Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտաքին ուժեր կային, ովքեր դրդում են էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին, աջակցում, որ ԼՂ հայերը րոպե առաջ դուրս գան, որովհետեւ նրանք հայտարարել էին ՀՀ-ում իշխանափոխության մեկնարկ»․ Փաշինյան

Մարտ 12,2024 18:16

Ես այդ հայտարարությունն արել եմ, որովհետեւ տեսել եմ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը րոպե առաջ դուրս գան, իմ ուղերձն այն էր, որ պետք չէ րոպե առաջ դուրս գալու մասին մտածել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով 2023-ի սեպտեմբերի 21-ի իր հայտարարությանը՝ այս պահին մեր գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա։

2023 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում ասել է՝ «Կան զանգվածային ոճրագործությունների մասին վկայող փաստեր, Ադրբեջանը ցանկանում է էթնիկ զտում իրականացնել, Լեռնային Ղարաբաղից ստացված պատկերները հիրավի ցնցող են. անօթևան կանայք, երեխաներ, սնունդ չունեցող տարեցներ, երեխաներին հուսահատ որոնող մայրեր, նրանք լաց են լինում վախից, մտածելով, որ ադրբեջանցիները կարող են կալանավորել ամուսիններին»: Նույն նիստում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ի պատասխան Միրզոյանի ելույթի՝ մեջբերել է Փաշինյանին, ասելով․ «Ինձ մնում է միայն խորհրդի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ընդամենը մի քանի ժամ առաջ Հայաստանի վարչապետն իր հայտարարության մեջ հերքեց բոլոր այս մեղադրանքները՝ հրապարակավ ընդունելով, որ Ղարաբաղում քաղաքացիական անձանց համար չկա ուղղակի սպառնալիք, և որ նրանց նկատմամբ զանգվածային ոճրագործությունների մասին պնդումները ճշմարիտ չեն»:

Aravot.am-ը Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Արարատ Միրզոյանին նման անհարմար վիճակի մեջ դրեցիք, հասկանալի է, որ ձեր խոսքում «այս պահին» եզրույթը բանալի բառն է, բայց հայկական կողմը ամիսներ շարունակ աշխարհին ասում էր, որ ԼՂ-ում էթնիկ զտման վտանգ կա, հայտարարությունից օրեր առաջ ԼՂ-ում ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորներ եւ զոհեր կային։

Փաշինյանն ի պատասխան ասաց, որ նման հայտարարություն է արել, որպեսզի ԼՂ-ում հայերի մնալու հնարավորություն ստեղծվի․ «Ինչո՞ւ ես կարող էի նման հայտարարություն անել, որովհետեւ ես տեսնում էի, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ԼՂ հայերը դուրս գան րոպե առաջ։ Իմ ուղերձն այն էր, որ պետք չէ րոպե առաջ դուրս գալու մասին մտածել։ Ասել եմ՝ էդ դուրս գալու սցենարը միշտ էլ կա։ Այդ պահին ռազմական գործողությունները դադարած են եղել, ինչը չի նշանակում, որ մենք քաղաքական գնահատականը փոխել ենք էթնիկ զտումների վտանգի։ Չեմ հիշում՝ իմ հայտարարությունից հետո ԼՂ քաղաքացիական բնակչության շրջանում սպանություններ եղե՞լ են, թե՞ ոչ»։

Ապա Փաշինյանը հիշեցրեց, որ Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի պայթյունը, նշելով՝ դա էլ րոպե առաջ դուրս գալու տրամաբանության մեջ էր, երբ ամբողջ կառավարումը կորցնելով՝ մարդկանց ասում էին՝ գնացեք էդ անգարներից բենզին վերցրեք՝ առանց վերահսկողության։

«Ես տեսնում էի, որ այդ թվում՝ օտար ուժեր, արտաքին ուժեր կան, ովքեր նաեւ դրդում են էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին եւ աջակցում են նրան, որ ԼՂ հայերը րոպե առաջ դուրս գան։ Ինչի՞ համար։ Որովհետև նրանք հայտարարել էին Հայաստանում իշխանափոխության մեկնարկը, եւ տեսնում էին, որ ՀՀ-ում իրենց ռեսուրսները չեն հերիքում հեղափոխություն անելու համար։ Եվ նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել ՀՀ, որպեսզի ՀՀ-ում իշխանափոխություն տեղի ունենար։ Այդ նկրտումները շարունակվում են։ Իրենց ընկալմամբ՝ նոր ռեսուրս է ձեւավորվել, որպեսզի օգտագործվի։ Երբ ես ասում էի՝ 1996 թվականից Լեռնային Ղարաբաղի հարց այլեւս գոյություն չի ունեցել, այլ գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց, կարող է այն ժամանակ ասել եմ՝ 98-ից, այո, գոյություն չի ունեցել։ 2023-ի սեպտեմբերին այդ նույն ուժերն ուզում էին, որ Հայաստանի հարցն էլ լուծեն եւ փակվի ամբողջը։ Ո՞նց եղավ, որ 2021 թվականի մայիսի 12-ին, ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժեցին այն ժամանակ, երբ խորհրդարանը լուծարված էր, վարչապետը հրաժարական էր տվել, երկրում ոչ կառավարություն կար, ոչ՝ խորհրդարան։

Մյուս կողմից մեզ ասում էին՝ ինչի՞ ռազմական գործողություններ չեն սկսում։ Ամբողջ հաշվարկն այն էր, որ մի հատ նոր պատերազմ սկսվի, ՀՀ-ն ի վիճակի չլինի ընտրություններ անցկացնել եւ որի արդյունքում 2021 թվականի ամռանը դե յուրե եւ դե ֆակտո տեղի կունենար ՀՀ լուծարում։ Սա է ամբողջ պատմությունը։ Այս պատմությունը 96, 97, 98 թվին է սկսվել զարգացել 99 –ի հոկտեմբերի 27-ով»,-ասաց Փաշինյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031