Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության ընտանեկան հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար Մայմունա Ալ Խալիլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության, կանանց և տարեցների հիմնահարցերի ոլորտներում համագործակցության ուղղություններին։ Քննարկվել է նաև ընտանիքի ինստիտուտի ամրապնդման և ավագ սերնդի արժանապատիվ ծերության ապահովման վերաբերյալ համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունը։
Ներկայացնելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նախարար Մկրտչյանը մանրամասնել է նաև խնամատարության ինստիտուտի զարգացման ու ապաինստիտուցիոնալացման քաղաքականության շրջանակում տարվող աշխատանքները։
Մայմունա Ալ Խալիլը նշել է, որ Սաուդիան Արաբիան մեծ փորձ ունի երեխաների խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի վերաբերյալ, և որ հայկական կողմի հետ ուրախ կլինեն այս ուղղությամբ անցկացնել փորձի փոխանակում։
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունների վերաբերյալ արդեն իսկ մշակված փաստաթղթի ընթացքը, որը հնարավորություն կտա նախատեսվող աշխատանքներն իրականացնել առավել կանոնակարգված։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