարակում, հայտնելով, թե նրանք շարունակում են «ըստ արժանվույն» ծառայություն իրականացնել: Իհարկե, այդպես էլ անհայտ մնաց, թե արցախցիների բացակայությամբ նրանք ո՞ւմ եւ ինչի՞ց են պաշտպանում:

Ադրբեջանական իշխանությունների կողմից Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանների վերացման թեմային անդրադարձել էինք փետրվարի սկզբին: Այսօր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս խաղաղապահները համառորեն շարունակում են տարածքը «պահպանել» ու «պաշտպանել», ուրեմն, տեղի է խոսել նաեւ մեկ այլ թեմայով:

Գրեթե ամենօրյա ռեժիմով տեղեկություններ են ստացվում այն մասին, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները հետեւողականորեն ոչնչացնում Արցախի համաքրիստոնեական ժառանգությունը: Արցախի մշակութային ժառանգությունը վերացնելու փաստերի մասին լուրերի պակաս չկա: Ադրբեջանի իշխանությունների որդեգրած գիծը վկայում է ընդամենը մեկ բանի մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է հայկական ժառանգությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 17-ին Ֆրանսիայի սենատը բանաձեւ ընդունեց, որով դատապարտեց Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը: Մասնավորապես, բանաձեւով կոչ էր արվում «հարգել մշակութային եւ կրոնական ժառանգությունը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան», խստորեն դատապարտվում էր` ԼՂ-ում «հայկական հուշարձանների, մասունքների, հավաքածուների եւ մշակութային արժեքների նկատմամբ ոտնձգությունները»։ Ընդգծվել էր զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեի օրակարգում ԼՂ-ի ժառանգության պաշտպանության հարցը ներառելու հրատապ անհրաժեշտությունը եւ կոչ էր արվում Ադրբեջանին հեռացնել այդ կոմիտեից։

Ֆրանսիայի սենատը վերոնշյալ բանաձեւով նաեւ դատապարտել էր 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիան՝ Արցախի ժողովրդի դեմ, եւ կոչ էր արել այնպիսի պայմաններ ստեղծել, որոնք կերաշխավորեն արցախցիների անվտանգ վերադարձը հայրենի օջախներ։ Ֆրանսիայի սենատը փաստել էր, որ Արցախը լուծարված չէ, որ ղարաբաղյան խնդիրը դեռ վերջնականապես կարգավորված չէ։ Ավելին, բանաձեւում արձանագրվեց. «Ֆրանսիայի սենատն ամենավճռական կերպով դատապարտում է 2023թ. սեպտեմբերի 19-ին եւ 20-ին Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական հարձակումը, որը հանգեցրեց այնտեղ բնակվող գրեթե ողջ հայ բնակչության վտարմանը»։ Սենատը նաեւ հիշեցրել էր, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, որը տարածվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա, եւ այն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն խաղաղության միակ հնարավոր ճանապարհն է։ Կարեւորվել էր Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանությունը եւ ողջունել էին այդ նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի ստեղծումը, որը պետք է գործուղվի Արցախ եւ տեղում ծանոթանա իրավիճակին։

Հիմա անդրադառնանք մեկ կարեւոր հարցի` ո՞ւմ աչքի առաջ է Արցախում ոչնչացվում հայկական մշակույթը, համաքրիստոնեական ժառանգությունը… Ռուս խաղաղապահների աչքի առաջ, ինչպես ասում են՝ օրը ցերեկով:

Համացանցը հեղեղված է փաստերով: Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը` «Հայքի մշակույթի օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը, լուսանկարներով, տեսանյութերով ներկայացնում է եւ արձանագրում. «Ամենօրյա պարբերությամբ արձանագրում է վանդալիզմի տասնյակ դեպքեր։ Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգի կողմից ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացվել են բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ։ Ոչնչացվում է Շուշիի, Հադրութի եւ Ստեփանակերտի հայկական դիմագիծը։ Այս քաղաքականության նպատակն է ամբողջությամբ ոչնչացնել Արցախում գտնվող հայկական քաղաքակրթությունը, որ նաեւ համամարդկային արժեք ունի։ Այս ամենը ապացուցում է, որ Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի է»:

Ներկայացնենք «Հայքի մշակույթի օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջից ընդամենը վերջին մեկ ամսվա ընթացքում հրապարակված փաստերից մի քանիսը: «Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձավ Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Խաչատուրի Բաղրամյանի արձանը։ Արձանը գտնվում էր Ստեփանակերտում մարշալի անունը կրող փողոցում»։

