Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար ավելի կարեւոր է խոսքի արժեքը եւ դա որեւէ գումարով գնահատելի չէ». Լեւոն Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց

Մարտ 12,2024 20:25

Դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր որոշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը, փոխել գրավով։ Գրավի չափ սահմանեց 2 միլիոն դրամը՝ բավարարելով պաշտպան Արամ Վարդեւանյանի միջնորդությունն ամբողջությամբ: Կարեն Ֆարխոյանի գնահատմամբ, նշված խափանման միջոցը և դրա չափը կարող է զսպող ազդեցություն ունենալ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար, ինչը նաեւ Լեւոն Քոչարյանին հնարավորություն կտա, Աժ պատգամավոր, լիարժեք իրականացնել իր գործունեությունը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր շարունակվեց ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ քննվող գործով  դատական նիստ։

Հիշեցնենք, նախորդ նիստում Լևոն Քոչարյանի փաստաբանները միջնորդեցին խափանման միջոց՝ երկրից բացակայելու մասին արգելքը վերացնել, քանի որ Լևոն Քոչարյանը պատգամավորական գործուղում ուներ։ Դատախազները դեմ արտահայտվեցին։ Դատարանը՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց միջնորդությունը։ Հիշեցնենք նաեւ, որ Լևոն Քոչարյանը և Սերգեյ Ասատուրովը մեղադրվում են սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիր բերետավորների «օրինական պահանջը» չկատարելու և ոստիկաններին ծեծելու մեջ։ Ըստ իրավապահների՝ Լևոն Քոչարյանը ծեծի է ենթարկել 4 կարմիր բերետավորի։

Միջնորդությունը ներկայացնելիս, Արամ Վարդեւանյանը հայտարարեց՝ այս վարույթը հնարավոր է իրականացնել առանց որեւէ խափանման միջոցի, բայց արհեստական, ձեւական խափանման միջոց է կիրառվել, ինչի արդյունքում խոչընդոտվում է ԱԺ պատգամավորի աշխատանքի լիարժեքության ապահովումը։

Դատախազը նեղսրտեց՝ երեք դատական նիստ է, քննարկվում է խափանման միջոցի հարցը: Նա կարծում է, որ եթե պաշտպանական կողմը մի քիչ շրջահայացություն ունենար եւ խափանման միջոցը ոչ թե վերացնելու այլ փոփոխելու միջնորդություն ներկայացներ, հարցը նախորդ նիստում կավարտվեր ու արդյունքում շահելով 2,5 ժամ, նախնական դատալսումները կավարտվեին, կսկսվեին հիմնական դատալսումները։ Դատախազը պաշտպանական կողմին մեղադրեց՝ իրենց իրավունքներից եւ պարտականություններից բարեխիղճ չօգտվելու մեջ։

Դատախազը նաեւ հայտարարեց, որ ինքը ոչ թե ակնարկում է խափանման միջոցը փոխելու մասին, ինչպես Արամ Վարդեւանյանն է դատարանում հայտարարում կամ ինչպես Ալեքսանդր Կոչումբաեւը՝ լրագրողների հետ զրույցներում է ասում, այլ հստակ ասում է՝ ինչ կարող է անել, ինչը չի կարող. «Մենք այս միջնորդությանը սպասում էինք դեռ նախորդ դատական նիստում, բայց հիասթափություն ապրեցինք, քանի որ նույն միջնորդությունը ներկայացվեց, որը որ դատարանը մերժել էր»։

Իսկ տվյալ դեպքում՝ արձանագրելով, որ տեղի է ունեցել միջնորդության հիմքի փոփոխություն եւ ԱԺ աշխատանքով պայմանավորված, դատախազությունը դեմ չէ, որ Լեւոն Քոչարյանի նկատմամբ կիրառված գրավը՝ հանրապետությունից չբացակայելու արգելքը, փոխարինվի գրավ խափանման միջոցով։ Բայց, դատախազությունն առարկություններ ունի գրավի չափի վերաբերյալ. պետական այդ մարմնում չեն կարծում, որ գրավը կարող է զսպող մեխանիզմ լինել, ավելին, ԱԺ-ից գործուղումը գտնում են, որ ավելի խթանող հանգամանք կարող է լինել փախուստի համար։ Դատախազությունն առաջարկեց կիրառել 15 միլիոն դրամ գրավ, որը, իրենց համոզմամբ, կարող է ապահովել Լեւոն Քոչարյանի պատշաճ վարքագիծը։

Դատախազի այս նկատառումները վիրավորեցին Լեւոն Քոչարյանի պաշտպաններին: Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց՝ տպավորություն ունի, որ դատախազի խոսքի նախաբանը իրավական նոնսենս է: Խոսքը պաշտպանական կողմին ուղղված նախատինքներին էր վերաբերվում՝ իրավունքի չարաշահման մասով։ Պաշտպանը կարծում էր, որ դատախազի այդ հայտարարությունների տրամաբանական ավարտը պետք է լիներ՝ խնդրել դատարանին՝ միջնորդությունն առանց քննության թողնել։

Ինչ վերաբերվում է գրավի չափին, Էրիկ Ալեքսանյանը նկատեց՝ պետության կողմից չի կարող հենց այնպես, ինքնանպատակ գրավի չափ առաջարկվել, դա ճաշակի հարց չի, գրավիչ չափն առաջարկվում է անձի գույքային վիճակից ելնելով։ Դատախազը գրավի չափի վերաբերյալ հիմնավորումներ չներկայացրեց։

«Ինձ համար վիրավորական է այն, որ իմ խոսքի արժեքը այս բոլոր մարդկանց մոտ, ձեզ մոտ ավելի քիչ է, քան որեւէ գումար: Ինձ համար ավելի կարեւոր է խոսքի արժեքը եւ դա որեւէ գումարով գնահատելի չէ»,- դատարանում հայտարարեց Լեւոն Քոչարյանը՝ համոզմունք հայտնելով, որ եթե նոյեմբերի 6-ին ինքը պատգամավորական մանդատ չստանար, մինչեւ այսօր կալանավորված կլիներ ու նույն ոգեւորությամբ դատախազները կպնդեին, որ այս մարդը պետք է լինի կալանքի տակ: Նա համաձայն է դատախազի այն մոտեցման հետ, որ ժամանակ է պետք  խնայել եւ եթե այս՝ իր բնութագրմամբ՝ աբսուրդ, քաղաքական գործը չլիներ դատարանում, այս ամենը չէր լինի, դատախազն էլ իր շատ թանկարժեք ժամանակը կծախսեր շատ կարեւոր հանցագործների գտնելու վրա:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031