Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական արտադրության կարտոֆիլը ՌԴ շուկա չի մտնում․ Ազատանի գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում

Մարտ 12,2024 19:44

Շիրակի մարզի կարտոֆիլ արտադրող ամենամեծ համայնքի՝ Ազատանի նախկին ղեկավար Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ ֆերմերային ու գյուղացիական տնտեսությունները հայտնվել են անելանելի վիճակում, իրացման լուրջ խնդիր ունեն, իսկ պետությունն այս հարցում իրենց չի օգնում։

Ըստ նրա, արտադրանքը հիմնականում իրացնում էին Ռուսաստանի Դաշնության տարածքում, այն ամենամեծ շուկան է իրենց համար, սակայն այժմ այս երկիրը դարձել է ինքնաբավ, այնտեղ ևս բերքի ավելցուկ կա, կարտոֆիլը բավական էժան է։

Իսկ ռուսաստանցի այն գնորդները, որոնք հետաքրքրվում են Ազատանում արտադրված կարտոֆիլով, գյուղացիներին առաջարկում են ինքնարժեքի կես գինը վճարելով՝ տանել բերքը։

Այս առաջարկը բնականաբար ընդունելի չէ․ հատկապես, ըստ մեր զրուցակցի, կա նաև տեղափոխման խնդիր՝ Լարսի անցակետից անցկացման։ Իսկ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունները, ըստ Վարդան Իկիլիկյանի, ապրանքային կարտոֆիլը կարող են պահել 1-1,5 ամիս, դրանից հետո բացարձակ հայտնի չէ՝ ինչ է լինելու։

Վարդան Իկիլիկյանի համոզմամբ, եթե լինի պետության աջակցությունը, ապա Չինաստանն ու Հնդկաստանը կարող են դառնալ սպառման շուկա հայ գյուղատնտեսների համար, քանի որ այս երկրները չեն կարողանում թարմ կարտոֆիլ արտադրել։ Հետևաբար և կիսաֆաբրիկատ վիճակում Հայաստանում արտադրված կարտոֆիլը կարելի է հասցնել Հնդկաստան կամ Չինաստան։

«Իրականում գյուղացին և՛ սերմնացուի և՛ ապրանքային կարտոֆիլի իրացման խնդիր ունի։ Խնդիրն առաջացավ դեռևս աշնանը։ Ապրանքային կարտոֆիլի 70 տոկոսը իրացվում է աշնանը, մնացածը 30 տոկոսն է ձմռան և գարնան ընթացքում իրացվում։

Երկրում նոր կարտոֆիլ շատ ներկրվեց, յուրաքանչյուր տարի 2500 տոննա եվրոպական կամ Ե, Ա դասի կարտոֆիլ՝ սերմնացու կամ տնկանյութ էր ներկրվում երկիր, անցած տարի մոտ 4000 տոննա կարտոֆիլ ներկրեց, գյուղացիական տնտեսությունները ցանեցին և գումարած նաև տեղական արտադրության սերմերը, ցանքատարածություններն ավելացան։

Բնակլիմայական բարենպաստ պայմանների պատճառով բարձր էր նաև բերքատվությունը։ Հակառակն է սակայն իրացման շուկայում, չարտահանվեց կարտոֆիլը դուրս և իրականում տեղի շուկայում ապրանքային և սերմնացու կարտոֆիլի, առավել ևս վաղահաս կարտոֆիլի սերմնացուի ավելցուկ առաջացավ։

Այսօր ֆերմերային տնտեսությունների մոտ լճացած վիճակ է, այն դեպքում, երբ վաղահաս կարտոֆիլն իրացվում էր հիմնականում Արարատյան դաշտավայրում, Մասիսի, Էջմիածնի տարածաշրջաններում՝ ջերմոցային և վաղ ցանքերի համար։ Բնականաբար դրանք իրացվում էին մինչև նախորդ տարվա նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները։

Այս պահին մեծաքանակ՝ գրեթե 2000-2500 տոննա կարտոֆիլ միայն Ազատանի տարածաշրջանում կա, որը իրացված չէ և հույս էլ չկա իրացվելու, որովհետև կարծես Արարատյան դաշտավայրում էլ են սահմանափակում ցանքատարածությունները, հետևաբար գրեթե 95 տոկոսը ցանել, վերջացրել են»։

Ըստ մեր զրուցակցի, իրենք բոլոր իշխանությունների ժամանակ առաջարկել են պետական մակարդակով ստեղծել մեծածախ առևտրի շուկաներ, որոնք կկարողանան շուկայական հարաբերությունների վրա ազդեցություն գործել։

«Սակայն մինչև օրս պետությունը մնացել է անդրդվելի, չի ուզում մասնակցել մարկետինգի խնդիրներին, իմ կարծիքով՝ սա շատ բացասական երևույթ է, որ երկրում արտադրած ապրանքը ստիպված պիտի թափեն։ Եթե թափում են, այն շատ վատ անդրադարձ է ունենալու հաջորդ տարիների համար։

Այսօր վարչապետը տարբեր տեղեր ման է գալիս, ասում է՝ խելացի անասնագոմեր ստեղծեք, անասնագոմի խելացին ո՞րն է, ասեք, հասկանանք։ Անասնապահական մթերքների շուկան կարգավորեք, տեսեք ժողովուրդը նույնիսկ իրենց տան ննջասենյակներից մեկը կդարձնեն անասնագոմ ու անասուն կպահեն, եթե զգան, որ իրենք եկամուտ կստանան դրանից։ Ժողովուրդն ավելի լավ տնտեսվար է, ավելի լավ է հասկանում իր տնտեսությունը զարգացնելուց։ Պարզապես այստեղ խնդիրն արտադրելը չէ, խնդիրն իրացման շուկան է»,- ասում է Վարդան Իկիլիկյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031