Այնուհետեւ. «2020թ. սեպտեմբերի 27-ի թուրք-ադրբեջանաահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմից ու 2023թ. Արցախի ամբողջական հայաթափումից հետո Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության զոհ է դարձել Հադրութի շրջանի Ազոխ գյուղի Հայրենական պատերազմի եւ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, բռնազավթված Բերձորում հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` Խաղաղության հրապարակին հարակից բլրի վրա գտնվող, Փառքի հուշահամալիրը, ադրբեջանցի վանդալները պղծել են Ավետարանոցի հուշահամալիրը, Ադրբեջանի կողմից Արցախում մարշալ Խանփերյանցի (Խուդյակով) հուշակոթողի պղծումը, Արցախի Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում Հայրենական Մեծ պատերազմի եւ Արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը նույնպես ենթարկվել է մշակութային վանդալիզմի, ոչնչացվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրին, Ադրբեջանը ոչնչացրել է ադմիրալ Իսակովի կիսանդրին»:

«Հայքի մշակույթի օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջում բոլոր տեղեկությունների հետ միեւնույն ժամանակ հիշեցման կարգով արձանագրվում է. «Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի եւ հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954թ. առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգեւոր արժեքները։ Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում. «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն: ՌԴ քրեական օրենսգրքի 243.4 հոդվածի համաձայն՝ ոչ միայն ՌԴ, այլեւ նրա սահմաններից դուրս Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացման կամ դրանց դեմ ուղղված վանդալիզմի այլ դրսեւորումները համարվում է քրեական հանցագործություն»:

«Հայքի մշակույթի օմբուդսմեն» էջից մեկ այլ տեղեկություն. «Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձավ հայ մեծ գրող, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի արձանը։ Արձանը գտնվում էր գրողի անունը կրող դպրոցի բակում»։

Հաջորդը. «Ամբողջապես հայաթափված Արցախում Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձավ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Ադրբեջանական «APA TV»-ն 2024 թ. մարտի 1-ին հրապարակեց մի տեսանյութ, որից հստակորեն երեւում է, որ եկեղեցին օգտագործվում է որպես պահեստ՝ տարբեր իրեր, հատկապես՝ պլաստիկ շշեր պահելու համար: Խրամորթի Սուրբ Աստվածածին եկեղեցին ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումների թիրախում է հայտնվել նաեւ 1990-ական թվականներին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ: «Ադրբեջանցի» զավթիչների կողմից արձակած կրակոցների հետքերը պահպանվել են ինչպես եկեղեցու պատերին, այնպես էլ՝ եկեղեցու բակում գտնվող տապանաքարերի վրա: Խրամորթի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած վանդալիզմի մասին լուսանկարներ է հրապարակվել նաեւ «@MountainsOfKarabakh» տելեգրամյան ալիքում»:

Հաջորդ փաստը` նույն էջից. «Բռնազավթված Ստեփանակերտում հերթական վանդալիզմի դեպքն է գրանցվել։ Այս անգամ ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել  Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարը»։

Հաջորդը. «Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Այդ քաղաքականության նպատակն է Արցախում վերացնել հայկական քաղաքակրթությունն ու հայկական ինքնությունը։

Նշված քաղաքականության վառ ապացույց է հանդիսանում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղադրված՝ բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանի կիսանդրու քանդումը»։

Մյուս փաստը. «2024թ. փետրվարի 27-28-ն ընկած ժամանակահատվածում հրապարակվեց մի տեսանյութ, որում հստակորեն երեւում է, թե ինչպես է «ադրբեջանցի» վանդալը ոչնչացնում հերթական խաչքարը»։

«Հայքի մշակույթի օմբուդսմեն» էջից մեկ այլ գրառում. «Համացանցում հրապարակված հերթական տեսանյութից հստակ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի վանդալները շինարարական տեխնիկայի միջոցով ոչնչացնում Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրի գերեզմանոցը։ 2020թ. սեպտեմբերի 27-ի թուրք-ադրբեջանաահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմից ու 2023 թ. Արցախի ամբողջական հայաթափումից հետո Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության թիրախում են հայտնվել Շուշիի պատմական գերեզմանոցները, Հադրութի եւ Մարտունու շրջանների բնակավայրերի բազմաթիվ գերեզմանոցներ, Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի գերեզմանոցը, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը եւ այլն»։

Փետրվարի 27-ին նույն էջից տեղեկանում էինք. «Ադրբեջանի վարչախումբը ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարեւանությամբ գտնվող Շառլ Ազնավուրի հուշարձանը, որը կանգնեցվել է անվանի երգչի 100-ամյակի կապակցությամբ 2022-ին: … Ավելի վաղ ապամոնտաժվել են գրող Հակոբ Հակոբյանի, ազգային բարերար Ալեք Մանուկյանի, ռուսական համայնավար առաջնորդ Ալեքսանդր Մյասնիկյանի, սովետական զինվորականներ՝ Ադմիրալ Իսակովի, Անատոլի Զինեւիչի, Քրիստաֆոր Իվանյանի եւ այլոց հուշարձանները: Ապամոնտաժվել է նաեւ Արցախի Հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը՝ Ստեփանակերտի նույնանուն պուրակում: Համացանցում հրապարակվող նյութերից տեղեկանում ենք նաեւ, որ վանդալիզմի են ենթարկվում արցախյան ազատամարտում զոհվածների գերեզմանները»:

