Լրահոս
Օրվա լրահոսը

Այն ամենը, ինչ ուզում եք իմանալ սեռավարակների մասին, բայց ամաչում եք հարցնել․ պարզաբանում է մաշկավեներաբան Կարեն Վարդանյանը

Մարտ 13,2024 09:30

Սեռավարակների վերաբերյալ մի քանի «անհարմար» հարցեր ենք քննարկել ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության կենտրոնի՝ ՄԱԿ ուսումնական կենտրոնի ղեկավար, Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, բժիշկ-մաշկավեներաբան Կարեն Վարդանյանի հետ։

-Ինչպե՞ս են փոխանցվում սեռավարակները, արդյոք հնարավո՞ր է սեռավարակներով վարակվել լողավազանից, ուրիշի սրբիչն օգտագործելով կամ մեկ այլ անուղղակի եղանակով։

– Սեռավարակներն առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող խնդիրներ են։ Իհարկե, կան նաև արյունակոնտակտային ճանապարհով փոխանցվողներ, մորից պտղին կամ երեխային փոխանցվող, ինչպես նաև այնպիսիք, որոնք կարող են փոխանցվել մաշկ-մաշկ շփման միջոցով։ Ինչ վերաբերվում է կենցաղ-կոնտակտային ճանապարհին, ապա դա թեորապես հնարավոր է, բայց քիչ հավանական։ Հիմքում պետք է լինեն հիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, օրինակ` Ձեր նշած ուրիշի սրբիչն օգտագործելը սեռական օրգանների հատվածում՝ մեկը մյուսից անմիջապես հետո։ Լողավազաններից որևէ սեռավարակի ձեռքբերման հավանականությունը գրեթե զրոյական է, քանի որ ժամանակակից լողավազաններում ջուրը պատշաճ ախտահանվում է։

-Թվում է, թե բոլորը գիտեն կանխարգելման հիմնական մեթոդի մասին, սակայն խնդիրն արդիական է մնում․ ինչո՞վ է դա պայմանավորված՝ մարդիկ հնարավոր ռիսկերին լուրջ չեն վերաբերվո՞ւմ, կամ միգուցե հույս ունեն, որ խնդիրը կշրջանցի՞ իրենց։

– Կանխարգելման երկու ոսկե կանոն կա։ Առաջինը՝ փոխադարձ հավատարիմ զույգ լինելն է, և երկրորդը՝ պահպանակի օգտագործումը։ Զարմանալին այն է, որ դրանք նորություն չեն, ու կարծես թե բոլորն էլ գիտեն այդ մասին։ Այստեղ հարցը վարքագծի մեջ է։ Կա բավարար գիտելիք, բայց չկա վարքագիծը փոխելու ցանկություն։ Նման օրինակ է նաև ծխախոտի օգտագործումը՝ բոլորը գիտեն, որ դա վնասակար է առողջության համար, սակայն շատերը շարունակում են դա օգտագործել։ Եվ, ցավոք, կա նաև խնդրի մերժման հանգամանքը, մարդկանց թվում է, թե սեռավարակներն իրենց չեն սպառնում։ Դա ևս բացասական է անդրադառնում վարքագիծը փոխելու վրա։ Ի դեպ, վերոնշյալ կետերն արդիական են ամբողջ աշխարհում։

-Իսկ որո՞նք են առավել տարածված սեռավարակները (մասնավորապես մեր բնակչության շրջանում)։

– Բացի որոշ էնդեմիկ հիվանդություններից, որոնք հանդիպում են հիմնականում արևադարձային երկրներում, մնացած բոլորն էլ հանդիպում են մեր տարածաշրջանում։ Վիճակագրական տվյալներն, իհարկե, չեն արտացոլում իրական պատկերը, բայց ամբողջ աշխարհում պատկերն, ըստ ԱՀԿ տվյալների, այսպիսին է՝

  • Ամեն օր ամբողջ աշխարհում տեղի են ունենում սեռավարակների փոխանցման ավելի քան 1 միլիոն դեպքեր, որոնցից շատերն ընթանում են առանց ախտանիշների։
  • Տարեկան քլամիդիայի, հոնորեայի, սիֆիլիսի և տրիքոմոնիազի շուրջ 374 միլիոն նոր վարակ է արձանագրվում:
  • Հերպեսի վիրուսի (HSV) սեռական ախտահարումով մարդկանց թիվը գնահատվում է ավելի քան 500 միլիոն (15-49 տարեկան խմբում):
  • Սիֆիլիսի դեպքերը ևս գնալով շատանում են, տարեկան կտրվածքով մոտ 1 միլիոն հղի վարակվում է սիֆիլիսով, ինչը հանգեցնում է ավելի քան 350․000 ծննդաբերական անբարենպաստ ելքերի:
  • Ամեն տարի արգանդի վզիկի քաղցկեղից ավելի քան 311.000 մահ է արձանագրվում մարդու պապիլոմավիրուսի (HPV) վարակի հետևանքով:

