Երեւանի ավագանու այսօրվա նիստում քննարկվեց եւ ընդունվեց միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը։
«Մայր Հայաստան» խմբակցությունը «ոչ թանկացմանը» գրությամբ պաստառներով դեմ արտահայտվեց այս նախագծին։
Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարեց․ «ՔՊ նախագծով առաջարկվող ամենաէժան գինը քաղաքացու համար կլինի այն դեպքում, երբ մեկ անձը տարեկան 90 հազար դրամ արժողությամբ փաթեթ գնի։ Երեք օգտվող ունեցող միջին ընտանիքը 270 հազար դրամ միանվագ փող պետք է ծախսի ընտանեկան բյուջեից, որ համեմատաբար էժան երթեւեկի։ Դուք լա՞վ եք պատկերացնում այդ գումարի չափը, թե՞ արդեն 2018-ի տղաներն ու աղջիկները չեք, որոնք հպարտանում էին իրենց աղքատությամբ։
Հիմա թավշյա կոչված հեղափոխականներից ոմանք դոլարային միլիոնատերեր են դարձել, իրենց ապրուստը կտրուկ փոխվել է, իրենց համար 300 դրամը փող չէ, տարեկան 90 հազար դրամ վճարելը քիչ է թվում։ Դուք աղքատությունը հաղթահարել եք ձեր գրպաններում, իսկ աղքատ որակված, հետո Պողոս անվանակոչված քաղաքացուն ինչպես կարողանում եք, կլպում եք։
Կարդացեք նաև
Էլ չենք խոսում այն մասին, որ արտաքին թշնամուն բերել հասցրել եք մեր դռների մոտ, եւ սրա վերջը չի երեւում։ Մեզ մեղադրում եք պոպուլիստական առաջարկ անելու մեջ, մինչդեռ ձեր առաջարկը թալանչիական է։ Ստվերը վերացրեք, տրանսպորտը թանկացնելու խնդիր չի լինի, ծախսերը ճիշտ պլանավորեք ու իրականացրեք, թանկացնելու խնդիր չի լինի։
Իսկ ամենաճիշտն այն կլինի, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հեռացվեք պետական կառավարման ղեկից, որ համ մեր երկիրն ապրելու շանս ունենա, համ այս արհավիրքներից խուսափենք, համ էլ քաղաքացին տուգանքի ու թալանի մատերիալ չդառնա»։
Մանուկ Սուքիասյանն ասաց, որ «Մայր Հայաստանը» դեմ է տրանսպորտի թանկացմանը եւ քվեարկությանը չի մասնակցելու։
Եվ այսուհանդերձ, Երևանի ավագանին ընդունեց տրանսպորտի սակագնի վերանայման մասին նախագիծը՝ 32 կողմ, 2 դեմ ձայներով։ Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