Հաջորդ տեղեկությունը ֆեյսբուքյան նույն էջից. «Ադրբեջանական «REAL TV» ալիքն իր յութուբյան հարթակում փետրվարի 4-ին հրապարակեց տեսանյութ՝ օկուպացված Ստեփանակերտից: Տեսանյութի նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցու խաչը հանված է։ Տեսանյութում բացակայում է նաեւ բակում գտնվող խաչքարը»:

«Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի էջից էլ վերջերս հայտնի դարձավ, որ Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Սարգիս եւ Սուրբ Գրիգոր եկեղեցիները ադրբեջանական մշակութային վանդալիզմի հերթական զոհն են դարձել. «Համացանցում հայտնվել է ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային վանդալիզմի հերթական փաստն ապացուցող հրապարակումը:

Համաձայն այդ հրապարակման՝ Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Գրիգոր եւ Սուրբ Սարգիս եկեղեցիների տարածքում (նյութի աղբյուրում վերջիններս ներկայացվում են որպես աղվանական) իրականացվելու են պարսպապատման եւ վերանորոգման աշխատանքներ: Լուսանկարներից պարզ է դառնում, որ եկեղեցու տարածքում արդեն իսկ սկսվել են շինարարական աշխատանքները. հանվել են Սուրբ Սարգիս եկեղեցու խաչը, արձանագիր քարերից մեկը, եկեղեցու տարածքից բացակայում են նաեւ խաչքարերի բեկորները»:

Հիշեցնենք, որ վերջերս Ստեփանակերտում շինարարական ծանր տեխնիկա օգտագործելով` ադրբեջանցիները քանդեցին Արցախի Ազգային ժողովի շենքը եւ Ազատամարտիկների միության գրասենյակը, ինչպես նաեւ` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։

Պետական մակարդակով Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման այս քաղաքական գիծը Ադրբեջանի կողմից ակնհայտ է: Մյուս կողմից նաեւ փաստ է, որ ԼՂ-ում շարունակում են մնալ նաեւ ռուս խաղաղապահները, հետեւաբար, պետք է արձանագրել, որ նրանց լուռ համաձայնությամբ է այս ամենը կատարվել ու դեռ շարունակվում է իրականացվել:

Հայաստանի իշխանությունը Արցախի թեմայից, ինչպես ասում են` «ձեռքերը լվացել է», այստեղ ամեն ինչ հասկանալի է: Իսկ ինչպե՞ս բացատրել Արցախի ցավով «տառապող» հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչների խորհրդավոր լռությունը, որոնք պատրաստ են աշխարհաքաղաքական ցանկացած թեմայով ելույթ ունենալ, բացատրել` «ինչը, որից հետո է…»: Նրանցից ոմանք, ի դեպ, Հայաստանին ֆրանսիական ռազմական մատակարարումների թեմայում այնքան են «խորացել» ու ռազմական ոլորտի այնպիսի գիտակներ են, որ նույնիսկ կարող են կարծիքներ հայտնել, թե ինչն է պիտանի, ինչը ոչ Հայաստանի համար, ու բնականաբար, նրանց համոզմամբ` բացի ռուսականից, այլ որակյալ զինտեխնիկա գոյություն ունենալ չի կարող… Թեեւ, ռուսական կողմը կարող է ՀՀ-ից վճարում ստանալ`բայց չմատակարարել այդ որակյալ զենքը Հայաստանին:

Հանրահավաքային հարթակներից, մամլո ակումբներում ասուլիսային ձեւաչափում, կլոր սեղանների ու համաժողովների քննարկումների շրջանակներում Հայաստանի ու Արցախի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականության ու ռուսական շահերի պաշտպանության գծով «օմբուդսմենություն» անող «ընդդիմադիրներն» այսպե՞ս են ցավում Արցախի համար:

Իհարկե, միամտություն կլիներ արցախցիների բռնի տեղահանումը «չնկատող» ռուս խաղաղապահներից ակնկալել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող արձագանք ու համարժեք պահվածք` պաշտոնական Բաքվի պետական գծին ի պատասխան: Այստեղ հայաստանյան ընդդիմադիր «հայրենասերների» խղճուկ վիճակն է զավեշտալի, ու արձանագրումն է ցավալի, որ` հայաստանյան ընդդիմադիրների համար հայկական պետական, ազգային օրակարգ գոյություն չունի: Նրանց համար կարեւորը միայն ռուսներին «թթու խոսք» չասելն է:

Ամփոփումը` այստեղ

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարները` «Հայքի մշակույթի օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ, 12.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031