Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Մենք ՌԴ-ին ասում ենք՝ Արեւմուտքի ընկալմամբ՝ ոչ թե մեր վրա են հարձակվել, այլ՝ ձեր վրա, պաշտոնապես հնչում է, որ հարձակվել են՝ ՌԴ-ի ֆորպոստի վրա։ Մեզ ասում էին՝ մեր բարեկամին էդ ինչերի՞ մեջ եք մեղադրում»

Մարտ 12,2024 18:55

Aravot․am-ն այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի վերջո ի՞նչ գնահատական կտա հայ-ռուսական հարաբերություններին, արդյոք դրանք իսկապես դաշնակցային են, հիշեցնելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը․ «Երեւանը որոշել է խաղադրույք կատարել արտատարածաշրջանային երկրների վրա, որոնք սիրաշահում են, որպեսզի Հայաստանը խզի կապերը ՌԴ-ի հետ։ Մենք ցավում ենք, որ հայկական ղեկավարությունը փաստացի գիտակցված որոշում է կայացրել ու ՌԴ-ի հետ հարաբերությունները հետևողականորեն վատթարացնելու ուղի է ընտրել` Ռուսաստանին մեղադրելու այն ամենի մեջ, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ։ Իհարկե դա դաշնակցային չէ»։

Ի պատասխան հարցի, Փաշինյանն ասաց․ «Ինչո՞ւ Հայաստանը գնաց այդ ճանապարհով, որովհետեւ մենք հասկանում էինք, որ այն ուժերը, ովքեր հարձակվում էին ՀՀ-ի վրա եւ երբ արեւմուտքից նրանց հարցնում էին՝ էս ի՞նչ եք անում, ասում էին՝ էդ պրոռուսական երկիր է, այս գլոբալ պրոցեսի մեջ դուք ՌԴ-ի դեմ եք պայքարում, մենք էլ ենք Ռուսաստանի դեմ պայքարում՝ ի դեմս ռուսամետ Հայաստանի։ Մենք գալիս ենք ու Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին ասում ենք՝ հարգելի գործընկերներ, դուք քիչ չի՝ մեր անվտանգության երաշխավորի ձեր դերը չեք կատարում, հիմա էլ արեւմուտքի, մյուսների ընկալմամբ ոչ թե մեր վրա են հարձակվել, այլ ձեր վրա են հարձակվել, եւ մեր ներկայությամբ պաշտոնապես հնչում է, որ մենք հիմա հարձակվել ենք ոչ թե ՀՀ-ի վրա, այլ ՌԴ-ի, կներեք արտահայտությանս, ֆորպոստի վրա։ Բա ձեր վրա են հարձակվել։ Դա է խոսույթը, ՀԱՊԿ-ի վրա են հարձակվել։

Մեզ ասում էին՝ ոչ մեկ ձեր վրա չի հարձակվել, էդ թեթեւ տենց բան ա, հլը հայտնի չի՝ ով ում վրա է հարձակվել, հլը հայտնի չի, որ ասում եք օկուպացված է, էդ ինչ տարածք է, հլը հայտնի չի լիքը բաներ ու հլը հայտնի չի՝ ով է մեր բարեկամը, ով՝ ոչ։ Մեր բարեկամին էդ ինչերի՞ մեջ եք մեղադրում։ Աչքիս ուզում եք մեր ու մեր բարեկամի միջեւ հարաբերությունները վատացնել։ Բա մի րոպե, բա պայմանագիրը, բա կարմիր գիծը։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես հասկացել եմ, որ եթե դե յուրե այս արձանագրումը չանենք (նկատի ունի ՀՀ 29,800 քառակուսի կիլոմետր տարածքի ճանաչումը, Ն․Բ․), ՀՀ լուծարմանը ոչ մի բան չի խանգարելու, որովհետև այդ պլանն է, ուրիշ հարց չկա»։

Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցը վաղուց լուծված էր՝ 1996-ին, 2013-ին, առավելեւս՝ 2016 թվականին․ «Դա այն քիչ թղթերից է, որ չգիտեմ ոնց է մնացել արխիվների մեջ։ Էդ թուղթը ՀՀ եւ մի շատ կարեւոր երկրի արտաքին գործերի նախարարի խոսակցության սղագրությունն է եւ բանակցային փաթեթները։ Մեզ այնքան են ասել՝ Ղարաբաղի հարց, Ղարաբաղի հարց, այս կանենք, այն կանենք, կարմիր գիծ է, կապույտ գիծ է։ Մենք չենք հասկացել, որ այդ հարցը իրականում լուծված է, Հայաստանն են ուզում լուծարել։ Այս պետությունն են ուզում ծնկի բերել բարեկամական կենացների ներքո։ Դրա ապացույցը 2022-ի սեպտեմբերն է»։

Վարչապետն ասաց, որ ինքն այս խոսակցությունը պետք է 2019-ին ունենար․ «Չնայած, եթե ունենայի, հետագա ամբողջ իրադարձությունները կբացատրվեր՝ այ, դու անխոհեմաբար խոսացիր, դրա համար տենց էլ եղավ։ Բայց 2019-ին ճիշտ էր գալ ասել՝ ժողովուրդ Ղարաբաղի հարց չկա, եթե մենք ուզում ենք որեւէ արդյունք ունենանք, պետք է ընդունենք, վերադառնանք 1996-ի Լիսաբոնի խոսույթին, ասենք՝ մեր նշաձողը ԼՂ ինքնավար կարգավիճակն է Ադրբեջանի կազմում։ Բայց ում լեզուն կպտտվեր տենց բան ասեր։ Բայց պետական գործիչը պետք է ասեր՝ չմտածելով ոչ մի բանի մասին։ Նույնիսկ այդ կետից շատ իրատեսական սցենարներ կան, ու ամենաիրատեսականն այն է, որ մենք հիմա նույն կամ ավելի վատ կետում ենք, որովհետեւ ՀՀ բոլոր ելքերի առաջ դրված են եղել եւ շարունակում են դրված լինել թակարդներ՝ սիրուն, գույնզգույն ծաղիկներով, եւ առանց ծաղիկների, բայց թակարդներ»։

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031