Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ լայվով դիսկը ֆեյքերի ՊՈԱԿ-ից իմպերատիվ կերպով ուղարկել են իրավապահ մարմիններին և հրամայել հարուցել իմ նկատմամբ քրեական գործ»․ Նարեկ Մալյան

Մարտ 12,2024 19:33

«Որպեսզի պարզ լինի հանրությանն՝ ինչի մասին է խոսքը, ոնց է տեղի ունեցել քրեական գործի հարուցումն իմ նկատմամբ․ իմ լայվով դիսկը ֆեյքերի ՊՈԱԿ-ից իմպերատիվ կերպով ուղարկել են իրավապահ մարմիններին և հրամայել հարուցել իմ նկատմամբ քրեական գործ»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի գործով  դատական նիստի ընթացքում հայտարարեց Նարեկ Մալյանը։

Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ներկայացրեց միջնորդություն՝ դատաքննության ընթացքում ապացույցները ենթակա են որպես անթույլատրելի ճանաչման՝ մասնավորապես ոստիկանի զեկուցագիր, ամփոփագրեր, հանցագործության  մասին հաղորդումը, փորձաքննությունների եզրակացությունները, մի քանի ցուցմունքներ, քանի որ դրանք վերցված են այն սկավառակից, որն անհայտ աղբյուրից է․ «Բոլոր թվարկված ապացույցները հիմնված են միայն վերը նշված լազերային սկավառակում պարունակող տվյալների, տեսագրությունների վրա»։

Հիշեցնենք՝ Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց երկու ամսով: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար: Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»:

Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում:

Նարեկ Մալյանը, իր հայտարարությամբ անդրադառնալով այդ սկավառակին, նշեց․ «Քանի որ ֆեյքերի ՊՈԱԿ-ն ավելի բարձր տեղում է գտնվում, հետևաբար իրավական համակարգն ափալ-թափալ օրենքի ամենատարբեր խախտումներով հարուցել է քրեական գործ։ Նույնիսկ չի էլ նշվել, թե ոնց է այդ դիսկն իրենց ձեռքում հայտնվել։

Հետո արդեն ամբողջ իրավապահ համակարգն Աննա Վարդապետյանի հանճարեղ գլխավորությամբ այս քրեական գործը փորձում է կեղծիքներով, պակաս-պռատ բաներով, ապօրինի փորձաքննություն ուղարկելով այնքան, մինչև իրենց ուզած արդյունքը ստանան։ Նպատակն ակնհայտ է։ Նպատակն ինձ հնարավորինս երկար բանտարկված պահելն է, ինչին ես դեմ չեմ, եթե իմ խոսքի ազատության գինը բանտն է, ես պատրաստ եմ այդ գինը վճարել։ Ինչ-որ մի օր դուրս եմ գալու բանտից և բոլոր ապօրինություններ իրականացրած մարդկանց անհատապես պատժելու եմ»։

Տիգրան Աթանեսյանը, դիմելով նախագահող դատավորին, ասաց․ «Դուք հիմա իր հայտարարության հիման վրա պետք է քրեական գործ հարուցեիք․ հստակ մատնանշում է անուն՝ ով է իրականացնում քաղաքական հետապնդումը։ Դրա վրա ուշադրություն դարձրեք»։

Նախագահող դատավորը որոշեց մերժել փաստաբանի միջնորդությունը և ասաց․ «Դատարանն իր որոշման հիմքում դնում է մեղադրողի կողմից նշված փաստարկները՝ ավելացնելով այն հանգամանքը, որ սկավառակի բովանդակության աղբյուրը գաղտնի չէ․ այն սոցցանցերից վերցված է, հասանելի բոլորին, հետևաբար չի կարող աղբյուրը հանդիսանալ գաղտնի»։

Տիգրան Աթանեսյանը հայտարարեց․ «Պետք չի, մի արեք, սա խայտառակություն է։ Ես չեմ ուզում իմ երկրի դրոշի և զինանշանի տակ սա տեսնել»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031