Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրենավանում 7-ամյա բնակչի մահվան պատճառը՝ դժբախտ պատահար. քրեական վարույթը կարճվել է. ՔԿ

Մարտ 12,2024 18:24

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում պարզվել են Սուրենավան բնակավայրի 7-ամյա բնակչի մահվան ամբողջական հանգամանքները:

Ավելի վաղ տեղեկացվել է, 2023թ․ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:23-ին, Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի ակումբի տարածքում հայտնաբերվել է 7-ամյա երեխայի դի:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված օրը` ժամը 08:30-ի սահմաններում, Սուրենավան բնակավայրի միջնակարգ դպրոց գնալու ճանապարհին՝ «Մշակույթի տան» դիմաց, 7–ամյա տղայի և ընկերների հետևից եկել են 5 թափառող շներ: Երեխաները, վախենալով շների հարձակմանը ենթարկվելուց, շների հետապնդումից խուսափելու նպատակով, վազքով փորձել են անցնել մշակույթի տան դիմացի հատվածով, որի ընթացքում 7–ամյա տղայի ոտքը անզգուշաբար սայթաքել է սալիկապատ հատակին, և երեխան, բերանքսիվայր ընկնելով գետնին, գլուխը հարվածել է ճանապարհի եզրաքարին ու մահացել:

Դեպքի վայրի զննությամբ արնանման հետքեր չէին հայտնաբերվել, տվյալներ են ստացվել այն մասին, որ երեխային որևէ մեկը չի հրել, թափառող շներից փախչելու ընթացքում երեխայի կողքով որևէ մեկը չի վազել, ընկնելիս նրա կողքին որևէ մեկը չի գտնվել:

Հարցաքննվել են վկաներ, երեխայի մարմնի զննությամբ վերքեր և հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ նրա մահը վրա է հասել գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքային այտուցից` փակ, բութ գանգուղեղային և ողնուղեղային համակցված վնասվածքներ ստանալու հետևանքով, որը կարող էր առաջանալ վերը նկարագրված պայմաններում:

Նկատի ունենալով, որ երեխայի մահը այլ անձի գործողությունների հետևանք չէ, այլ մահվան պատճառը դժբախտ պատահարն է, քրեական վարույթը կարճելու որոշում է կայացվել:

Ենթադրյալ հանցագործության կատարմանը նպաստող պայմանների և պատճառների պարզման համատեքստում քննության առարկա է դարձվել նաև բնակավայրում թափառող  շների հետ տարվող աշխատանքների խնդիրը։

Պարզվել է, որ բնակավայրի դպրոցի հետևում առկա է կուտակված աղբ, որի մոտ գրեթե մշտապես թափառող շներ կան։ Դեպքի օրը դրանք գնացել են երեխաների հետևից, և այդ երևույթը եզակի չէ: Կենդանիները հանդիպում են նաև մանկապարտեզում և գյուղի տարբեր հատվածներում, շատ դեպքերում մարդիկ չեն կարողանում տանից դուրս գալ, տարածքում առկա մեծաքանակ շների պատճառով:

Վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պատշաճ կարգով չեն ձեռնարկվել` անհրաժեշտ և հնարավոր միջոցառումներ դպրոցի հետնամասում, հարակից բազմաբնակարան շենքերից կուտակվող աղբը կանոնավոր հեռացնելու կամ այդ հատվածում աղբի կուտակումը չթույլատրելու ուղղությամբ։ Բացի այդ, թեև համայնքապետարանի կողմից թափառող կենդանիների ստերջացման և վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով հայտարարվել է մրցույթ և առկա է հաղթող ճանաչված ԱՁ, սակայն այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները եղել են ակնհայտորեն ոչ բավարար:

Ելնելով վերոգրյալից՝ քննիչը միջնորդագիր է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ բացթողումները և թերությունները վերացնելու, բնակավայրում նշված ուղղություններով աշխատանքը կազմակերպելու, դրանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմները կատարելագործելու, ինչպես նաև, ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ, իրենց գործառույթների կատարման մեջ թերացած պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031