-Ինչպե՞ս են դրսևորվում սեռավարակները, որո՞նք են հիմնական ախտանշանները, և կան արդյո՞ք անախտանիշ ընթացող տեսակներ, դրանք հայտնաբերելու ի՞նչ հնարավորություններ կան։ 

– Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ցանկացած անձ գիտի ախտաբանական արտադրության մասին, և այն դիտարկում է որպես սեռավարակի ախտանիշ։ Սակայն սեռավարակների ախտանշանները միայն դրանով չեն սահմանափակվում։ Վերքային մակերեսները, գերաճական գոյացությունները ևս սեռավարակների մասին կարող են վկայել։ Եվ եթե նորից անդրադարձ անենք սիֆիլիսին, ապա նրա գրեթե բոլոր ախտանիշները կարելի է շփոթել այս կամ այն մաշկային խնդրի հետ։ Ու հենց դրանով է պայմանավորված մեր՝ մաշկավեներաբանի մասնագիտության անհրաժեշտությունը։ Եվ, իհարկե, պետք չէ մոռանալ, որ այսօր սեռավարակների դեպքերի ճնշող մեծամասնությունն ընթանում է կա՛մ ավելի մեղմ արտահայտված ախտանշաններով, կա՛մ առհասարակ առանց ախտանշանների։ Ուստի միակ տարբերակը պարզելու՝ կա արդյոք սեռավարակ, թե՞ ոչ, լաբորատոր քննությունն է, որի անհրաժեշտությունը, նմուշառման ձևն ու տեղամասը, հետազոտությունների ծավալն ու տեսակը որոշվում է մաշկավեներաբանի կողմից՝ մանրամասն քննարկման արդյունքում։

-Սեռավարակների բուժման և լիարժեք ապաքինման ի՞նչ հնարավորություններ կան։

– Հակամանրէային դեղամիջոցներն, իհարկե, հիմնովին փոխել են բակտերիալ, սնկային և պարազիտար սեռավարակների բուժման և լիարժեք ապաքինման հիմնախնդիրները՝ դարձնելով դրանք բուժելի։ Սակայն առայսօր դեռ առկա է վիրուսային ծագման սեռավարակների լիարժեք ապաքինման հիմնախնդիրը, որոնք ունեն քրոնիկական ընթացք, օրինակ` սեռական հերպեսը, որը պահանջում է պարբերական կամ մշտական բուժում։

Մեկ այլ հանգամանքի վրա եմ ուզում հրավիրել բոլորիս ուշադրությունը։ Արդեն տևական ժամանակ ամբողջ աշխարհը բարձրաձայնում է հակամանրէային դեղամիջոցների անվերահսկելի օգտագործման արդյունքում դրանց նկատմամբ մանրէների կայունության զարգացման մասին։ Եվ եթե նախկինում ուղեցույցները հուշում էին տվյալ սեռավարակի դեպքում հակամանրէային այս կամ այն դեղամիջոցի մասին, ապա ներկայումս, օրինակ՝ գոնոկոկային վարակի բուժման համար խորհուրդ է տրվում հակաբակտերիալ միջոցն ընտրել՝ ելնելով գոնոկոկի զգայունության ցուցանիշներից։

-Իսկ ի՞նչ բարդությունների կարող են հանգեցնել։

-Եթե գլոբալ խոսենք, ապա սեռավարակներն ուղղակիորեն ազդում են սեռական և վերարտադրողական առողջության վրա, հանգեցնում անպտղության, քաղցկեղի և հղիության բարդությունների, ինչպես նաև մեծացնում են ՄԻԱՎ-ի փոխանցման ռիսկը: Դրանով իսկ համարվում են անհատների ու հանրային առողջապահական գերխնդիրներ, և դա է պատճառը, որ ԱՀԿ-ն սեռավարակները համարում է գերակա ուղղություններից։ Սակայն հարցն այլ եզրույթից պետք է դիտարկել։ Ոչ թե պետք է մտածել բարդությունների մասին, այլ պետք է հնարավորինս շեշտադրվի կանխարգելումը, սեռավարակներով անձանց վաղ հայտնաբերումն ու բուժումը՝ դրանք դարձնելով թիրախային ուղղություն։

-Երբեմն սեռավարակների պատճառով «փակ շղթա» է ստեղծվում՝ մի քանի անձանցից բաղկացած․ ինչը նաև մարտահրավեր է ներանձնային հարաբերությունների համար․ ինչպե՞ս են լուծվում նման խնդիրները, որոնք հոգեբանական, սոցիալական ենթատեքստեր ունեն նաև։

– Այո, սեռավարակներն առնվազն զույգի խնդիր է։ Սակայն երբեմն օղակում կարող են ներգրավվել այլ անձինք ևս։ Բժշկական տեսանկյունից կարևոր է այդ օղակի բոլոր անձանց բուժումը։ Հոգեբանական ու սոցիալական կողմն էլ, իհարկե, կարևոր է, ուստի բուժաշխատողները պետք է իրենց խոսքը կառուցելիս զերծ մնան հանդիմանող ու վիրավորող մտքեր արտահայտելուց։ Շատ ավելի կարևոր է շեշտադրել առողջ սեռական վարքագծի բաղադրիչները։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031